«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐՙ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ձեւավորվեց ՀՌԱԿ նոր ակումբ եւ եղան նորագիրներ

Գարնան առաջին օրը հիշարժան եղավ ոչ միայն «Թեքեյան» կենտրոնում հավաքված Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության նորագիրների, այլեւ Հայաստանի տարբեր վայրերում բնակվող ռամկավարների համար։ ՀՌԱԿ վարչության ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը վարչության եւ իր անունից շնորհավորեց կուսակցության բոլոր անդամներինՙ գարնան առաջին օրվա առիթով։ Գեղեցկության եւ մաքրության այս օրը ՀՌԱԿ-ին անդամագրվեցին Երեւանի Դավիթաշեն թաղամասի բնակիչներՙ մաթեմատիկոս-տնտեսագետ, գործարարներ, մանկավարժներ, բակալավր Սյուզաննա Հոբոսյանը, ուսանող Արմեն Աբրահամյանը։

Ինչպես ասաց ՀՌԱԿ ատենադպիրը, արդեն սովորույթ է դարձել կուսակցության շարքերը համալրել ոչ միայն մտավորականության ներկայացուցիչներով, այլեւ ուսանողներով, որոնք վստահում են կուսակցության քաղաքական գծին, եւ կուսակցությունն է հավատում նրանց։ Նոր ձեւավորված «Դավիթաշեն» ակումբի ատենապետ Աշոտ Գալստյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ ՀՌԱԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնողներ Դավիթաշենում շատ կան, բայց «մենք բնավ էլ չէինք ուզում հանրահայտ կուսակցությունների նման էլեկտրիկների, ֆիզիկոսների, արցախյան ազատամարտի մասնակիցների, տնային տնտեսուհիների շարաններ ստեղծել։ Պետք է ընդունվեն նրանք, ովքեր հավատարիմ կլինեն կուսակցության ռամկավար-ազատական գաղափարախոսությանը»։

Ակումբի ատենապետի խոսքն է հաստատում նորագիր Արմեն Աբրահամյանը, որը Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսում է սովորում. «Վաղը, մյուս օրը ավարտելու եմ համալսարանը եւ մտնելու եմ շուկայական հարաբերությունների բարդ աշխարհը։ Գիտեմ, որ իմ մասնագիտության տեր մարդկանց համար Ռամկավար Ազատական կուսակցությունը գործունեության մեծ հնարավորությունների նախանձախնդիր է, ուստի իմ անդամակցությունը ես պատահականություն կամ պատեհապաշտություն չեմ համարում»։

Գարնան նման չքնաղ մի կինՙ մանկավարժ Աշխեն Արամյանը, գարնան առաջին օրը հույսով ու հավատով է լցված, որովհետեւ «բավական է բողոքենք ու նվնվանք, ասում է նա։ Այս կուսակցությունը գործունյա, ստեղծագործ, շնորհ ունեցող մարդկանց համար իսկապես գործունեության հնարավորություններ ստեղծում է։ Տեսեք, այս կուսակցության ղեկավարությունն ավելորդ խոստումներ չի տալիս։ Ասվածը, ցանկություններն անչափ ռեալ են, իրական։ Անշուշտ, հաճելի է, երբ խաբկանքը բանաստեղծական է, պոեզիայի աշխարհում է։ Բայց քաղաքականության ոլորտում, հատկապես երկրի այսօրվա ու վաղվա համար մտահոգ կուսակցական «խաբկանքները» միշտ էլ կործանարար են լինում երկրի ու ազգի համար։ Կրկին ասեմ, այս կուսակցությունը իրական խնդիրներ է առաջադրում»։

Եվ այսպես, գարնան առաջին օրը ՀՌԱԿ-ի «Այգեստան» եւ «Դավիթաշեն» ակումբներում եղան 10 նորագիրներ, ձեւավորվեց «Դավիթաշեն» ակումբի վարչությունը եւ կուսակցական անդամատոմսեր հանձնվեցին արդեն ՀՌԱԿ-ի անդամներին։

Արարողությունն անցկացրին ՀՌԱԿ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը եւ գործիչ Կարեն Կակոյանը։

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4