«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ. ԾՆՆԴՅԱՆ 160-ԱՄՅԱԿԸ

Երջանկաբեր աստղը

Լրագրային հոդվածով ինչպե՞ս պատմես մի տիտանի կյանքի ու գործի մասին, ինչպե՞ս տարանջատես առաջնայինը երկրորդականից, երբ համոզված ես, որ նրա հետ առնչվող ոչ մի բան անկարեւոր չէ։ Ավելի լավ է միանգամից եզրահանգումներդ շարադրես։ Ալեքսանդր Մանթաշյանցն առաջինն էր, որ հողագնդի չորս աշխարհամասերիՙ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Ամերիկայի բազմաթիվ երկրներում լիահունչ լսելի դարձրեց հայոց տնտեսական հանճարի եւ հայ տեսակի մասին։ Նա առաջին մեծահարուստն էր, որ այդպիսի ծավալներով սեփական կապիտալը ծառայեցրեց իր ժողովրդին եւ Հայոց առաքելական եկեղեցուն։ Առաջինն էր, որ... Եզակի էր։ Եզակիՙ ամեն ինչում։

Գործի մարդը

Մինչ օրս Ալ. Մանթաշյանցի վերաբերյալ գրված ամեն ինչ, թե Հայաստանում, թե սփյուռքում, ունեցել է մի էական թերությունՙ համարյա ամբողջությամբ աչքաթող է արված նրա առեւտրատնտեսական գործունեությունը։ Նրա ժամանակակիցները դա արեցին, որովհետեւ մերՙ հայոց մեջ անկարելի բան է ժամանակակցին գնահատելը, որքան էլ նա մեծ ու արժանի լինի։ Հետագայում էլ դա չարվեց այն պարզ պատճառով, որ դարեր շարունակ պետականությունից ու քաղաքական անկախությունից զրկված մեր ժողովրդի մեջ բույն դրած խեղճության ախտը դարմանելու համար հերոսներ էին պետք։ Իսկ Մանթաշյանցը մատչելի, հասու հերոս էր իր ազգանպաստությամբ։ Բայց մատչելի դարձնելն անխուսափելիորեն հանգեցնում է պարզունակացման։ Եվ մենք ինքներս պարզունակ դարձրեցինք նրան (դրա ապացույցը չէ՞, արդյոք, «Մանթաշովի թոռ» հայտնի արտահայտությունը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ)։ Այնինչ ակնհայտ է, որ առանց կապիտալի բաղադրյալի անհնարին կլիներ նաեւ Մանշաթյանց-երեւույթը։

Ինչպե՞ս դարձավ «նավթային արքա» աշխարհի եւ Ռուսական կայսրության բիզնեսի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

Ալեքսանդրը ծնվել է 1842 թ. մարտի 3-ին, Թիֆլիսում, բայց մինչեւ 16 տարեկանը ծնողների ու քրոջ հետ ապրել է Թավրիզում, ուր հայրըՙ Հովհաննեսը, օգտվելով պապիՙ Պարսկաստանի հայտնի քաղաքական ու պետական գործիչ Խոսրով խանի հովանավորությունից, դարձել էր մանուֆակտուրայի խոշոր վաճառական։ Հայերենի թույլ իմացությունը ստիպում է, որ հայրը որդուն հետ ուղարկի Թիֆլիս եւ ուսումնառության տա հայ քահանայի մոտ։ Ալ. Մանթաշյանցը սովորել է ընդամենը չորս տարի եւ, փաստորեն, մեր այսօրվա պատկերացումներով, դասական կրթություն չի ստացել։ Ապա վերադառնում է հոր մոտ եւ զբաղվում վաճառականությամբ, իսկ 1864-ից հայր ու որդի մեկնում են Եվրոպա եւ կտավի ու չթի մատակարարման աղբյուրներ որոնում։ Ալեքսանդրը հաստատվում է Մանչեստրում եւ մանուֆակտուրա առաքում Պարսկաստանՙ հորը։ Այսպես շարունակվում է մինչեւ 1878-ը։

Այստեղ հարկ է մի կարեւոր հանգամանքի ուշադրություն դարձնել։ Որպես կանոն, վաճառականության արվեստը հայերը սովորում էին իրենց հայրենակից փորձառու, բազմահմուտ վաճառականներից։ Ալեքսանդրի համար ուսուցիչ էր հայրը, բայց չպետք է անտեսել, որ խոշոր հաշվով դասատու էր դարավոր ավանդույթներ ունեցող պարսկահայ վաճառականությունը, որը նրան սովորեցրեց արեւելյան առեւտուրը։ Իսկ երիտասարդ տարիքում բավականին երկար ապրելով Անգլիայում, նա պոլսահայ վաճառականությունից յուրացրեց եվրոպական բիզնեսի կանոնները։ Այս գործնական ուսումն էր, որ նրան տվեց անգնահատելի յուրահատուկ կրթություն եւ որը նա հետագայում փայլուն կերպով իրացրեց կյանքում։

1878-ին հայրը վերջնականապես թողնում է Պարսկաստանը, հաստատվում Թիֆլիսում եւ վախճանվելով 1887-ինՙ որդուն թողնում 20.000 ռուբլի դրամագլուխ։ Թիֆլիսում Ալեքսանդրն ուներ կտորեղենի երկու մեծածախ խանութ, իսկ մանուֆակտուրան ստանում էր Անգլիայի իր ընկերներից, հատկապեսՙ Գյուլբենկյան գերդաստանի հետ «դարավոր» խնամիական կապեր հաստատած Եսայաններից, որոնք մինչ ի մահ մնացին նրա բարեկամները։

Ընդամենը մի քանի տարում տասնապատկելով հորից ժառանգած դրամագլուխը, Ալ. Մանթաշյանցն սկսում է մուտք գործել բանկային ոլորտ։ Աստիճանաբար գնելով Կովկասի ամենախոշորՙ Թիֆլիսի առեւտրային բանկի մասնաբաժինները, նա շուտով դառնում է ամենախոշոր փայատերը, ապա նաեւՙ վարչության նախագահ։ Սակայն առեւտրաբանկային ոլորտը նրա համար նեղ էր, եւ Ալ. Մանթաշյանցն սկսում է լրջորեն հետաքրքրվել Բաքվի նավթարդյունաբերությամբ։

Ռուսական կայսրության նավթի միակ խոշորագույն աղբյուրը Ապշերոնյան թերակղզին էր։ Մենք «Ազգի» համարներից մեկում (2001 թ. դեկտեմբերի 6) մանրամասն անդրադարձել ենք Բաքվի նավթարդյունաբերությանը եւ ապացուցել, որ այն հիմնել ու զարգացրել են գերազանցապես հայ նավթարդյունաբերողները։ Հիշեցնենք միայն, որ 1883 թ. մեծավ մասամբ հայերի շնորհիվ ամերիկյան նավթն իսպառ դուրս մղվեց ռուսական շուկայից։

Բնական է, որ այս վիթխարի տնտեսական իրադարձությունները չէին կարող չգրավել Ալ. Մանթաշյանցի ուշադրությունը։ Օգտագործելով պատեհ առիթը, 1889 թ. նա գնեց «Ա. Ծատուրյան եւ մյուսներ» ընկերության մասնաբաժինները, ապա ձեռք բերեց գործընկերների փայերը եւ 1892 թ. հիմնեց իր ֆիրմանՙ «Ա. Հ. Մանթաշյանց եւ ընկ.» («F. Y. Vfynfitd b Rj»), որին վիճակվեց դառնալ հայերի երբեւէ ստեղծած ամենախոշոր առեւտրական ու նավթարդյունաբերական ընկերությունը։ Որոշ պատկերացում կազմելու համար առանձնացնենք թեկուզ 1899 թ. տվյալները։ Այդ թվականին Ալ. Մանթաշյանցը գրում էր. «Անձամբ ես զբաղվում եմ տարեկան ավելի քան 2 մլն փութ (ավելի ստույգՙ 2,4 մլն¬ Խ. Դ.) կերոսին Անգլիա արտահանելով եւ տիրում եմ երկու հեղուկատար շոգենավերի, որոնք երթեւեկում են Բաթումի ու Լոնդոնի միջեւ եւ ուղարկվում են Ամերիկա»։

Այդ նույն թվականին «Ա. Հ. Մանթաշյանց եւ ընկերությանը» «Ապշերոնյան թերակղզու Բալախան, Սապոնչի, Ռոման, Զաբրաթ, Բիբի-Հեյբաթ եւ այլ վայրերում պատկանում էր ավելի քան 173 դեսյատին1 նավթային հողատարածք, որից 147 դեսյատինը ֆիրմայի սեփականությունն էր։ Սեւ քաղաքում ուներ կերոսինի գործարանՙ տարեկան 12 մլն փութ արտադրողականությամբ, Սպիտակ քաղաքումՙ քսայուղերի ստացման գործարան, իսկ դրան կիցՙ 100 սաժեն(2) երկարությամբ նավամատույց, Զաբրաթումՙ հատուկ մեխանիկական արհեստանոց, Բաթումումՙ նավթարկղների պատրաստման գործարանՙ տարեկան 12 մլն հատ արտադրողականությամբ, Օդեսայումՙ կերոսինամուղ կայան։ Ֆիրմայի նավթամուղները 50 վերստ(3) երկարություն ունեին։ Առեւտրական տունը գրասենյակներ, գործակալություններ եւ պահեստներ ուներ Զմյուռնիայում, Սալոնիկում, Կ. Պոլսում, Ալեքսանդրիայում, Կահիրեում, Պորտ-Սայիդում, Դամիեթում, Մարսելում, Լոնդոնում, Բոմբեյում եւ Շանհայում։

1909 թ. ֆիրմայի շարժական եւ անշարժ գույքը, ֆինանսական ակտիվները կազմում էին ավելի քան 60 մլն ռուբլի։

1899-1909 թթ. «Ա. Հ. Մանթաշյանց եւ ընկ.» հիմնական կապիտալի չափով ռուսական նավթարդյունաբերությունում ամենախոշոր ֆիրման էր։

1911 թ. Բաքվի 7 ֆիրմաներին, որոնցից 5-ը հայկական էին եւ որոնցից յուրաքանչյուրն արդյունահանում էր տարեկան ավելի քան 20 մլն փութ նավթ, բաժին էր ընկնում 178 ֆիրմաների արդյունահանածի 44 տոկոսը։

Պակաս կարեւոր չէ մեկ այլ հանգամանք եւս. ինքը լինելով մենատերՙ Ալ. Մանթաշյանցը բացառիկ հաջողությամբ դիմագրավում էր մյուս երկու մենատերերինՙ «Նոբել եղբայրներ» ընկերակցությանը եւ Ռոտշիլդ եղբայրների Կասպից-սեւծովյան ընկերությանը։ Հետաքրքրական է հատկապես հետեւյալ փաստը. 1893 թ. Նոբելներն ու Ռոտշիլդները միանում ենՙ կերոսինի արտահանումը միահեծանորեն իրենց ձեռքը վերցնելու նպատակով։ Որպես պատասխան քայլ, Մանթաշյանցը միավորում է հայ նավթարդյունաբերողներին, ստեղծում կերոսինի արտադրողների միություն («Մանթաշյանցի խմբավորումը»)ՙ ի չիք դարձնելով մրցակիցների նկրտումները։ Դրա հետեւանքով երեք մենատերերը սկսում են վերահսկել Բաքվի նավթարդյունաբերության 98 տոկոսը եւ միմյանց միջեւ բաժանում արտասահմանյան շուկաները։ Մանթաշյանցի շնորհիվ, փաստորեն, պաշտպանվում են հայ նավթարդյունաբերողների շահերը։

Ալ. Մանթաշյանցի մահից հետո (1911 թ., ապրիլի 19) հայկական այդ խոշորագույն ֆիրման անցավ նրա չորս որդիներից մեկինՙ Լեւոնին, անհավասարակշիռ եւ արկածախնդրության հակում ունեցող մի մարդու, որի ապաշնորհ ղեկավարման արդյունքում 1916 թ. ֆիրման դադարեց գոյություն ունենալուց։

Մարդու գործը

Ալ. Մանթաշյանցի տնտեսական հանճարն ուղիղ համեմատական էր նրա մարդկային էությանը։

Բնավորությամբ սանգվինիկ էր, չէր սիրում մենություն, հումորի սուր զգացում ուներ, կատակում էր։ Բրիջ էր խաղում եւ համարյա ամեն օր թատրոն հաճախում։ Թիֆլիսում, ուր կային բազմաթիվ հայ չքավորներ, գաղթականներ, իրեն անչափ համեստ էր պահումՙ ոսկեղեն չէր կրում, սեփական կառք անգամ չուներ, կամ ոտքով էր քայլում, կամ տրամվայ նստում։ Բայց տարվա մեջ 3-4 ամիս անցկացնում էր Փարիզում, ուր բնակարան ուներ Շանզ Էլիզեում եւ լիովին վայելում էր կյանքի հաճույքները։

Սակայն ամենաէական գիծը, թերեւս, անհուն նվիրվածությունն էր Հայ առաքելական եկեղեցուն եւ իսկական հայ քրիստոնյայի նման բարերարությունը համարում էր կենսակերպ։ Առաջին բարեգործությունն արել է դեռեւս 1869 թ. Մանչեստրում, երբ տեղի Սբ. Երրորդություն եկեղեցու համար ռուսահայ Հովսեփյանի հետ տրամադրել էր 40 ֆունտ ստեռլինգ, իսկ մեկ տարի անցՙ ընդամենը 5 ֆունտ։

Բարեգործության գագաթնակետն, անշուշտ, Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու կառուցումն էր (1901-1904 թթ.), որի համար տրամադրեց 2 մլն 110 հազ. ֆրանկ եւ նվիրաբերեց ազգին։

1910-1914 թթ. նրա հատկացրած 250 հազ. ռուբլով կառուցվեց Սբ. Էջմիածնի Վեհարանի շենքը։

1881-ից դարձավ «Կովկասյան հայոց բարեգործական ընկերության» հիմնադիր անդամներից, իսկ հետագայումՙ ցմահ պատվավոր նախագահ։

1909-ին 300 հազ. ռուբլի տրամադրեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր շենքի կառուցման համար։

Գրականության եւ արվեստի սիրահար էր։ Անգիր գիտեր Սայաթ-Նովա եւ ֆինանսապես օժանդակում էր Հովհ. Թումանյանին, Ալ. Շիրվանզադեին, Մուրացանին, Մ. Չերազին, Ա. Չոպանյանին եւ այլոց։

Հովհ. Այվազովսկու երեք կտավ ուներ, որոնցից մեկըՙ «Բայրոնի այցը Սբ. Ղազար»։

«Ուսանողությունը մեր ազգի ապագան է». սա իր սկզբունքն էր եւ մոտավոր հաշվարկներով 1000 ուսանողի իր հաշվին կրթության ուղարկեց Ս. Պետերբուրգ ու Եվրոպա։ Նրանց թվում էին Կոմիտասը, ապագա կաթողիկոս Գեւորգ Չորեքչյանը, Սիամանթոն, Հ. Մանանդյանը, ապագա կոմունիստ Ստ. Շահումյանը, Առաջին հանրապետության ապագա վարչապետ, դաշնակցական Ալ. Խատիսյանը եւ այլք, եւ այլք։

Ըստ իս, Ալ. Մանթաշյանցը որոշ իմաստով նաեւ դժբախտ էր։ Կինըՙ թիֆլիսահայ նշանավոր վաճառական Թամամշյանի դուստր Դարյան, շաքարախտից վախճանվեց Ֆրանկֆուրտում։ Եթե չորս դուստրերից գոհ էր (մեկիՙ Նադեժդայի անունը թարգմանել էր Հուսիկ եւ կոչել էր իր նավերից մեկը), ապա նույնը չէր կարող ասել որդիների մասին. վերջիններս նյութապաշտ էին եւ միայն վատնելու ցանկություն ունեին։ Զուր չէ, որ Թիֆլիսում 3 մլն ռուբլի արժեքով իր անշարժ գույքը կտակեց որդիներից եւ հայ լուսավորչական կանանցից ծնված թոռներին, իսկ կրտսեր որդունՙ Գեւորգին, իր 25 մլն ռուբլի կարողությունից մի չնչին մաս կտակեց։

Մահացավ Ս. Պետերբուրգում, երիկամների երկարատեւ հիվանդությունից։ Երբ հինգ օր անց դին տեղափոխվեց Թիֆլիս եւ հողին հանձնվեց կնոջ գերեզմանի հարեւանությամբ, Մայր եկեղեցու գավթում, նրա նախկին բանվոր Ալ. Շիրվանզադեն «Հորիզոն» պարբերականում գրեց. «Սույն կորուստը, որ այսօր կրում է հայ ժողովուրդը, անփոխարինելի է։ Գումարների ահագին քանակությունը չէր, որ առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է։ Սիրտըՙ ահա այն, որ կատարում էր միակ դերը եւ վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ։ Նա տալիս էր առանց հետին հաշիվների, սին փառամոլության, տալիս էր, որովհետեւ այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին։ Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ, որ աջ ձեռքը տալիսՙ ձախը չիմանա։ Դա նրա համեստությունն էր, որ այնքա՜ն հազվագյուտ է ներկայիս։

Հրապարակայնորեն հայտնի է նրա արած գործերի հազիվ մի մասը։ Անթիվ անհամար են անհայտները, որոնց մասին նրա մերձավորները միայն գիտեին...

Ազգին է մնում միայն իր խորին երախտագիտությամբը գնահատել այսպիսի սիրտը։ Եվ նա անշուշտ կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ»։

Այո՛, ժամանակն է, վաղուց ժամանակն է, որ ազգը, մենք բոլորս գնահատենք Ալ. Մանթաշյանցին եւ երախտագիտությամբ գլուխ խոնարհենք այդ մեծ հայի հիշատակի առջեւ։ Հիշատակի առջեւ մի մարդու, որն իր ժողովրդի երջանկաբեր աստղն էր։

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

1. 1 դեսյատինը = մոտ 1,5 հա

2. 1 սաժենը = 2 մ

3. 1 վերստ = մոտ 1 կմ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4