«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2002-02-26 | #37, 2002-02-27 | #38, 2002-02-28


ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ

«Շատ ենք ուզում օգնել քեզՙ դառնալու բարեկիրթ անձնավորություն, սակայն ոչ թե քարացած, երբեմն էլ անմիտ կանոններ անգիր անելով, այլ լավ հասկանալով եւ գիտակցելով, թե ինչ պետք է անել հաճելի, օրինակելի մարդ դառնալու համար»։ Պատանիներին ուղղված այս տողերն ենք կարդում մեր գրասեղանին դրված օրերս հրատարակված երկու գրքերից առաջինիՙ «Բարեկրթության արահետներով»-ի նախաբանում։ Այդ ցանկությունը հուշել է հեղինակներին հեքիաթների, պատմվածքների, բանաստեղծությունների ու նկարների միջոցով երեխաներին ճանաչել տալ նախ իրենք իրենց, ապա եւ ուրիշներին, զանազանել չարն ու բարին եւ տարբերակել գովելին ու այպանելին։

Ստեղծվել է մի գիրք, որի շուրջ հավաքված մարդիկ քաջ գիտակցել են ե՛ւ իրենց նպատակը, ե՛ւ դրա իրականացման անհրաժեշտությունը մեր օրերում, երբ «աշխարհը վերուվար անող բոլոր խմորումները (բնապահպանական շարժում, թմրանյութեր, տնտեսության համակենտրոնացում, մարմնավաճառություն, հանցագործություններ, լոկալ եւ ոչ լոկալ պատերազմներ...) մեզ առաջադրում են» նոր խնդիրներ եւ դրանց լուծման նոր տարբերակներ, որոնք սակայն պետք է հիմնված լինեն բարոյականության անանցանելի արժեքների վրա։ Ցավոք, այդ արժեքները նորովի են մեկնաբանվում այսօր եւ պարման-պարմանուհիների առջեւ դնում ընտրության եւ ճիշտ կողմնորոշվելու դժվարին պարտականությունը։

Գրքի պարունակության եւ հրատարակման անհրաժեշտության հիմնական գաղափարը պատկանում է նախկին կանադահայ պրն Ատգեն Արմենյանին, որ Հայաստանի անկախության օրվանից այլեւս սփյուռքում ապրելն անիմաստ գտնելով, անսակարկ հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ թողել է իր երբեմնի դպրոցի տնօրենի պաշտոնը եւ իր տիկնոջՙ Հասմիկի հետ հաստատվել հայրենիքում։ Սփյուռքահայի աչքերից չեն վրիպել ոչ նախկին խորհրդային կյանքի, ոչ էլ ներկա արեւմտամետ կյանքի բացասական երեւույթները, որոնց դեմ պայքարելու ձեւը գտել է այս զույգ գրքերը հրատարակելու գաղափարը մտահղանալով։

«Դա տեղի ունեցավ մոտ երեք տարի առաջ։ Նկատեցի, որ երեխաները ավելի դժվար կառավարելի են դառնում։ Նրանց պետք է հասկացնել ու սովորեցնել ոչ միայն գրված ու չգրված օրենքները, հարգել պարզապես պատժվելու վախից դրդված, այլ չդիմել ցանկացած անբարոյական քայլիՙ ներքուստ զգալով ու գիտակցելով, որ միանգամայն սխալ է այդ բանն անելը։ Եթե մարդն ինքը հասնում է դրան, ապա օրենքներն, ըստ իս, ավելորդ են դառնում», ասում է պրն Արմենյանը մեր մտերմիկ զրույցի ընթացքում։

«Բարեկրթության արահետներով» գրքի մյուս խորհրդատուն Ժաննա Գրիգորյանն է, հեղինակըՙ Աիդա Չիլինգարյանը, նկարիչըՙ Սուսաննա Դոմբայանը, իսկ խմբագիրըՙ Սոֆիկ Բաղումյանը։ Գիրքը հրատարակվել է «Ռուբին պրինտ» հրատարակչատան կողմիցՙ 3.500 օրինակ տպաքանակով։ Ծավալը 18 տպագրական մամուլ է։ Ընդգրկում է «Երջանկության օրրան», «Ուզո՞ւմ եք հրաշագործ դառնալ», «Բարեւ, բարեւ, բարեւ», «Եկեք հիշենք», «Ուս-ուսի որ տանք, սարեր շուռ կտանք», «Բարի լինել» եւ «Ուզում եմ օգնել» բաժինները, որոնցից յուրաքանչյուրում տեղ են գտել ինչպես հայկական դասական եւ ժամանակակից, արեւելահայ թե արեւմտահայ գրողների ստեղծագործությունները (Իսահակյան, Թումանյան, Սահյան, Սեւակ, Ստ. Զորյան, Աղայան, Խնկոյան, Տխրունի, Սարոյան, Մուրադյան), այնպես էլ ռուսական (Չուկովսկի, Կռիլով, Տոլստոյ, Մարշակ), լիտվական, թաթարական, չինական, ֆրանսիական, բուլղարական, կորեական, աֆրիկյան, ֆիննական, ճապոնական, շվեդական եւ պորտուգալական հեքիաթներ եւ պատմվածքներ։ Գիրքը համեմված է նաեւ օգտակար խորհուրդներով, տեստային հարցերով, հետաքրքրական տեղեկություններով, հիգիենայի կանոններով եւ, իհարկե, չափազանց խոսուն եւ արտահայտիչ նկարազարդումներով։ Հասցեագրված է 6-14 տարեկան երեխաներին։

Երկրորդՙ «Բարեկրթության խճանկար» գիրքը միեւնույն մտահղացման շարունակությունն է եւ հասցեագրված է պատանիներին եւ երիտասարդներին։ Հեղինակն է Էմիլյա Օհանյանը, խմբագիրըՙ Վաչագան Բարսեղյանը, իսկ նկարիչըՙ դարձյալ Սուսաննա Դոմբայանը։

Այստեղ առաջարկված է բազում իմաստուն եւ ուսանելի պատմությունների օգնությամբ ճանապարհորդել դարերի միջով, լսել մարդկության երախտավորների կարծիքը վարքաբանական ու բարեկրթական խնդիրների վերաբերյալ։ Ներկայացված են 50-ից ավելի բարոյական սկզբունքներ (ազնվություն, ակնածանք, երախտագիտություն, կարեկցանք, հավատարմություն, մեծահոգություն, չափավորություն, հայրենասիրություն, օրինապահություն եւ այլն), որոնց տիրապետելու արդյունքում կունենանք իդեալական մարդ իր ամենաբարձր արժանիքներով։ Սակայն գրքի հեղինակների նպատակը առաքինությունների սոսկ ձեւական ձեռք բերումը չէ, այլ խորքային։ «Ճանաչենք վարքաբանության ու բարեկրթության աշխարհը, փոխենք ինքներս մեզ եւ մեր վերաբերմունքը շրջապատի նկատմամբ», թելադրում են մեզ նրանք գրքի առաջաբանում։

Այս գրքում սկզբունքային ձեւով նախ տրված են արժանիքների կարճ բացատրությունները, սահմանումները, մեծ մարդկանց խոսքերն այդ մասին եւ ապա օրինակներ հիմնականում հայ դասականներից (Գոշ, Այգեկցի, Սեւակ, Թումանյան, Խնկոյան, Պատկանյան, Սահյան, Պեշիկթաշլյան, Իսահակյան, Կապուտիկյան)։ Վերջում բերված հավելվածում շահագրգիռ ընթերցողին է ներկայացված բարոյական կրթության ծրագրի հեղինակ Լորենս Քոլբերգի անձի զարգացման փուլային տեսության վրա հիմնված հարցարանը, որն ինքնաստուգման յուրատեսակ տեստ է, համապատասխան մեկնաբանություններով։

Գիրքը տպագրվել է «Զանգակ-97» հրատարակչատանը, 3000 օրինակ տպաքանակով։ Ծավալըՙ 5 տպագրական մամուլ։

Մեր ժամանակներում այս խիստ անհրաժեշտ ձեռնարկի (խոսքը երկու գրքերի մասին է) հովանավորներն են Անգլիայից ՀԲԸՄ-ի Լոնդոն թրասթի հոգաբարձությունը, Aid Armenia North West-ը, Եսեֆյան հիմնադրամը, Սիմոնյան եւ Թոփալյան ընտանիքները, Շահե Գուլյանը եւ Ֆրանցիս Տեր-Հարությունյանը, Կանադայիցՙ Եգիպտոսի հայկական դպրոցների շրջանավարտների միությունը, Եթերյան եւ Գյումիշյան ընտանիքները, Արա Էլմաջյանը, Ժան-Էլիզաբեթ Աճելեյանը եւ ԱՄՆ-իցՙ Ջին Չիլթընը։

Համատեղ ջանքերով ստեղծվել են գործեր, որոնք Վահան Թեքեյանի բարեփոխված խոսքերով, «Օդի, ջրի նման անհրաժեշտ են մեզՙ ապրելու համար»։ Դրանք կօգնեն պատանիներին եւ երիտասարդներին կողմնորոշվելու մարդկային բարդ հարաբերություններում եւ ձեւավորվելու որպես անհատ եւ քաղաքացի, իմանալով որ աշխարհի ընդհանուր քաղաքակրթությանն իր անուրանալի նպաստը բերած մի ժողովրդի զավակն են։

Գրքերը պատրաստողները խորհուրդ են տալիս ընթերցել ընտանիքով կամ մտերիմների հետ, ապա եւ բանավիճել եւ առաջարկել այս կամ այն հերոսի քայլերի բացատրության իրենց տարբերակը։ Նման մոտեցման դեպքում մենք բոլորս կլինենք նպատակին հասնելու ճանապարհին։ Նրանք նաեւ համեստաբար գրում են, թե հեռու են այն մտքից, որ ստեղծել են կատարյալ մի ձեռնարկ։ Բայց պետք է խոստովանել, որ, իրոք, կատարյալ են դրանք ստացվել ինչպես բովանդակության, այնպես էլ ներկայացման, ձեւավորման առումներով։ Դրանք պարզապես հրաշալի են եւ եթե քննադատական խոսք պետք է որոնենք ասելու նրանց կատարածի մասին, ապա միակ թերությունը, որ նկատել ենք, չափազանց փոքր տպաքանակն է. ըստ մեր տեղեկությունների գրքերը վաճառքի չեն հանվել, այլ բաժանվել է Հայաստանի հյուսիսային (Գյումրի, Ազատան, Մարալիկ, Թալին, Աշոցք, Արթիկ), հարավային (մինչեւ Ստեփանակերտ) շրջաններում եւ Երեւանի որոշ դպրոցականներին, հատկապես Գյումրիի քույր Արուսյակի ղեկավարած «Տիրամայր Հայաստանի» եւ այլ կենտրոնների միջոցով։

Միգուցե մեզ մոտ էլ գտնվեն մարդիկ, որ հանձն առնեն հովանավորել երկրորդ տպագրությունը այս հույժ կարեւոր ու ճիշտ ժամանակին լույս ընծայված ձեռնարկի, որը, կրկնում ենք, օդի, ջրի պես անհրաժեշտ է այսօր մեզ, մանավանդ նոր սերնդինՙ կյանքի ճանապարհն անցնելու ավելի վստահ ու հաստատուն քայլերով։

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4