«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2002-02-26 | #37, 2002-02-27 | #38, 2002-02-28


ԱՄՆ-Ը ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Շեւարդնաձեն Վրաստանի Պանկիսի կիրճը դարձրեց անկլավՙ ամերիկյան զորքերի համար

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Գերմանական հեղինակավոր «Die Welt» օրաթերթը փետրվարի 27-ի համարում գրում է, որ Վրաստանի լեռնային շրջաններ է տեղափոխվել «Spezialkrafte» էլիտար ստորաբաժանումների հատուկ նշանակության ջոկատ։ Գերմանիայի Բունդեսֆերի (պաշտպանության նախարարություն) զինվորների գաղտնի մասնակցությունը հակաահաբեկչական գործողություններին Գերմանիայի քաղաքական կյանքում դարձել է սկանդալ։ Խորհրդարանի պատգամավորները կառավարությունից պահանջում են պարզաբանումներ, թե ինչու է թաքցրել Պանկիսի կիրճ զինվորներ ուղարկելու փաստը։ Հետեւեց Բունդեսֆերի բացատրությունըՙ երկարատեւ լռությունը պայմանավորված էր գործողությունների անվտանգությունն ապահովելու նկատառումներով։

Վրաստանի պետանվտանգության փոխնախարար Իրակլի Ալասանիան երեկ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերով հերքեց գերմանական թերթի տեղեկությունները։ «Տեղեկությունները, թե օտար պետությունների հատուկ նշանակության զինվորական ջոկատները ներգրավված են Վրաստանի Պանկիսի կիրճի հակաահաբեկչական գործողություններում, չեն համապատասխանում իրականությանը», ռուսական HTB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Ալասանիան։ Տեղեկությունը հերքեց նաեւ պետանվտանգության նախարար Վ. Խաբուրձանիան։ Իսկ ահա, Վրաստանի ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ջոնի Փիրցխալաիշվիլին ռուսական PTP հեռուստաընկերությանն ասաց, որ Թբիլիսիում է ամերիկյան հինգ հոգիանոց փորձագետների խումբը։ Ըստ Փիրցխալաիշվիլու, ամերիկյան զինվորական փորձագետների խումբը Վրաստանում աշխատում է 2001 թ. աշնանից։

Երեքշաբթի երեկոյան միաժամանակ ամերիկյան մի քանի հեռուստաընկերություններՙ վկայակոչելով Պենտագոնի եւ ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչների, հաղորդեցին, որ մինչեւ շաբաթվա վերջը Վրաստան կուղարկվեն ամերիկացի զինվորականներ։ CBS-ի համաձայն, առաջին փուլում Վրաստան կուղարկվեն 100¬200 զինվորականներ, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է ավելանալ, Վաշինգտոնը Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողություններ է իրականացնելու Ֆիլիպինների օրինակով։ CBS-ը Վրաստանում ահաբեկչական գործողություններն անվանում է «ահաբեկչության պայքարի նոր ճակատ»։ Հեռուստաընկերության աղբյուրներն ընդգծում են, որ ԱՄՆ-ը ցանկություն չունի ներքաշվելու Չեչնիայի հակամարտության մեջ։

Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունները չավարտած ԱՄՆ-ը ռազմական գործողություններ սկսեց Ֆիլիպինների հարավում։ Երրորդը Ռուսաստանի հարավինՙ Չեչնիային սահմանակից Պանկիսը։

Վրաց-ռուսական 915 կմ-անոց պետական սահմանի շուրջ 80 կմ-ը վրաց-չեչենական հատվածն է։ Պանկիսի կիրճի բնակավայրերը (Շաթիլի, Մուցո, Բարիսախո, Օմալո, Չարգալի, Բիրկիանի), որոնք վարչականորեն պատկանում են Վրաստանի հյուսիսում գտնվող Ահմետայի շրջանին, Չեչնիայի գյուղերից բաժանվում են չեչենական դժվարանցանելի լեռներով։ Իրականում չեչենական Իտում-Կալեից, Շարոյից, Շատոյից, Կենիխից ավելի հեշտ է հասնել Պանկիսի բնակավայրերը, քան մայրաքաղաք Թբիլիսիից։ Պանկիսի մասին ռուսական, վրացական լրատվամիջոցները սկսեցին գրել ռուս-չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ։ Չեչնիայից 7 հազար փախստականներ անցան չեչենական լեռները եւ ապաստան գտան Պանկիսի 7 հազար մշտական բնակիչներիՙ ցեղակից կիստերի մոտ։ Մի քանի տարվա ընթացքում Պանկիս անցան ռուսական դաշնային ուժերի դեմ մարտնչող մի քանի հարյուր չեչեն գրոհայիններ։ Պանկիսի խիստ բնակլիմայական պայմանները հրաշալի են մարդորսության համար։ Սկզբնական շրջանում այդ բիզնեսն իրականացվում էր պաշտոնական Թբիլիսիի գիտությամբ, հետագայում չեչենները չցանկացան բաժին հանել վրացիներին։ Պանկիսում «իշխանությունն» անցավ չեչեն ահաբեկիչներին։ Այսպես, ամերիկացիների լավ բարեկամ Էդ. Շեւարդնաձեն Վրաստանի Պանկիսի կիրճը դարձրեց անկլավ, որտեղ ամերիկացիները նախապատրաստվում են հակաահաբեկչական գործողություններ չեչեն, արաբ, սեւամորթ ահաբեկիչների, «Ալ Ղաիդա» կազմակերպության դեմ։ Անուղղակիորենՙ նաեւ Էդ. Շեւարդնաձեի դեմ։

ԱՄՆ ռազմավարները Պանկիսում գործողություններ կիրականացնեն Ֆիլիպինների օրինակով։ Պենտագոնը նախ Մանիլա ուղարկեց ռազմական փորձագետների մի խումբ, որոնք իրենց ֆիլիպինցի գործընկերներին սովորեցրին, թե ինչպես պետք է նախապատրաստվել հակաահաբեկչական պայքարին, ապա ամերիկա-ֆիլիպինյան զորավարժություններ անցկացնելու նպատակով կղզում իջեցվեց ամերիկյան դեսանտ, ապա հետեւեց «Աբու Սայաֆ» ահաբեկչական գրոհայինների դեմ պայքարը։ Մի քանի օր առաջ Ֆիլիպիններում կործանվեց ամերիկյան մի ուղղաթիռՙ պատճառ դառնալով 10 զինվորների զոհվելուն։

«Նյու Յորք թայմսը» փետրվարի 27-ի համարում գրում է, որ Վրաստան մեկնող ԱՄՆ էլիտար ստորաբաժանումներին չի թույլատրվելու «ուղղակի մասնակցել հակահաբեկչական գործողություններին», բայց «նրանք կարող են պաշտպանվել իրենց վրա հարձակման դեպքերում»։ Հավելյալ տեղեկություններ է հաղորդում «Վաշինգտոն փոստը». «Պենտագոնն արդեն Վրաստանին փոխանցել է «UH-1H» մակնիշի տասը «Huey» ռազմական ուղղաթիռներ։ Վրաստանում հակաահաբեկչական գործողություններ սկսելովՙ Վաշինգտոնը երկու նպատակ է հետապնդում. ոչնչացնել Պանկիսում ապաստանած ահաբեկիչներին եւ ամրապնդել Էդ. Շեւարդնաձեի դիրքերը», գրում է «Վաշինգտոն փոստը», ակնարկելով, թե Պանկիսում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու ամերիկյան ծրագրին Վրաստանը եւ Ռուսաստանը տեղյակ են։ CBS հեռուստաընկերությունը նշում է, որ ԱՄՆ-ը նպատակ չունի հակաահաբեկչական գործողություններն իրականացնել Ռուսաստանի հետ։

Երեկ նախագահ Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, օրակարգի գլխավոր հարցըՙ Չեչնիա։ Պանկիսում ահաբեկչական գործողություններն իրականացվում են Մոսկվայի՞ գիտությամբ, թե՞ ոչ։ Ենթադրությունները թողնենք մի կողմ եւ մեջբերենք երեկ մեր ձեռքի տակ եղած պաշտոնական մի քանի հաղորդագրություններ։

ՌԴ արտգործնախարար Ի. Իվանովը Վաշինգտոնին երեկ նախազգուշացրեց չխառնվել Վրաստանի ներքին գործերին։ Մեկնաբանելով Պանկիսում ամերիկացի զինվորականների հայտնվելու հավանականությունըՙ Իվանովը նշեց, որ Մոսկվայի կարծիքով այդ քայլն ավելի կբարդացնի իրավիճակը։ OPT-ին տված հարցազրույցում արտգործնախարարը հիշեցրեց, որ Մոսկվան բազմիցս Թբիլիսիին առաջարկել է համատեղ ուժերով վերջ դնել ահաբեկչական սպառնալիքին։ Իվանովը հաստատեց Մոսկվայիՙ «եղբայրական վրաց ժողովրդին ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը»։

Վրաստանի պետանվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիան բացառում է ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի հետ Պանկիսում որեւէ գործողություն, բայց Թբիլիսին ակնկալում է Վաշինգտոնի եւ Մոսկվայի օժանդակությունը տեղեկատվական եւ տեխնիկական ոլորտում։ Իր հերթին ամերիկյան Fox հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ մարտի 11-ին Վաշինգտոնում, ապա Լոնդոնում սպասում են Խաբուրձանիային։ Վերջինս ակնկալում է ամերիկյան օգնություն վրացական ուժային կառույցներին։

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլ. Լուկինը HTB-ին ասաց, որ, իր կարծիքով, Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնեցված են գործում։ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Մ. Մարգելովը, ըստ ԻՏԱՌ¬ՏԱՍՍ-ի, համոզված է, որ «առանց երկկողմ խորհրդակցությունների հնարավոր չէ»։ «Ինտերֆաքսը», հղում անելով Թբիլիսիի աղբյուրներին, «չի բացառում, որ Մոսկվան համաձայնել է, որ ամերիկացիները հակաահաբեկչական գործողություններ իրականացնեն Պանկիսում», իսկ դրա դիմաց Մոսկվան կարող է լիովին վերահսկել Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Թբիլիսիի իշխանությունները չեն վերահսկում Աբխազիան, Պանկիսը, բարդ է վիճակը Աջարիայում եւ Ջավախքում, հիշեցնում է «Ինտերֆաքսը»։

Հայաստանի իշխանություններին մնում է ավելի մոտիկից հետեւել Պանկիսում եւ Վրաստանում ընթացող իրադարձություններին։ Դրանք, մեղմ ասած, մտահոգիչ են։ Տպավորությունն այնպիսին է, որ ընդհանուր առմամբ Վրաստանը չի կառավարվում, իսկ նախագահ Շեւարդնաձեն սպառել է տարիներ շարունակվող մերթ Մոսկվայի, մերթ Վաշինգտոնի կողմը «թեքվելու», երկու տերությունների հակասություններն ի նպաստ Վրաստանի օգտագործելու պաշարները։ Հարեւան հանրապետությունից իշխանափոխության հոտ է փչում. այսօր Շեւարդնաձեին չեն վստահում ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Մոսկվան եւ ո՛չ էլ վրացի ժողովուրդը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի չվստահելու իր պատճառաբանությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4