«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2002-02-26 | #37, 2002-02-27 | #38, 2002-02-28


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱՂՈՒՄ ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Հարցազրույց Անդրանիկ Ադամյանի հետ

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ ՀՀ երիտասարդական հավաքականի եւ Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ հանդիպմանը համաձայնել էր գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը։ Շնորհավորելով վերջերս իր հիսնամյակը նշած Անդրանիկ Ադամյանին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ, «Դեյլի սպորտ Արարատ» ինտերնետային-լրատվական գործակալության թղթակիցը խնդրեց նրան պատասխանելու մի քանի հարցերի։

¬ Պրն Ադամյան, ի՞նչ ժամկետով եւ պայմաններով եք կնքելու պայմանագիրը ֆեդերացիայի հետ։

¬ Պայմանագիրը երեւի կնքվի ընտրական մեկ ցիկլի համար։ Ճիշտ է, այդ մասին նախնական խոսակցություն է տարվել։ Այնպես որ, պայմանագրի կետերի վերաբերյալ կարելի կլինի խոսել միայն մարտի 1-ին, երբ պաշտոնապես կհաստատվեմ գլխավոր մարզչի պաշտոնում։

¬ Իսկ ո՞վ է լինելու Ձեր օգնականն ազգային հավաքականում եւ ինչպե՞ս եք վերաբերում մարզչական խորհրդի ստեղծման գաղափարին։

¬ Մեծ հաճույքով կաշխատեմ իմ լավ բարեկամ, ՀՀ չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի հետ։ Մենք միասին հավաքականում արդեն աշխատել ենք 1995¬96 թթ. եւ, կարծում եմ, միմյանց հիանալի լրացնում ենք։ Այն ժամանակ Դարբինյանը գլխավոր մարզիչն էր, իսկ եսՙ նրա օգնականը։ Ես ֆեդերացիային առաջարկել եմ նրա թեկնածությունը։ Այժմ խոսքը նրան է պատկանում։ Ինչ վերաբերում է մարզչական խորհրդի ստեղծմանը, ապա ես երկու ձեռքով կողմ եմ դրան։ Տեղյակ եմ, որ Ուկրաինայում նման խորհուրդ արդեն գործում է։

¬ Դուք արդեն ներկայացրե՞լ եք Եվրո-2004-ի ընտրական 6-րդ խմբի խաղացանկի ձեր տարբերակը։

¬ Այո, ներկայացրել եմ երեք տարբերակ, որոնք պետք է ներկայացնենք մեր խմբում ընդգրկված երկրների ներկայացուցիչներին։ Մտածում ենք նաեւ ընկերական խաղերի կազմակերպման մասին, որոնց շատ մեծ նշանակություն ենք տալիս։ Այս հարցում որոշակիություն կմտցվի միայն ընտրական խաղերի խաղացանկի հաստատումից հետո։ Որոշակի հիմնախնդիրներ կան լեգեոներների հրավիրման հարցում։ ՖԻՖԱ-ի նոր կարգի համաձայն, մենք լեգեոներներին կարող ենք հրավիրել պաշտոնական 5 խաղի, այն էլ խաղերից 2 օր առաջ։ Որպեսզի չնախատեսված հիմնախնդիրներից խուսափենք, կազմելու ենք թեկնածուների ընդլայնված ցանկ տեղի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից։ Դա հնարավորություն կընձեռի պահեստային տարբերակներ ունենալ։

¬ Ինչպե՞ս եք գնահատում վիճակահանության արդյունքները։

¬ Սովորաբար վիճակահանությունից հետո բոլորը դիվանագիտորեն լռում են կամ էլ շատ զգույշ են արտահայտվում։ 50 թիմի եւ 10 ընտրական խմբերի առկայության դեպքում թեթեւամտություն կլիներ կարծել, թե մեզ հեշտ կյանք է սպասում։ Այլ էր իրավիճակը 9 խմբերի եւ խմբում վեց թիմի առկայության դեպքում։ Չնայած այս ամենին, մենք պայքարելու ենք յուրաքանչյուր մրցակցի դեմ եւ ձգտելու ենք առավելագույն արդյունքի։ Մտադիր եմ խաղացողների առջեւ կոնկրետ խնդիրներ դնել եւ հույս ունեմ քայլ առ քայլ առաջ ընթանալ։ Մեր հավաքականն ընտրական մրցաշարերում այլեւս նորեկ չէ, ֆուտբոլիստների մեծ մասը բավական փորձ ունի։ Ընտրական նախորդ փուլում թեեւ հավաքականն այդպես էլ հաղթանակ չտոնեց, սակայն մի քանի հաջող հանդիպումներ անցկացրեց։ Զգացվում էր, որ թիմը բավական մարտունակ ու հեռանկարային էր, ինչի համար շնորհակալ եմ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին։ Նա բավական մեծ աշխատանք է կատարել։ Եվ նպատակահարմար կլիներ, որպեսզի նա շարունակեր աշխատել հավաքականում։ Ես այն համոզման եմ, որ արդյունք ցույց տալու համար մարզիչը նվազագույնը 3 տարի պետք է աշխատի թիմի հետ։ Այժմ գլխավորը ֆուտբոլիստների ներուժն օգտագործելն է, նրանց խաղամակարդակի բարձրացումը։ Իսկ դա հնարավոր է միայն ուսումնամարզական գործընթացի ճիշտ կազմակերպման դեպքում։ Յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթանակի։ Սեփական ուժերի նկատմամբ հավատը հաղթանակներով է ամրապնդվում։ Գաղափարների իրականացման նախադրյալները կան։

¬ Դուք արդեն հասցրել եք դիտել ամենաուժեղ մրցակցիՙ Իսպանիայի հավաքականի խաղը։

¬ Այո։ Ֆուտբոլի ֆեդերացիան ինձ եւ Սամվել Դարբինյանին գործուղել էր Իսպանիա, որտեղ փետրվարի 11¬16-ը մասնակցեցինք ՈՒԵՖԱ-ի կողմից եվրոպական երկրների առաջատար մարզիչների համար կազմակերպված շատ հետաքրքիր եւ օգտակար սեմինարին։ Հենց սեմինարի օրերին էլ մեզ հաջողվեց ներկա գտնվել Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականների ընկերական հանդիպմանը։

¬ Շարունակելո՞ւ եք աշխատանքը «Շիրակում»։

¬ Գիտեմ, որ դժվար է լինելու, սակայն մտադիր եմ շարունակել մարզել «Շիրակը»։ Իսկ երիտասարդական հավաքականի հետ, ցավոք, ստիպված կլինեմ բաժանվել, քանի որ ֆիզիկապես չեմ կարող հասցնել։

¬ Ինչո՞վ կբացատրեք երիտասարդական հավաքականի հաջող ելույթները ձեր գլխավորությամբ։

¬ Իհարկե, մարզական բախտն իր դերը եւս խաղաց, սակայն գտնում եմ, որ հաջողությունը պայմանավորված էր մարզիչների ու ֆուտբոլիստների համերաշխ կոլեկտիվով, որոնք միմյանց հետ լավ համագործակցում էին։ Իմ կարծիքով, ցանկացած գործում կարգապահություն է անհրաժեշտ։ Մեր դեպքում կարեւոր է ե՛ւ ընդհանուր, ե՛ւ խաղային կարգապահությունը։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստությունը։ Այդ գործում մենք մեր հոգին էինք դրել, ուստի հաջողությունը մեզ ժպտաց։ Այդ սկզբունքները ես կաշխատեմ կիրառել նաեւ ազգային հավաքականում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4