«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2002-02-27 | #38, 2002-02-28 | #39, 2002-03-01


ԼԱՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԿԱՌՈՒՑԵԼ

«ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հնարավոր կդարձնի՞ արդյոք նման շինարարություն

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ տեղի ունեցավ «ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը կազմակերպել էր «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան միությունը։ Մասնակցում էին Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, մասնագիտացված եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ։

Ներկայացնելով քննարկման նյութի կարեւորությունըՙ արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալը ողջունեց այս հարցի նկատմամբ տարբեր կազմակերպությունների ներգրավումը, նշեց, որ այն մեծ բարդություններ ունի ե՛ւ օրենսդրական դաշտի, ե՛ւ գործնականում իրականացվելու առումով։ Մենք ունենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք, որն ընդունվել է 1998-ին եւ, ի կատարումն այդ օրենքի, առաջացել են շատ խնդիրներ։

ԱԻՎ-ում ստեղծվել է գիտատեխնիկական հանձնախումբ, որը խնդիր չունի փոխարինելու գիտական օջախներին, որոնք զարգացնում են գիտական միտքը։ Այս մարմնի խնդիրն է, որ այն նվաճումները, որոնք արդեն ստուգվել են գործնականում եւ հավանության են արժանացել գիտական ատյանների կողմից, եթե հնարավոր է, օգտագործվեն բնակչության պաշտպանության ոլորտում։

«ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որին հավանություն է տվել կառավարությունը, ըստ իրավապաշտպան միության նախագահ Պ. Սերոբյանի, ավելի շուտ ուսումնական ձեռնարկ է կուրսային աշխատանքներ գրելու համար։ Նախագծում կան հետաքրքիր ձեւակերպումներ. «մշակույթի անշարժ հուշարձաններ», «Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ցանցը կազմված է ազգային եւ միջազգային դիտակայաններից», «բժշկական պատրաստվածությունը հիմնված է ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների կանխատեսման վրա» եւ այլն (օրինակներն ըստ Պ. Սերոբյանի)։ Ուստի հարկ է միավորել ուժերըՙ նման նախագիծ չունենալու եւ, ընդհանրապես, բնակչության պաշտպանության մեկ կառույց ունենալու համար։

Պետական միջոցներով պահվում են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (1000-ից ավելի աշխատող), ԱԻՎ-ը (800), հրշեջ ծառայությունը (4000), ընդ որում, պրն Սերոբյանի խոսքերով, ՍՊԱԾ-ին տրված ե՛ւ մամուլի, ե՛ւ ԳԱԱ գնահատականները վկայում են, որ ծառայությունը չի կատարում իր առջեւ դրված խնդիրներըՙ հիմնականում երկրաշարժերի կանխատեսման առումով։ Մենք ունենք գիտնականներ, որոնք զբաղվում են երկրաշարժերի կանխատեսմամբ եւ ունեն գյուտեր, սակայն դրանք ՍՊԱԾ պետ Ս. Բալասանյանը որակել է «սուտ»։

Քննարկման այս փուլում, սկսելով տարաբնույթ որակումներ անել, համեմատություններ եղան ԱՄՆ-ի, ՌԴ-ի, անգամ Ճապոնիայի հետ, ուր սեյսմիկ պաշտպանության ծառայություն ուղղակի չկա։

Ներկա գիտնականների կարծիքով, մեզ նույնպես պետք չէ ո՛չ այդ ծառայությունը, ո՛չ էլ օրենքն ընդհանրապես։ Եվ զուտ մասնագիտական մանրամասներով շարունակելով «քննարկումը»ՙ հավաքվածները «հասան» այնտեղ, որ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Գ. Թադեւոսյանը տեղի ունեցողը որակեց որպես բամբասանք։ Այնուհետեւ մեղադրելով գիտնականներին ընդերքի մասին օրենքի քննարկումներին չմասնակցելու համարՙ նա նշեց, որ օրենքի անհրաժեշտության մասին դեռ վաղ է խոսել, թեեւ իր ղեկավարած հանձնաժողովը գտնում է, որ նման օրենք պետք է։ Պարզապես պետք է միասին աշխատել օրինագծի վրաՙ նորմալ օրենք ունենալու համար։

Քննարկումն ուղեկցող փոխադարձ «անբարենպաստ» որակումների պատճառը, թերեւս, քննարկման առարկա դարձած նախագծի այն դրույթն է, ըստ որի գիտահետազոտական նպատակով ստեղծված ՍՊԱԾ-ը դառնում է գերատեսչություն։

Ինչեւէ, քննարկված այս խնդիրներն այնքան էլ «սեյսմիկ պաշտպանություն» չեն, բայց փաստ է, որ այդ պաշտպանությունը պետք է լինի օպտիմալՙ միջոցների նվազագույն ծախսով եւ, իհարկե, ոչ երկրաշարժից հետո։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4