Ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան հաշվետվության, Վրաստանում վիճակը վատ է, Ադրբեջանումՙ շատ վատ
Մարտի 4-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանության տարեկան հաշվետվությունը։ Մամլո ասուլիսում պետքարտուղարի տեղակալը հայտարարեց, որ մարդու իրավունքները եւ ժողովրդավարական չափանիշների պահպանումը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Սա, անշուշտ, վիճարկելի է, քանզի Վաշինգտոնն արտաքին քաղաքականության առաջնահերթություններում առաջնորդվում է իր աշխարհաքաղաքական շահերով, իսկ մարդու իրավունքներ դրույթը շատ հաճախ շահարկում է այս կամ այն պետությանը պատժելու, սանկցիաներ կիրառելու, քաղաքական այլ նպատակներով։
Մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի մասին զեկույցը 18 համակարգչային էջ է, ներկայացնենք առավել ուշագրավ հատվածները։
1998 թ. նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառավարության եւ խորհրդարանի իր նախկին քաղաքական դաշնակիցների ճնշման տակ հրաժարական տվեց։ 1998 թ. նախագահական ընտրությունների երկու փուլերում կային «թերություններ» եւ «նկատելի անկանոնություններ»։ Չնայած «աղավաղված անկանոնություններին», 1999 թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նախորդ ընտրությունների համեմատ նկատելի է բարելավումը։
Վրաստանի մասին զեկույցում նշվում է, որ 2000 թ. ապրիլին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երկրի առաջնորդ է ընտրվել բազմաթիվ լուրջ խախտումներով։ Ադրբեջանի մասին զեկույցի սկզբում ասվում է, որ 1998 թ. հոկտեմբերին Հեյդար Ալիեւը վերընտրվել է վիճելի ընտրություններում, որոնք ուղեկցվել են բազմաթիվ եւ լուրջ խախտումներով, քվեաթերթիկները հաշվելու ընթացքում չի ապահովվել թափանցիկություն։ 2000 թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրությունները նույնպես անցել են բազմաթիվ եւ լուրջ խախտումներով։
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ 2001 թ. սեպտեմբերի 25-ին «հայկական ծագումով» Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը սպանվել է Երեւանի սրճարաններից մեկում։ Ականատեսների վկայությամբ, նախագահ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանել են Պողոսյանին, երբ վերջինս վիրավորել է նախագահին։
2001 թ. ընթացքում բանտերում մահացել են 27 կալանավորներ, կոպիտ վերաբերմունքի եւ պատահարների պատճառով բանակում զոհվել են 92 ծառայողներ։ Բանտային պայմանները անտանելի են, այնուամենայնիվ դրանք շարունակում են բարելավվել. սնունդն ավելի լավ է պատրաստվում, կառուցվել է թոքախտով հիվանդների համար հատուկ հիվանդանոց եւ այլն։ Անվտանգության ուժերի ներկայացուցիչները ձերբակալության եւ հարցաքննության ընթացքում ծեծում են ձերբակալվածներին, անվտանգության ուժերը մնում են անպատիժ։
Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատություն։ Կառավարությունն ընդհանուր առմամբ հարգում է խոսքի ազատությունը, թեեւ մամուլի ազատության տեսանկյունից կան որոշ սահմանափակումներ, լրագրողները շարունակում են կիրառել «ինքնագրաքննությունը» (իմ ընկերների բացարձակ մեծամասնությունը կարող է անկեղծորեն ասել, որ Հայաստանում չկա «ինքնագրաքննություն», մենք գրում ենք շատ ազատ- Թ. Հ.)։ Պաշտոնական գրաքննություն չկա, նշվում է զեկույցում, հրատարակությունները ներկայացնում են տեսակետների բազմազանություն, ընդդիմադիր մամուլը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման զգայուն հարցում հետեւողականորեն քննադատում է կառավարության քաղաքականությունը եւ պետության առաջնորդներին, այդ թվումՙ նախագահին։
Թերթերը տպագրվում են խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, եւ նրանցից ոչ մեկը կատարելապես անկախ չէ։ Թերթերի սահմանափակ տպաքանակի պատճառով հեռուստատեսությունն ամենամատչելի լրատվական միջոցն է։ Նախագահի գրասենյակը շարունակում է զգալի ազդել հանրային հեռուստատեսության լուրերի ընտրության վրա։ Պետության վերահսկողության տակ գործող երկու հեռուստաընկերությունները խուսափում են քննադատել կառավարության գործունեությունը քննադատելուց։
Ըստ ոչ պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայաստանի բնակչությունը մոտավորապես 2 մլն է, արտագաղթը մնում է լուրջ խնդիր։ Կառավարության տվյալներովՙ գործազրկությունը կազմում է 10 տոկոս, այլ աղբյուրներ նշում են շուրջ 40 տոկոս։
Հայաստանի օրենքը կրոնական ազատության որոշ սահմանափակումներ է սահմանում։ Կառավարությունը շարունակում է հրաժարվել «Եհովայի վկաների» գրանցումից։ 2001 թ. ընթացքում Եհովայի 40 վկաներ ազատ են արձակվել բանտից։ Հոմոսեքսուալիստները բողոքում են, որ ոստիկանությունը ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ է բանեցնում, կաշառք պահանջում։ Սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնությունները սաստկանում են, երբ նրանք ի վիճակի չեն լինում վճարել ոստիկաններին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանում բնակվող գրեթե բոլոր ադրբեջանցիներըՙ մոտ 185 հազար, փախան Ադրբեջան, իսկ այնտեղ բնակվող 400 հազար հայերից 330 հազարը փախան եւ ապաստան գտան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, կարդում ենք հաշվետվության մեջ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ պետքարտուղարությանՙ մարդու իրավունքների պաշտպանության տարեկան հաշվետվությունը, համեմատած նախորդ տարիների հետ, մեզ համար շահեկան է։ Սակայն հաշվետվության մեջ կան բազմաթիվ խեղաթյուրումներ, սխալներ, ոչ ճիշտ անուններ, չստուգված փաստեր։
Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2001 թ. հաշվետվության, Ադրբեջանում իրավիճակը շատ վատ է։ Ադրբեջանում ոտնահարվում են քաղաքացիների քաղաքական եւ տնտեսական իրավունքները, ծաղկում է կաշառակերությունը, դատական իշխանություններն անկախ չեն, կոռումպացված են։ Բանտերում պայմանները ողբալի են, կան 200-ից 300 քաղբանտարկյալներ։ 2001 թ. ընթացքում իշխանությունները շարունակում են խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումները, մամուլի նկատմամբ ճնշումները սաստկացել են, փակվում են թերթեր, լրագրողներին ծեծում են։ Խորհրդարանի 125 պատգամավորներից 76-ը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից են, մնացած պատգամավորներն անկախ են, բայց իշխանությունների հանդեպՙ լոյալ։ Ոստիկանությունում ձերբակալության, հարցաքննության ժամանակ դաժանորեն ծեծում են կասկածյալ հանցագործներին։ Բնակչության 60 տոկոսից ավելին աղքատության մեջ է։
Զեկույցում նշվում է, որ «հայկական ուժերը» վերահսկում են Ադրբեջանի տարածքի 16 տոկոսը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, եւ այս փաստը թուլացնում է պետական հաստատությունների գործունեությունը, խոչընդոտում ժողովրդավարական եւ տնտեսական զարգացումներին։ Պետքարտուղարությունը արձանագրում է, որ համաձայն չհաստատված տեղեկությունների, հայերը բնակություն են հաստատում ադրբեջանական գրավյալ տարածքներում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ