«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԳՆԱՆ ԴԱՇԻՆՔՈՎ

«Ցեղասպանության մասին օրինագիծը հայ ժողովրդի արժանապատվության օրենքն է»

«ՀՌԱԿ 2000 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած վերջինՙ 10-րդ պատգամավորական ժողովը վարչության առաջ հստակ խնդիր է դրելՙ ձեւավորել աջ քաղաքական ուժերի դաշինք։ Մենք հակված ենք դրան, այդ ուղղությամբ աշխատում ենք։ Կարծում ենք, ապագա ընտրություններին ՀՌԱԿ-ը կմասնակցի դաշինքով ոչ թե նրա համար, որ կարողություններ չենք գտնում առանձին մասնակցելու եւ արդյունքներ ունենալու, այլ կարծում ենք, նման մասնակցությունը մի շարք քաղաքական կուսակցությունների հետ կնպաստի կուսակցական համակարգի զարգացմանը, որպեսզի մեզանում լինեն ավելի ազդեցիկ, բայց քիչ թվով կուսակցություններ», ի դեմս ատենապետ Ռուբեն Միրզախանյանի ՀՌԱԿ-ն առաջին աջ գաղափարակիր քաղաքական ուժն է, որը հստակ հայտարարում է գալիք ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին։ Թե հատկապես որ ուժերն են այդ հնարավոր դաշնակիցները, պրն Միրզախանյանը չպարզաբանեց, պատճառաբանելով. «Հարաբերվում ենք ե՛ւ խորհրդարանում ներկայացված, ե՛ւ նրանից դուրս ուժերի հետ։ Երեւի թե դաշինքների ձեւավորման մասին պետք էր հայտարարել ընտրություններից, ասենք, 40 օր առաջ։ Քանի որ, եթե այսօր հայտարարենքՙ ում հետ, կարող են առաջանալ ընդհանուր ցուցակների խնդիրներ եւ հարցեր, որոնք վաղն ուղղակի թույլ չեն տա նման դաշինքներ ձեւավորել»։

Ակնհայտ է սակայն, որ գոնե այս պահին գրեթե անիրական կարող են լինել ՀՌԱԿ-ՀՀԿ հարաբերությունների սերտացումները, չնայած հանրապետականները եւս լիբերալ քաղաքական կողմնորոշում են ցույց տալիս։ Խնդիրն այն է, որ ՀՌԱԿ-ն առիթ ունեցել է քննադատելու հանրապետականներինՙ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին նախագահի արած հայտարարությունը չպաշտպանելու համար։ Փոխարենը, իր վերջին ասուլիսի ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե այսքան շուտ որեւէ թեկնածուի պաշտպանության մասին հայտարարություններ անելն անգործություն է եւ քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց։

Երեկ կայացած ասուլիսի ընթացքում ՀՌԱԿ ատենապետը, պատասխանելով Գ. Սահակյանի հայտարարությանը, նշեց. «Պետք է նայել, թե քաղաքական կազմակերպությունը ինչն է անգործություն համարում։ Եթե անգործության հակառակ տարբերակը երթուղային տաքսու գիծ նայելն է, ապա դա այլ երեւույթ է։ Եթե դրա հակառակ տարբերակը տարիներ ի վեր քաղաքական կուսակցության անունով տոնավաճառ («Հրազդան» մարզադաշտ) խաղացնելն է, դա «լո՜ւրջ» գործ է։ Իսկ մենք կարծում ենք, որ քաղաքական կուսակցությունն իրապես կոչված է մասնակցելու կարեւոր նշանակություն ունեցող ընտրություններին, լինեն դրանք նախագահական թե ԱԺ-ի։ Հետաքրքրական երեւույթ է, երբ հարցն արծարծվում է հատկապես իշխանության մասնակցող ուժերի կողմից։ Նրանց ոչ թե հուզում էՙ պաշտպանելու ենք, թե՞ չենք պաշտպանելու նախագահին, այլ մտածում են այն մասին, թե այդ ի՞նչ իրավունքով է քաղաքական կազմակերպությունն իր կարծիքն արտահայտել»։

Այնուհանդերձ, գոնե մեկ հարցում այս երկու կուսակցությունները համակարծիք են, երկուսն էլ պաշտպանում են նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների տարբերակը։ ՀՌԱԿ-ն ընդհանրապես համարում է, որ կառավարման համակարգի բոլոր ճյուղերն էլ Հայաստանի նման «տկար» երկրում պետք է ուժեղ գործող լինեն։ Այս առումով, ըստ Ռ. Միրզախանյանի, կամ պետք է գործի ներկա սահմանադրությունը, կամ նախագահի ներկայացրած նախագիծը. «Մնացյալը տեսական վարժություններ են»։

Ռամկավարների համար ընդունելի փոփոխության տարբերակը սակայն անթերի չէ, որի պատճառով էլ երկու շաբաթ առաջ ՀՌԱԿ-ն առաջարկների մի փաթեթ է ներկայացրել, որը, հուսով է, խորհրդարանն անպայման հաշվի կառնի։ Սակայն ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեի ժամկետի մասին հանրապետության նախագահի հայտարարությանը, թե նպատակահարմար է հանրաքվեն համընկնեցնել որեւէ համապետական ընտրությանը, Ռուբեն Միրզախանյանը գտնում է. «Տվյալ պարագայում մենք համամիտ ենք, որ նման տեսակի զուգակցումը որեւէ ընտրությանը հասարակության մասնակցության առումով ավելի արդյունավետ կլինի։ Ինչ վերաբերում է, թե որ ընտրություններին կարելի է զուգակցել, կարծում ենք, պայմանավորված կլինի խորհրդարանական քննարկումների ընթացքով։ Այդ հարցի մասին վաղօրոք է խոսել, որովհետեւ մենք չգիտենք քանի եռօրյա նիստ կտրամադրվի քննարկմանը։ Զուգակցումը արդյունավետ կարող է լինել նաեւ ծախսերի առումով, որոնք իրականացվում են նման կարգի միջոցառումների ժամանակ»։

Երկրորդ խնդիրը, որ կարեւորում է ՀՌԱԿ-ը, «1915¬22 թթ. Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» օրենքի նախագծի շրջանառության մեջ դրվելն է, որի կապակցությամբ, ի դեպ, կուսակցությունն օրերս հանդես է եկել հայտարարությամբ։ Պարզաբանելով իրենց դիրքորոշումը խորհրդարանական «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորման» խմբի հեղինակած օրինագծին իրենց պաշտպանության դրդապատճառները, պրն Միրզախանյանը նշեց. «Ողջունում ենք այդ խմբի նախաձեռնությունը։ Մոտ օրերս հանդես կգանք նախագիծը բարելավող առաջարկներով, որոնք արդեն պատրաստ են։ Կարծում ենք, որ նախագծում առկա ինը հոդվածները պետք է տեսքի բերվեն համաձայն միջազգային իրավունքի։ Օրենքի ընդունումը կարեւոր էՙ ելնելով այն պարզ ճշմարտությունից, որ կարող ենք ունենալ առաջընթաց հասարակական զարգացման տարբեր ոլորտներում, եթե հավատարիմ մնանք մեր պատմական հիշողությանը։ Սա հայ ժողովրդի արժանապատվության օրենքն է։ Ճիշտ էՙ դրա ընդունման անհրաժեշտության համար խթան են հանդիսացել Իսրայելի դեսպանի հայտարարությունները, ինչպես նաեւՙ այսպես կոչված «Թուրք-հայ հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումը, բայց անկախ այդ ամենից, նման օրենքի ընդունումը ծայրաստիճան կարեւոր է»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ՀՌԱԿ-ը գնահատում Վրաստանի Պանկիսի կիրճում ԱՄՆ ռազմական ստորաբաժանման հաստատումը, կուսակցության ատենապետը նշեց, թե դա տարածաշրջանում բացարձակ նոր իրավիճակ է ստեղծում։ «Մեզ կարող է կանգնեցնել նոր իրողությունների առջեւ։ Հայտնի է, որ Հայաստանը շատ որոշակի ռազմաստրատեգիական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, եւ տարածաշրջանում այլ պետության զինված ուժերի առկայությունը չի բխում Հայաստանի ռազմավարական հետաքրքրություններից»։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4