«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


«ՎՐԱՍՏԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ»

Ալմաթիում հայտարարեց Ռուսաստանի նախագահը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի գլխավոր ինտրիգը, Համագործակցության անդամ երկրների լրագրողների կարծիքով, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էդուարդ Շեւարդնաձեի հանդիպումն էր։ Եվ իսկապես, գագաթաժողովին հաջորդած նախագահներիՙ զանգվածային լրատվության միջոցների հետ հանդիպման ժամանակ տրված միակ հարցը վերաբերում էր Վրաստանում ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչների հայտնվելուն եւ այդ առթիվ Ռուսաստանի մոտեցմանը։ Սակայն մինչ այս խնդրին անդրադառնալը ներկայացնենք այն իրադարձությունները, որոնք նախորդեցին ԱՊՀ երկրների նախագահների հանդիպմանը։

Հայաստանի պատվիրակությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթի ժամանեց փետրվարի 28-ի երեկոյան։ Հենց նույն օրն էլ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ։ Հանդիպման վերաբերյալ տեղեկացանք միայն, որ քննարկվել են հիմնականում երկու երկրների տնտեսական համագործակցության հարցեր։ Ավելի ուշ հանդիպումը փոքր-ինչ «բացեց» արտգործնախարար Վարդան Օսկանանըՙ հայտնելով, որ երկու երկրների նախագահները քննարկել են թուրքմենական գազն Իրանի տարածքով Հայաստանին մատակարարելու հնարավորությունը։ Հաջորդ օրըՙ երեկ, Հայաստանի նախագահը հանդիպեց Վրաստանի իր գործընկերոջ հետ, բայց այս անգամ քննարկված հարցերն առավելապես տարածաշրջանային էին։

«Առանց փողկապների» գագաթաժողովը տեղի ունեցավ Ալմաթիից 25 կմ հեռավորության եւ ծովի մակերեւույթից 2300 մ բարձրության վրա գտնվող «Չիմբուլակ» մարզաառողջարանային համալիրում։ Մինչ հանդիպումը եւ դրա ընթացքում ղազախական իշխանություններն անվտանգության ապահովման խստագույն միջոցառումներ էին անցկացրել։ Երկնքում ժամանակ առ ժամանակ պտտվում էին ռազմական ուղղաթիռները, մի շարք վայրերում կանգնած էին զրահամեքենաներ, իսկ շրջակա բարձունքներում տեղակայված էին նշանառուները։ Բուն հանդիպումը նախատեսված երկու ժամի փոխարեն տեւեց ավելի քան 4 ժամՙ առաջացնելով նախագահների հետ հանդիպմանը սպասող լրագրողների դժոհությունը, որոնք այդ ընթացքում զգացին լեռնային ցրտաշունչ եղանակի ողջ խստությունը։ Սակայն դա փոխհատուցվեց տարբեր ազգերի «գրչակից եղբայրների» միջեւ սկիզբ առած ջերմ եւ փոխադարձ ճանաչողական զրույցով։

Ի վերջո, երբ ավարտվեց նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, լրագրողների առջեւ հանդես գալու լիազորությունը ստանձնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերից հայտնի դարձավ, որ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, հակաահաբեկչական կոալիցիայի երկրների համագործակցության, Աֆղանստանի վերականգնման եւ խաղաղ կյանքին անցնելու խնդիրները։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրեց, որ բոլոր երկրների ղեկավարները շահագրգռված եւ միակարծիք էին, որ տնտեսական ավելի սերտ համագործակցությունը շահավետ կլինի բոլորի համար։ Նախագահները հավանություն են տվել նաեւ Մոլդովայի իշխանությունների դիրքորոշմանն այդ երկրում ծագած ներքաղաքական խնդիրների կարգավորման հարցում։ Ուկրաինայում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ ասվեց, որ դրանց կհետեւեն ԱՊՀ երկրների դիտորդները։ Եվ վերջապես, էներգետիկ ոլորտում համագործակցության սերտացման քայլեր կձեռնարկեն 4 երկրներՙ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Կիրգիզիան։ «Ընդհանուր առմամբ մենք բոլորս կարող ենք ասել, որ բավարարված ենք հանդիպումից», իր խոսքը եզրափակեց Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը վերստին ելույթ ունեցավՙ պատասխանելով Վրաստանի իրադարձություններին առնչվողՙ վերեւում արդեն հիշատակված հարցին։ Նա նախ շնորհակալություն հայտնեց Էդ. Շեւարդնաձեին, քանզի չնայած երկրում ներքաղաքական լարվածությանը, վերջինս ժամանել էր Ալմաթի։ Վլ. Պուտինը նշեց, որ բարձր է գնահատում Վրաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, որը որակական փոփոխություններ կրեց հատկապես այդ երկրում ուժային նախարարների փոփոխությունից հետո։ Երկրորդ հանգամանքը, որ կարեւորեց Ռուսաստանի նախագահը, այն է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր անվտանգության ապահովման քաղաքականությունն իրականացնել այնպես, ինչպես հարկ է համարում։ Նա օրինակ բերեց Միջին Ասիայի երկրների հետ հակաահաբեկչական պայքարում Ռուսաստանի սերտ համագործակցությունը, որը, սակայն, չի նշանակում, թե «որեւէ մեկը Ռուսաստանից ինչ-որ թույլտվություն է խնդրում»։ «Ինչո՞ւ դա կարելի է Միջին Ասիայի երկրներին, իսկ Վրաստանինՙ ոչ», հռետորական հարց տվեց Վլ. Պուտինը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում այդ իրադարձությունների բուռն արձագանքին, ապա դա հետեւանք է նրա, որ տվյալ դեպքում Ռուսաստանին ոչինչ չի տեղեկացվել վրացական կողմից։ Տեղեկատվությունը Ռուսաստանը ստացել է ամերիկացիներից։

Վրաստանի նախագահը եւս իր պարզաբանումը տվեց, ասելով, որ լիակատար համաձայնություն է հայտնում Ռուսաստանի նախագահի խոսքերին, սակայն իր խոսքի շարունակության մեջ նա նշեց, որ ոչինչ չի թաքցրել, «Ռուսաստանի դեսպանությունը տեղյակ է եղել, իսկ Ռուսաստանի ղեկավարությունը տեղեկացված է եղել ամերիկացիների կողմից»։ Էդ. Շեւարդնաձեն հայտնեց նաեւ, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը պայմանավորվածություն ունեն կազմակերպված հանցագործության եւ ահաբեկչության դեմ պայքարելու մասին։ Ամերիկացիներն օգնել են Վրաստանին սահմանապահ զորքեր ստեղծելու, իսկ այժմ լուրջ մտադրություն ունեն օժանդակելու հակաահաբեկչական խմբերի ստեղծման հարցում։ Որեւէ այլ երկիր, Էդուարդ Շեւարդնաձեի հավաստմամբ, դա չի կարող անել։ Ինչ վերաբերում է բարձրացրած աղմուկին, ապա Վրաստանի նախագահը հարկ համարեց հիշեցնել, որ եկել են ընդամենը 3¬4 ամերիկյան մասնագետներ։ «Սակայն հետագայում ավելի շատ մարդիկ են գալու ԱՄՆ-ից, որովհետեւ հակաահաբեկչական խմբերի ստեղծումը հեշտ հարցերից չէ», համոզմունք հայտնեց Վրաստանի նախագահը։

Այնուհետեւ գագաթաժողովի մասնակիցներին եւ լուսաբանողներին շնորհակալություն հայտնեց հյուրընկալ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչով էլ այս հանդիպումն անցավ պատմության գիրկը։ Իսկ մինչ Երեւան ժամանելը Հայաստանի նախագահը եւս մեկ հանդիպում ունեցավՙ այս անգամ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինի, որի բովանդակության վերաբերյալ լրագրողներին պարզաբանումներ չտրվեցին։

Նախապես ակնկալվող Քոչարյան-Ալիեւ հանդիպումը չկայացավ, որովհետեւ, ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի նախագահն առողջական վիճակի պատճառով չէր մասնակցում ԱՊՀ նախագահների «առանց փողկապների» հանդիպմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4