Հանրապետականներն սպասում են... նախագահին
Հանրապետական կուսակցությունը երբեւէ այս ընթացքում չի հայտարարել, թե պաշտպանելու է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը գալիք ընտրություններում։ Այս ուժը երբեւէ չի հայտարարել նաեւ նախագահի սեփական թեկնածու առաջ քաշելու մասին։ Հիրավի հանրապետականները շատ ճկուն քաղաքականություն են փորձում վարել. մի կողմից չեն ուզում հակադրվել նախագահին եւ հայտարարել, որ նա իրենցը չէ, մյուս կողմից, այնուամենայնիվ, հասկացնում են, որ ամեն ինչ շատ հարաբերական է։
Ըստ էության հիմա հանրապետականներին հետաքրքրում է ոչ այնքան նախագահի գործոնը, որքան սեփական վարկանիշը բարձրացնելու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու խնդիրը։ Պատահական չէ, որ հենց այս շրջանում շշուկներ պտտվեցին, թե հանրապետականները ճնշումներով փորձում են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կուսակցությանն անդամակցել։
Սակայն ճնշումների մեթոդի կիրառման մասին միայն շշուկները չեն խոսում։ Օրերս խորհրդարանական «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե խորհրդարանական մեծամասնության կողմից իրենց խումբն աղճատելու, պառակտելու փորձեր են արվում։ Հիշեցնենք, որ այս խումբն իր կողմնորոշումներով մեծապես կախված է Հմայակ Հովհաննիսյանից, որը երբեւէ չի թաքցրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ունեցած համակրանքը։ Ըստ էության այս խումբն ամենախոշոր միավորումն էր, որը հստակ Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրություններն էր ներկայացնում պառլամենտում։ Այս տեսակետից Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն առավել քան հետաքրքրական էր, որն, ի դեպ, մնաց այդպես էլ անպատասխան։
Ակնհայտ էՙ հանրապետականները եւս սկսել են ընտրապայքարը։ Եվ որպես իշխանություն շատ ավելի մեծ լծակներ ունեն կիրառելու, քան մյուս բոլոր քաղաքական ուժերը։ Այս առավելության գիտակցումով էր պայմանավորված թերեւս, որ հանրապետական վարչության անդամ, ԱԺ-ում «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օրերս ՄԱԱ-ում հայտարարեց, թե խորհրդարանական ընտրություններին իրենք գնալու են միայնակ, սեփական ուժերով, առանց այլ քաղաքական ուժերի հետ դաշինքներ կազմելու։ «Միասնության» դաշինքի ապտակն ստացած հանրապետականներից նման հայտարարություն կարելի էր սպասել։ Սակայն քաղաքական դաշտում առկա ուժերի նոր դասավորությունները եւ հավակնությունները հաշվի առնելովՙ այդ հայտարարությունը նաեւ ժամանակավոր կարող է լինել։
Աջ դաշտում լուրջ դերակատարություն ստանձնելու հավակնություններ ունի եւ անշուշտ կունենա ՀՀՇ-ն, որի առկայությունն այս բեւեռում արդեն իսկ ապակայունացման տարրեր ունի։ Մի կողմից ՀՀՇ-ն լիդերության է ձգտելու իր քայլերով, մյուս կողմիցՙ ձախ ճամբարում նկատվող համախմբումներն առողջ աջ քաղաքական ուժերին հնարավորություն չեն տալիս ինքնադրսեւորվելու եւ ընտրություններում լուրջ հավակնություններ ունենալու։ Դրա դեմ պայքարելու թերեւս միակ լուրջ միջոցն աջ քաղաքական ուժերի համախմբումը պետք է լիներ, որի գլխավոր հեղինակը, որպես իշխանական ուժ, հենց հանրապետականները պիտի լինեին։
Հարց է առաջանումՙ ինչու ՀՀԿ-ն այս ճանապարհով չգնաց։ Միամտություն կլիներ կարծել, թե այս կուսակցության վարկանիշը հասարակության մեջ այնքան բարձր է, որ հանրապետականներն ինքնավստահ միայնակ են գնում ընտրությունների։ «Միասնություն» դաշինքի քայքայումից հետո դրա մասին խոսելը պարզապես միամտություն կլիներ։ Ամենայն հավանականությամբ հանրապետականներն ինչ-որ բանի սպասում են, որից հետո միայն հստակ դիրքորոշում կարող են հայտնել նախագահական թեկնածուի մասին։ Այդ առանցքային եւ անորոշ խնդիրը պայմանավորված է այն բանով, թե ինչպիսին կլինի նախագահ Քոչարյանի հետագա վերաբերմունքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդեպ, նույնն էՙ հանրապետականների։ Եթե հաշվի առնենք Արտաշես Թումանյանիՙ ներկայիս նախագահի աշխատակազմի ղեկավարի անվան շրջանառության մեջ գտնվելը, ապա ակնհայտ է դառնում, որ Անդրանիկ Մարգարյանն իր աթոռին այդքան էլ հարմար ու հանգիստ չի զգում։ Եթե մինչեւ ընտրություններ ընկած ժամանակահատվածում վարչապետը փոխվի, հանրապետականները կհայտարարեն, թե չեն պաշտպանելու Ռ. Քոչարյանի թեկնածությունը եւ չեն էլ պաշտպանի։ Եվ քանի որ աջ դաշտում առկա խոշոր ուժերը պաշտպանում են Ռ. Քոչարյանին, ապա այդ ժամանակ վերջիններիս հետ ՀՀԿ-ն մեկ միավորման մեջ պայքարել չէր կարող։ Ահա թե ինչու ՀՀԿ-ն ոչ նախաձեռնեց աջ ուժերին համախմբելու գործընթացը, ոչ էլ հայտարարեց, թե ում է պաշտպանելու ընտրություններում։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ