«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2002-02-26 | #37, 2002-02-27 | #38, 2002-02-28


«ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ» ԵՎ «ԱԴԱՆԱՆ» ՄԻԱՑԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ միացման որոշում են կայացրել «Արդշինբանկը» եւ «Ադանա» բանկը։ Այդ կապակցությամբ ԿԲ խորհուրդը, վկայակոչելով նման գործընթացների պաշտպանությունն ու խթանումն իր կողմից, որոշել է տրամադրել 5,5 մլն դոլար համակարգային վարկ։ Այն լինելու է արտոնյալՙ ցածր տոկոսով եւ երկարաժամկետ։ Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ այս երկու բանկերը փոխկապակցված են եւ բացի դրանից, կան պոտենցիալ ներդնողներ, որոնք ցանկություն ունեն «Ադանա» բանկի միջոցով խոշոր ներդրումներ կատարելու միացված բանկում։ Այս փաստը ենթադրել է տալիս, որ կուլ գնացողի դերում «Արդշինբանկն» է։ Դրա մասին է վկայում նաեւ ԿԲ հաղորդագրության մեջ հիշատակված «Արդշինբանկի» Երեւանի Կենտրոն բաժանմունքի կառավարչի կողմից կեղծ հաշվետվություններ տրամադրելու առիթով հատուցված քրեական գործի առկայությունը։ Այդուհանդերձ, Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ քրեական գործի հարուցումը չի կարող ազդել բանկի բնականոն գործունեության եւ բանկերի միացման վրա։

Հաղորդագրությունից նաեւ տեղեկանում ենք, որ ներկայումս միացման շուրջ բանակցում են եւս երեք բանկեր, եւ եթե այդ որոշումը կայացվի, ապա ԿԲ-ն կխթանի այդ գործընթացըՙ դարձյալ համակարգային վարկ տրամադրելու միջոցով։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4