Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած առաջին տարիներին մի տեսակ մոդայիկ էր դարձել նորանկախ երկրների իշխանություններիՙ կենսամակարդակի կտրուկ անկման համար պատասխանատվությունից խուսափելը հետեւյալ հիմնավորմամբ. իսկ մեր հարեւան այս կամ այն երկրում վիճակն ավելի վատ է։ Ասենք, մի տեղ աշխատավարձն ամիսներով չէին ստանում, մեկ այլ տեղ առաջին անհրաժեշտության սննդամթերքների պակաս կար, մի երրորդ երկրում ինֆլյացիան էր մեծ, իսկ աշխատավարձերըՙ խիստ ցածր եւ այլն։ Բնականաբար, ինքնարդարացման այդ ձեւից չէին խորշում եւ միգուցե առավել մեծ եռանդով շահարկում էին Հայաստանի Հանրապետության վարչապետներից հատկապես Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը։ Հետագայում այդ մոտեցումը սպառեց իրեն, սակայն նախկին միասնական երկրի քաղաքացիները որեւէ առիթով միմյանց տեսնելիս անպայման հետաքրքրվում էին, թե ինչպես են ապրում մարդիկ անկախ նախկին միութենական հանրապետություններում։ Այդ հետաքրքրությունն այժմ էլ առկա է, որը մասամբ բավարարելու նպատակով որոշեցինք անդրադառնալ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2001 թ.» ամենամյա զեկույցում ԱՊՀ միջպետական վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալներին, որոնք վերաբերում էին միջին ամսական աշխատավարձերին ԱՊՀ երկրներում 1994¬2000 թթ.։ Առավել հետաքրքրականն, անշուշտ, վերջինՙ 2000 թ. տվյալներն են։
Հայաստանի միջին ամսական աշխատավարձը 2000 թ. կազմել է 42,1 դոլար եւ չափով ամենամոտն է Ուկրաինայի (42,3 դոլար) ցուցանիշին։ Հայաստանում ստացված աշխատավարձից պակաս են վաստակում Մոլդովայի (32,8 դոլար), Կիրգիզիայի (25,7 դոլար) եւ Տաջիկստանի (8,5 դոլար) բնակիչները։ Իսկ մեզանից բարձր վարձատրվում են Ադրբեջանում (49,5 դոլար), Բելառուսում (73,6 դոլար), Ռուսաստանում (79,1 դոլար) եւ Ղազախստանում (96,2 դոլար)։ Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի տվյալները բացակայում են։
Այդուհանդերձ, հրապարակված տվյալներին պետք է մոտենալ որոշակի վերապահումներով եւ դրանք չընդունել որպես բարեկեցության ցուցանիշ։ Բանն այն է, որ գոյություն ունեն բազմաթիվ այլ գործոններ (տնտեսական զարգացման տեմպեր, սպառողական գների էական տարբերություններ, իրական ստացվող եւ ցույց տրվող աշխատավարձերի տարբերություններ, հասարակության, աշխատավարձերի բեւեռացվածության աստիճան եւ այլն), առանց որոնց անհնար է ասել, թե ինչպիսին է կենսամակարդակն այս կամ այն երկրում։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ