ՀՀ պատանեկան հավաքականն ունակ է կատարելու առաջադրանքը
Մարտի 5¬9-ը Արարատում մինչեւ 17 տարեկանների Հայաստանի, Մալթայի եւ Մոլդովայի պատանեկան հավաքականները կվիճարկեն ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլի միակ ուղեգիրը։ Մրցաշարը կմեկնարկի մարտի 5-ին Հայաստանի եւ Մալթայի պատանիների հանդիպումով։ Երկու օր անց կմրցեն Մոլդովայի եւ Մալթայի հավաքականները, իսկ մարտի 9-ին հայ ֆուտբոլիստները կհյուրընկալեն մոլդովացիներին։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան ապրիլի վերջին Դանիայում։
Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման մրցաշար։ Բնականաբար, առաջին անգամ Հայաստանի հավաքականը ռեալ հնարավորություն է ստացել նվաճելու եզրափակիչի ուղեգիրըՙ հաշվի առնելով մրցակիցների ներուժը։ Ուստի ուրախալի է, որ վերջապես ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հավաքականի առջեւ կոնկրետ նպատակ է դրելՙ դառնալ խմբային մրցաշարի հաղթող։ Նպատակն իրագործելու համար կազմակերպչական եւ նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Պատանեկան հավաքականը մարզիչներ Գեւորգ Քամալյանի եւ Արտաշես Մարկոսյանի գլխավորությամբ տարվա գլխավոր ստուգատեսին սկսել է նախապատրաստվել դեռեւս դեկտեմբերիցՙ առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնելով Արարատի «Այգ» մարզաբազայում։ Այնուհետեւ մարզումները շարունակվել են Երեւանում, Ծաղկաձորում, կրկինՙ Արարատում։ Փետրվարի սկզբին հավաքականն ուսումնամարզական հավաք անցկացրեց Կիպրոսում, իսկ փետրվարի 21-ից կրկին հանգրվանել է «Այգ» մարզաբազայում։ Տղաների խաղային որակները ստուգվում են ընկերական խաղերում։ Հավաքականը ուժերը չափել է առաջին խմբում հանդես եկող «Դինամոյի» (0¬0), բարձրագույն խմբի թիմերիՙ «Բանանցի» (0¬2) եւ «Արարատի» (4¬2) հետ։ Օպտիմալ կազմի ընտրության նպատակով մարզումների եւ խաղերի ընթացքում փորձարկվել են մի շարք ֆուտբոլիստներ։ Ներկայումս արդեն հայտնի են նրանք, ովքեր պայքար են մղելու եզրափակիչի ուղեգրի համար։ Այդ ֆուտբոլիստները ներկայացնում են Արարատի «Արաքսը», Երեւանի «Սպարտակ-2»-ը, «Փյունիկ-4»-ը։ Մարզիչների հավաստմամբ, տղաները լավ մարզավիճակում են եւ ունակ են պայքարելու ուղեգրի համար։ Մեզ մնում է հաջողություն մաղթել ՀՀ պատանեկան հավաքականին ընտրական մրցաշարում։
Հարկ է նշել, որ մրցաշարին պատշաճ մակարդակով է նախապատրաստվել նաեւ «Այգ» մարզաբազայի տնօրինությունը (տնօրենՙ Աբրահամ Բաբայան)։ Ֆուտբոլի ֆեդերացիայի օգնությամբ մարզադաշտի տրիբունայում 200 թիկնաթոռներ են տեղադրվել, կահավորվել են կառավարական եւ մամուլի օթյակները։ Մի խոսքով, թե մրցաշարի մասնակիցների, թե հանդիսատեսների համար Արարատում հիանալի պայմաններ են ստեղծվել։ Մնում է, որ մեր պատանիներն իրենց արդյունավետ ու գրագետ խաղով ուրախացնեն հաղթանակների այնքան կարոտ հայ ֆուտբոլասերներին։