ԲԱՔՈՒ, 1 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանական մամուլում հայտնվել են հաղորդումներ իրանական ռազմանավերի կողմից Ադրբեջանի ջրային սահմանի խախտման մասին։ Ինչպես հաղորդում է «Օլայլար» գործակալությունը, Կասպիցի հարավում Ադրբեջանի սահմանը խախտել են «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսին պատկանող նավեր։ Համաձայն տեղեկատվության, միջադեպից մի քանի օր առաջ «Ջենահե Պաստարան» կազմակերպության ղեկավար, գեներալ Ռահիմ Սեֆեւին հայտարարել է, որ «Կասպիցի ադրբեջանական սեկտոր հասկացություն գոյություն չունի»։
Փորձելով խոչընդոտել ԱՄՆ հեգեմոնիայի հաստատմանը Կասպիցում, Իրանն ամրացնում է իր ջրային սահմանները եւ այդ նպատակով Կասպիցի հարավում տեղակայել է 38 ժամանակակից մարտական կատերներ, որոնց վրա տեղադրված են «Սքադ» հրթիռներՙ ուղղված նավթային հանքավայրերին։ Ենթադրվում է, որ ադրբեջանական տարածքային ջրեր ներխուժած իրանական կատերը պարզապես մանեւրներ է իրականացրել եւ փորձարկել իր հեռահաղորդակցական եւ մյուս էլեկտրոնային համակարգերը։