Մոսկվայի արեւելյան օկրուգի ՆԳՎ աշխատակիցներն օրերս մերկացրին խարդախների, որոնք պատրաստում եւ իրացնում էին կեղծ ոսկեղեն։ ՆԳ քաղաքային վարչությունում լրագրողներին հայտնեցին, որ բոլոր խարդախները Բելոկամեննայա էին եկել Հայաստանից եւ Մոսկվայում բնակվում էին անօրինական կարգով։ Նրանցից մեկը մասնագիտությամբ ոսկերիչ է։ Նա մեկ սենյականոց բնակարան էր վարձել եւ այնտեղ իսկական արհեստանոց ստեղծել։ Հմուտ վարպետը հատուկ սարքավորումներ եւ բենզինային այրիչ օգտագործելով պղնձալարից դրոշմում էր զանգվածեղ շղթաներ եւ ապա ոսկեպատում։ Թանկարժեք մետաղի շերտը բավական հաստ էր, եւ պարզ փորձաքննությանՙ փոքր փորվածքի միջոցով կեղծիքը չէր բացահայտվում։
Արհեստավորը կեղծ ոսկեղենի վրա հարմարեցնում էր իսկական ոսկե փականներ, որոնք գնում էր արհեստանոցներում։ Մանրակների վրա նա դնում էր 585 հարգի դրոշմ, իսկ կողքինՙ աստղանիշ, որ դրոշմվում էր ռուսական ոսկեղենի վրա մինչեւ 1992 թվականը։ Նման արտադրանքով 10 տարի առաջ սիրում էին զարդարվել ելուզակները եւ նոր ռուսները։ Այդ հյուսածո կեղծ զարդերից յուրաքանչյուրի քաշը 140¬160 գրամ էր։ Վերջերս խարդախները յուրացրել էին նաեւ զանգվածեղ «ոսկե» ապարանջանների պատրաստումը։
Ոսկերիչը պատրաստի զարդերը տալիս էր հանցակիցներին, որոնք էլ հանձնում էին մոսկովյան գրավատներինՙ յուրաքանչյուր «ոսկե» զարդի դիմաց ստանալով 16¬20 հազար ռուբլի։ Իրացնողին մնում էր 500¬600 ռուբլի, իսկ մնացյալը վերցնում էր ոսկերիչը։ Բնականաբար, շղթաները մեկընդմիշտ մնում էին գրավատներում։
Խուզարկուները միջնորդներից մեկին բռնեցին այն պահին, երբ նա փորձում էր իրացնել 142 գրամանոց կեղծ շղթան։ Ապա օպերատիվ աշխատողներն արագորեն ձերբակալեցին նրա երեք հանցակիցների, այդ թվում արհեստավորին։ Խարդախների բնակարաններում հայտնաբերվեցին Հարգորոշման կենտրոնական պետական տեսչության չգրանցված դրոշմ, պղնձալարի կտորներ, կեղծ ոսկեղեն, ինչպես նաեւ դրա պատրաստման սարքավորումներ։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տվյալներով, խարդախներին հաջողվել է խաբել առնվազն 15 գրավատների աշխատակիցների։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ խաբվածների թիվն անհամեմատ մեծ է։
Պ. Ք.