Նոր գաղափարներին Ստեփանակերտը կծանոթանա եռանախագահների տարածաշրջան այցելության ընթացքում
Հինգշաբթի, ուշ երեկոյան հայրենիք վերադարձավ Ադրբեջանի նախագահը։ Բաքվի «Բինա» օդանավակայանում լրագրողներին Հ. Ալիեւն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Նյու Յորքում հանդիպման ընթացքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները Քի Վեսթում մշակված սկզբունքների հիմքով շարունակելու մասին։ Ալիեւի խոսքերով, որոնք մեջբերում է Բաքվի «525 գազեթ» օրաթերթը, համանախագահները ներկայացրել են առաջարկություններ, ինքը ներկայացրել է Ադրբեջանի տեսակետները։ «Չեմ կարծում, թե համանախագահները ինձ մի առաջարկություն են անում, Ռոբերտ Քոչարյանինՙ մեկ ուրիշ», ասել է Ալիեւը։
«Գոնե այսօրվա հանդիպման ընթացքում որեւէ արմատական առաջարկություն չի եղել։ Ես կարծում եմՙ այս հանդիպմամբ փորձ արվեց շոշափելու հայկական կողմի դիրքորոշումը որոշ հարցերի շուրջ, ինչը համանախագահներին կօգնի կողմնորոշվելու գալիք 10 օրերի ընթացքում», փետրվարի 27-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը։
Նախքան Քոչարյանի եւ եռանախագահների Վիեննայում կայացած հանդիպումը, ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիան ներկայացնող Ֆիլիպ դը Սյուրմենն ակնարկել էր, որ ղարաբաղյան կարգավորման հիմքում դրված են Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները։ «Ես կասեի, որ Քի Վեսթի մեր աշխատանքը դեռ չի վերջացել, շարունակվում է», Վիեննայի հանդիպումից հետո ասել էր ամերիկյան եռանախագահ Ռուդոլֆ Փերինան, որին հետեւել էր Օսկանյանի լավատեսությունը. «Ողջունելի է, եթե համանախագահները համարում են, որ Քի Վեսթը, կոպիտ ասած, չի մահացել, որովհետեւ այնտեղ ինչ-որ հիմք էր ստեղծվել»։
Հակամարտության երրորդ կողմըՙ ԼՂՀ-ն, դեռեւս տեղեկացված չէ Մինսկի խմբի նոր կամ նորացված առաջարկությունների տարբերակին։ Փոխարտգործնախարար Մայիս Մայիլյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ, ինչպես եղել է նախկինում, այս անգամ էլ հավանաբար կարգավորման առաջարկություններին պաշտոնական Ստեփանակերտը կծանոթանա եռանախագահների առաջիկայում տարածաշրջան այցելության ընթացքում։ Ենթադրվում է առաջիկա տասն օրերի ընթացքում եռանախագահների այցը Բաքու, Ստեփանակերտ, Երեւան։
Նախագահ Ալիեւը լրագրողներին ասել է, թե տեղեկություններ չունի, որ մարտին Ադրբեջան են ժամանելու ԱՄՆ խաղաղարար ուժեր, ինչի մասին նախօրեին ակնարկել էր Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը։ Նման հարց չի շոշափվել ո՛չ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռ. Արմիթաջի, ո՛չ էլ փոխնախագահ Դ. Չեյնիի հետ հեռախոսազրույցներում, ասել է Ալիեւը, հավելելով, որ կճշտի այդ տեղեկությունը։
Թ. Հ.