«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2002-02-27 | #38, 2002-02-28 | #39, 2002-03-01


Ի՞ՆՉ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Փորձեցինք տեղեկանալ ոլորտի ձեռնարկություններից մեկում

Հայկական կոշիկի համբավը ԽՍՀՄ գոյության տարիներին հայտնի էր այդ հսկայական երկրի բոլոր անկյուններում, իսկ «Մասիս» ֆիրմային անվանումը հայկական կոշիկի խորհրդանիշն էր։ Սակայն, դժբախտաբար, կոշիկի արտադրությունը հետխորհրդային ժամանակաշրջանում ամենածանր հարվածներ կրած եւ ամենամեծ անկում արձանագրած ճյուղերից մեկը դարձավ։ Հայաստանում եւ դրսում միլիոնների հասնող կոշիկների սպառումը մի քանի տարիների ընթացքում պարզապես ի չիք եղավ։ Մնացին մի քանի հազար գործազուրկներ եւ քայքայված ու թալանված ձեռնարկություններ։ Միայն վերջին 2¬3 տարիներին այս ոլորտում որոշակի դրական տեղաշարժեր եղան։ Մի քանի ձեռնարկություններ փորձեր են կատարում վերականգնելու հայկական կոշիկի հեղինակությունն ու սպառման շուկաները։ Ինչպիսի՞ խոչընդոտների են նրանք հանդիպում, ի՞նչ հնարավորություններ եւ հեռանկարներ կան այս ճյուղի զարգացման համար։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք իր սարքավորումները պահպանած ձեռնարկություններից մեկիՙ նախկինում «Մասիս» ձեռնարկության 4-րդ մասնաճյուղի, այժմՙ «Քանաքեռ» ՓԲԸ-ի նախագահ Լաուրա Թադեւոսյանի հետ։

Մեր առաջին հարցն էր, թե որքանո՞վ է ոլորտն ապահովված հումքով, քանզի խորհրդային տարիներին կաշվի մեծ մասը ներմուծվում էր։ Լաուրա Թադեւոսյանը կաշվի հարցը շատ կարեւոր համարեց կոշիկ արտադրողների համար, քանի որ դա կազմում է կոշիկի ինքնարժեքի 30¬40 տոկոսը։ Բնական է, որքան մատչելի լինեն կաշվի գները, այնքան շահավետ կլինի կոշիկի արտադրությունը։ Ներկայումս Հայաստանն ունի կաշվի մշակման գործարան, որը, սակայն, հումքը ձեռք է բերում թանկ գներով։ Մյուս կողմից էլ անասնապահությամբ զբաղվող տեղի ֆերմերներն ու գյուղացիները նախընտրում են կաշին վաճառել Հայաստանից դուրս, որտեղ հավանաբար ավելի բարձր են վճարում։

Այդուհանդերձ, կաշվի մշակման գործարանը, Լաուրա Թադեւոսյանի հավաստմամբ, ունի անհրաժեշտ սարքավորումներն ու հնարավորությունները կոշիկի արտադրության աճ ապահովելու համար։ Խոսքն, իհարկե, ոչ թե խորհրդային տարիներին գոյություն ունեցող ծավալների, այլ գործող մի քանի ձեռնարկությունների լիարժեք աշխատանքին է վերաբերում։ Իսկ ընդհանրապես, բարձրորակ կաշի ունենալու համար պետք է ունենալ սեփական անասնապահական համալիրՙ յուրահատուկ պայմաններով։ Դրանք անհրաժեշտ են, որպեսզի կենդանիների (հիմնականում խոշոր եղջերավոր) կաշին քերծվածքներ եւ այլ վնասվածքներ չստանա։

Սակայն «Քանաքեռ» ՓԲԸ-ի նախագահն արտադրության զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատճառը հումքի խնդիրը չհամարեց։ Նա նշեց մի շարք այլ հիմնահարցեր։ Առաջինըՙ արտադրության վարկավորումը։ Ձեռնարկության անընդհատ գործունեությունն ապահովելու համար խիստ կարեւոր համարեց ցածր տոկոսներով եւ երկարաժամկետ վարկերի տրամադրումը։ Ընկերությունն ունի բիզնես-ծրագիր եւ համաձայն է նաեւ այլ տարբերակիՙ բաժնետոմսերի որոշակի մասի փոխանցմանը, «միայն թե ներդրումներ ներգրավվեն արտադրության զարգացման համար»։

Հաջորդ խնդիրն արտադրական տարածքներից գույքահարկի գանձումն է։ Լաուրա Թադեւոսյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի նախագահի այն բացատրությունից, որ դա վերաբերում է առանձնատներին, սակայն մտահոգություն հայտնեց, որ դա կարող է տարածվել նաեւ ձեռնարկության այն արտադրական շինությունների վրա, որոնք չեն շահագործվում։ Եթե այս մտադրությունն իրականություն դառնա, ապա ծանր հետեւանքներ կունենա բոլոր արտադրական ձեռնարկությունների համար։ Այժմ գրեթե չկան գործարաններ, որոնք աշխատեն ամբողջ հզորությամբ։ Ընկերության ղեկավարը կարեւորեց նաեւ այսպես ասած ներքին կոոպերացիայի զարգացումը։ «Ինչո՞ւ են մեր ձեռնարկությունները բանվորական կոշիկ ներմուծում արտերկրից։ Մենք կարող ենք ավելի էժան, որակյալ եւ երաշխիքային սպասարկմամբ կոշիկներ մատակարարել», խոստանում է Լաուրա Թադեւոսյանը եւ բերում մի օրինակ։

«Քանաքեռ» ՓԲԸ-ն 6 ամսվա երաշխիքով կոշիկներ էր վաճառել Ավանի աղի կոմբինատին եւ պայմանավորվել հետագայում նոր պատվերների վերաբերյալ։ Սակայն բավական ժամանակ հետո կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանը զանգահարել էր «Քանաքեռ» եւ ասել, որ նոր պատվեր դեռեւս չեն տալիս, որովհետեւ նախկին կոշիկները չեն մաշվում...

Հաջորդ խնդիրը, որի վրա կառավարության ուշադրությունը հրավիրեց Լաուրա Թադեւոսյանը, այն էր, որ կենսաթոշակային հիմնադրամին բազմաթիվ ձեռնարկությունների ունեցած բոլոր տույժ-տուգանքները վերացվեն։ Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած ձեռնարկությունը մայր պարտքը մարել է։ Դրանից հետո, կառավարության համապատասխան որոշմամբ, ձեռնարկությունը պետք է ազատվեր տույժ-տուգանքների վճարումից։ Սակայն այսօր էլ սոցիալական (կենսաթոշակային) հիմնադրամը պահանջում է այդ գումարըՙ 15 մլն դրամ։ Մինչդեռ ընկերությունն անգամ մեղավոր չէ դրա առաջացման համար։ Թուրքմենստանից մատակարարված գազի դիմաց այդ երկիր էին առաքվել նաեւ «Քանաքեռի» կոշիկները։ Մինչդեռ այդ գործընթացը իրականացնող «Թուրթրեյդ» ընկերությունը որեւէ վճարում ձեռնարկությանը չի կատարել։ Հետագայում այն պետբյուջե է հաշվանցել ընկերության առաջացրած պարտքի գումարը։ Նույնՙ առաքված արտադրանքի դիմաց գումար չստանալու պատճառով ընկերության ղեկավարությունը հարկադրված է եղել ապրանքով ապահովել աշխատակիցների վարձատրությունը։ Ճիշտ է, այսօր արդեն աշխատում է ըստ պատվերների եւ բանվորներին վճարում ամսական 40¬45 հազար դրամ։

Բնականաբար, ցանկացած արտադրության գլխավոր հարցն ապրանքի սպառումն է։ Լաուրա Թադեւոսյանը համոզված է, որ հիմնական շուկան պետք է լինի արտաքինը։ Նախկինում ձեռնարկության արտադրանքը վաճառվում էր Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում։ Այժմ էլ, ընկերության նախագահի հավաստմամբ, իրենց արտադրանքը մրցունակ կլինի այդ շուկաներում, քանզի «որակին հատուկ ուշադրություն ենք դարձնում»։ Անհրաժեշտ վարկավորման դեպքում հիմնական ուղղվածությունը լինելու է արտահանումը։ Սակայն ներքին շուկան եւս կարեւորվում է։

Որպես առաջին քայլ կարեւորվում է ֆիրմային խանութի բացումը։ Իսկ մեր այն դիտողությանը պատասխանելով, թե ինչո՞ւ ընկերությունն ակտիվ գովազդային գործողությունների չի դիմում, տկն Թադեւոսյանը, բացի խնդրի նյութական կողմից, դժգոհեց մեկ այլՙ սուբյեկտիվ գործոնից։ «Եթե գովազդ պատվիրենք, անմիջապես կհայտնվեն բազմաթիվ ստուգողներ»։ Մինչդեռ այս ոլորտը կարգավորող օրենք կա։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4