Վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը թերեւս ամենից շատ աղմուկ հանեց։ Ազատ մամուլի «բերանը փակելու» (հույս ունենք, որ անհաջող) փորձը մեր պետական այրերի հերթական ինքնանպատակ քայլն էր։ Տխուր փորձը ցույց է տալիս, որ «ազգիս ընտրյալներն» ունակ են ընդունելու ամենաանհեթեթ օրենքները։ Թե ինչ հետեւանքներ կունենան դրանք հասարակության համարՙ կարեւոր չէ, միայն թե բխեն նրանց անձնական շահերից կամ գոնե չվնասեն դրանց։ Եվ այս մտավախությունն է, որ այս օրերին համախմբում է բոլոր ԶԼՄ-ներին։ Բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվում, եւ բոլորի եզրահանգումն էլ մեկն է. օրենքի նախագիծը փորձ է ձախողելու մեր երկրում ժողովրդավարության գործընթացը, եւ այնպիսի տեսքով, որ ունի հիմա, չի կարող ընդունվել։ Այս տեսակետն ունեն նաեւ Ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր մասնագիտությամբ լրագրող են։ «Ազգը» զրուցեց Աղվան Վարդանյանի, Սերգո Երիցյանի եւ Հայկ Բաբուխանյանի հետ։
Աղվան Վարդանյան («Երկիր» թերթի նախկին խմբագիր). «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը եւ դրա շուրջ բարձրացած աղմուկը հերթական անգամ մտածել են տալիս օրենքների ստեղծման մեխանիզմների մասին։ Արդարադատության նախարարությունը մշակել է, կառավարությունը հաստատել, մինչդեռ իրենքՙ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն անտեղյակ էին, նրանց հետ որեւէ քննարկում չի կազմակերպվել։ Պարզվեց, որ կառավարության անդամների գոնե մեծամասնությունը ծանոթ չէ օրենքի նախագծին, բայց հաստատել է։ Ինձ համար ակնհայտ է, որ այն չի կարող մեր այսօրվա իրավիճակին եւ միջազգային պարտավորություններին համարժեք դիտվել։ Արդեն իսկ մոտեցումը սխալ է, ձեւակերպումները նույնպես հուշում են օրենքի տրամաբանությունը. «...լրատվության գործունեություն իրականացնողը կարող է լրատվություն հայցել պետական մարմիններից...»։ Սա արդեն իսկ արատավոր մտածելակերպ է։
Ուզում եմ խոսել մեկ այլ ծայրահեղության մասին եւս։ ԶԼՄ-ները վերածվել են քաղաքական պայքարի ամենակեղտոտ, բացարձակ անպատասխանատու միջոցների, որոնք լկտի, ցինիկ կեղծիքներ են տարածում։ Սրանով նրանք ոչ թե նպաստում են ժողովրդավարության կայացմանը, այլՙ ընդհակառակը։
Կարծում եմ, որ ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը պետք է ապահովի ԶԼՄ-ների ամբողջական ազատությունը, միեւնույն ժամանակ սահմանի նաեւ պարտավորությունները։ Չորրորդ իշխանությունըՙ ազատ մամուլը պետք է կայանա եւ օգնի կայանալու մյուս իշխանություններին։
Օրենքի նախագիծն այն տեսքով, որ հիմա ունի, համոզված եմ, բացասական եզրակացության կարժանանա։ Ճիշտ ճանապարհը մինչեւ փորձագիտության ուղարկելը նախագիծը նորից քննարկելն ու պրոֆեսիոնալների կարծիքը հաշվի առնելն է։ Իսկ եթե օրենքն այս տեսքով մտնի Ազգային ժողով, մեր խմբակցությունը կողմ չի քվեարկի։ Կարծում եմ, օրենքին դեմ կլինի Ազգային ժողովի մեծամասնությունը»։
Սերգո Երիցյան («Կարծիք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, հեռուստալրագրող). «Օրենքի նախագծին պետք է նայել ոչ թե առանձին հոդվածների, այլ սկզբունքների տեսանկյունից, որոնք պետք է դրված լինեն նման օրենքների հիմքում։ Մամուլի ազատության սկզբունքը հիմնաքարային պետք է լինի, իսկ այս օրենքի պարագայում փորձ է արվում նեղացնել խոսքի ազատության շրջանակները։ Կառավարությունը փոխանակ առաջարկեր օրենք ԶԼՄ-ներին աջակցելու կայացման հարցում, առաջարկում է օրենք, որի պահանջների կատարումը կբերի ոչ միայն ազատության սահմանափակման, այլեւ նյութական կորուստների։ Եվ հետո, ինչո՞ւ օրենք զանգվածային լրատվության մասին եւ ոչ զանգվածային լրատվության միջոցների մասին։
Այս տեսքով օրենքը չի արտահայտում ժողովրդավարության ուղին հաստատուն բռնած երկրի նպատակները եւ չի կարող քննություն բռնել։ Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ ԶԼՄ-ներն ունենան անկախ եւ ազատ գործելու հնարավորություն։ Աշխարհում փորձված մի պրակտիկա կա. միշտ էլ ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու դեպքում պոռթկում է տեղի ունենում հասարակությունում։
Օրենքի նախագիծը գրված է հապճեպ, հաշվի չի առնված միջազգային փորձը։ Հաշվի առնելով Եվրախորհրդի փաստաթղթերն ու ընդունված պրակտիկան, անհրաժեշտ է փոփոխել օրենքը»։
Հայկ Բաբուխանյան («Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ). «Ըստ իս, դա խայտառակ նախագիծ է, որ թելադրված է ԶԼՄ-ների եւ հասարակության նկատմամբ վախի զգացումից։ Այդ օրենքը գրել են վախը եւ այն պաշտոնյաները, որոնք չունեն իրենց արարքների բացատրությունը եւ փորձում են լռեցնել մամուլը։ Քանի որ Հայաստանում դատախազությունն այդ պաշտոնյաների վրա իր գործունեությունը չի տարածում, Ազգային ժողովն էլ իրականում չի կարող վերահսկել գործադիր իշխանությանը, ուրեմն միակ իշխանությունը, որ կարող է հակազդել կոռուպցիային եւ իշխանավորների սանձազերծումներինՙ մամուլն է, որի դեմ էլ սկսվել է արշավը։ Մանավանդ նախընտրական տարի է, եւ բացահայտումներն ավելի սուր եւ գործնական կլինեն։
Չեմ կարծում, որ այսպիսի օրենքի նախագիծը չիմացության արդյունք է, սակայն եթե այդպես է, ուրեմն օրենքը գրողներն ու հաստատողները զուրկ են տարրական գրագիտությունից եւ չեն հասկանումՙ ինչ է նշանակում ժողովրդավարություն։ Եվրոպական չափանիշների մասին խոսելիս միայն երկու բան են հասկանումՙ մահապատժի վերացումը եւ հոմոսեքսուալիստներին ազատություն տալը։ Բայց ես այդքան էլ չեմ թերագնահատում օրենքի հեղինակներին եւ հաստատողներին։ Իմ կարծիքով, սա միտումնավոր կազմակերպված գործընթաց էՙ Հայաստանում մամուլի ազատությունը վերացնելու համար։
Կարծում եմ, որ օրենքն այս տեսքով չի դիմանա որեւէ փորձագիտության եւ պարզապես ցույց կտա մեր հետադիմական հայացքներն ու ցածր մակարդակը։ Հայտնի մեթոդ է. փորձագիտությունից այն, ինչը հավանության է արժանացել, տարածում են ողջ օրենքի վրաՙ չասելով, որ հոդվածների մեծամասնությունը սուր քննադատության է արժանացել։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդ մեթոդն այս օրենքի նախագծի վրա չտարածվի։
Դժվարանում եմ ասելՙ կընդունի՞ Ազգային ժողովն այս օրենքը, թե՞ ոչ։ Պատգամավորներ կան, որոնք ավտոմատ կերպով սեղմում են կոճակները, երբ հարցը կառավարությունն է ներկայացնում, եւ նրանց թիվը քիչ չէ։ Եթե հաշվի առնենք շատ տարօրինակ եւ աղետալի հետեւանքների բերող օրենքների ընդունումը ճնշման տակ, չի բացառվում, որ այս մեկը եւս ընդունվի։ Այստեղ կարեւոր է լրագրական դաշտի համախմբումը եւ հասարակության միջամտությունն այդ նվաճումըՙ եթե չասենք կայացած, ապա ձեւավորվող ազատ մամուլը պաշտպանելու համար»։
Սուր գրիչ ունեցող լրագրողների դեմ պայքարը նորույթ չէ համաշխարհային, առավել եւս հայկական իրականության համար։ Հիշենք, թե ոչ վաղ անցյալում իշխանություններն ինչպես էին հաշվեհարդար տեսնում իրենց ոտքը տրորող լրատվամիջոցների հետ։ Թերթերի փակման եւ լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքերը բոլորին են հայտնի։ Այդ ժամանակները, փառք Աստծո, անցան, սակայն պայքարը չդադարեց, փոխվեցին մեթոդները. այն ժամանակ առանձին-առանձին էին պայքարում, հիմաՙ օրենքի միջոցով։
Որ լրատվական դաշտը կարգավորելն անհրաժեշտություն է, կասկածի տակ չենք դնում։ Անժխտելի է նաեւ, որ որոշ ԶԼՄ-ներ չարաշահում են խոսքի ազատություն ասածըՙ վերածվելով քաղաքական պայքարի գործիքների։ Ամենաթողության մթնոլորտն իրոք վերացնել է պետք եւ ոչ միայն այս բնագավառում։ Սակայն համոզված ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքն ամենեւին էլ դաշտը կարգավորելու նպատակ չի հետապնդում։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ