«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2002-02-28 | #39, 2002-03-01 | #40, 2002-03-02


ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԱՐԵԼ Է ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

«Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունն ակտիվացնելու մեջ արտառոց ոչինչ չկա», ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ալմա Աթա մեկնելուց առաջ հայտարարեց Էդ. Շեւարդնաձեն, հիշեցնելով, որ Վրաստանին ԱՄՆ ռազմական օժանդակություն տրամադրելու հնարավորությունը քննարկվել է իրՙ 2001 թ. աշնանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։ «Վրաստանը ԱՄՆ-ի նման ուժեղ գործընկերոջ կարիք է զգում։ ԱՄՆ-ը գերտերություն է, իսկ նրա հետ գործընկերային հարաբերությունները Վրաստանի համարՙ շատ լավ վահան», ասել է Շեւարդնաձեն, խոստովանելով, որ ռազմական առումով այսօր Վրաստանը չի կարող իրեն պաշտպանել։

Հաղորդագրությունները, թե Վրաստան են ժամանում մասնագետներ, որոնք կօգնեն երկրի պաշտպանական կարողություններն ամրապնդելու եւ բանակը բարեփոխելու, առաջացրին «իսկական հիստերիա», ասել է Շեւարդնաձեն, նկատի ունենալով Ռուսաստանին։

Վրաստանի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ահաբեկչության դեմ պայքարում եւ երկրի անվտանգության ապահովման առումով Վրաստանն արեց կարեւոր քայլ։ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ այլ բարեկամական պետությունների հետ համագործակցության խորացումը Վրաստանի զինված ուժերին կօգնի բարձրացնելու ռազմական պատրաստակամությունը եւ իր տարածքների վրա իրականացնելու լիակատար հսկողություն»։

Ալմա Աթա մեկնելուց առաջ, որտեղ կհանդիպեն Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահները, Շեւարդնաձեն սպառնացել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իշխանություններինՙ հակամարտությունները կարգավորել ուժային եղանակներով։ «Աբխազները եւ օսերը պետք է հասկանան, որ գնալու տեղ չունեն», ասել է Շեւարդնաձեն։ «Փրայմս նյուս» գործակալությունը հաղորդում է, որ Սուխումի իշխանությունները մոտակա օրերին նամակ են հղելու Պուտինինՙ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ասոցիացված հարաբերություններ հաստատելու խնդրանքով։

Ութ տարի շարունակ Շեւարդնաձեն փորձում էր ամեն գնով Վրաստանը ներգրավել ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում նրա դաշնակից Թուրքիայի ազդեցության ոլորտ։ Թվում է, Շեւարդնաձեն հաջողության է հասել։ Մնացել է եւս մեկ անհայտՙ ի՞նչ գին պետք է վճարի դրա դիմաց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4