«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2002-03-02 | #41, 2002-03-05 | #42, 2002-03-06


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Ռուսաստանյան էներգետիկ համակարգի հիմքըՙ գազարդյունաբերությունը, այսօր լուրջ խնդիրներ ունի բնական գազի սակագնի հետ կապված։ ՌԴ ԳԱ էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի կանխատեսումներով, մինչեւ 2020 թվականը Ռուսաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությունը ենթադրում է բնական գազի սակագնի եռակի աճ։ Հակառակ դեպքում, արդեն 2005¬2007 թթ. էներգետիկ ռեսուրսների դեֆիցիտը կարող է էապես խոչընդոտել երկրի տնտեսության զարգացմանը։

Ներկայումս Ռուսաստանում տարեկան արդյունահանվում է մոտ 450 մլրդ խմ բնական գազ, որի գրեթե 1/3 մասն արտահանվում է։

ՌԴ էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմ» ԲԲ ընկերության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնական գազի արդյունահանման եւ առաքման ծախսերն այսօր չեն համապատասխանում էներգակրի իրական արժեքին, ըստ այդմ, առաջարկելով ռուսաստանյան ներքին շուկայում գազի գինը հետագա տարիների ընթացքում աստիճանաբար բարձրացնել 30-ից մինչեւ 40 ԱՄՆ դոլարՙ 1000 խմ համար։ Մինչդեռ այսօր 1000 խմ գազի սակագինը 14 ԱՄՆ դոլար է, որը չի արտահայտում գազարդյունաբերության օրեցօր աճող ծախսերի մակարդակը։

Ռուսաստանում արդյունահանվող բնական գազն աշխարհում ամենաբարձր ինքնարժեքն ունի։ Առհասարակ, ամբողջ աշխարհում այլեւս գոյություն չունի «էժան նավթ կամ գազ»։ Դրանց արդյունահանումն այսօր կատարվում է բավականին բարդ եւ դժվարամատչելի հանքահորերում, ինչը, ինքնըստինքյան, հանգեցնում է ինքնարժեքի բարձրացման։

2010 թվականին, ըստ հաշվարկների, Ռուսաստանում արդյունահանվող բնական գազի 40 տոկոսից ավելին կարող է բաժին ընկնել արտահանմանը, ինչը նշանակում է, որ երկրում բնական գազի պահանջարկի տարեկան դեֆիցիտը կկազմի 35¬37 մլրդ խմՙ ներկայիս 5¬7 մլրդ խմ համեմատ։

Տեւական ժամանակ Ռուսաստանի բնական գազի ներքին պահանջարկի դեֆիցիտը լրացվել է համեմատաբար էժան թուրքմենական գազի հաշվին։ Թուրքմենստանից գազ գնելը, որի պաշարները կազմում են ավելի քան 20 տրիլիոն խմ, տնտեսապես ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանի հյուսիսում արդյունահանելը։ Տարեցտարի աճող բնական գազի դեֆիցիտի հարցը Ռուսաստանն առաջիկա տարիներին հավանաբար կլուծի նաեւ ղազախական եւ ուզբեկական գազի ներմուծման ծավալների ավելացմամբ, որոնց սակագինը, սակայն, զգալի բարձր է ներռուսականից։

2002 թ.-ի համար Ռուսաստանը եւ Թուրքմենստանը 10 մլրդ խմ թուրքմենական գազի առաքման պայմանավորվածություն ունեն։ Նախատեսվում էր, որ պայմանագիրը կլինի երկարաժամկետ, եւ Թուրքմենստանը տարեկան 12 մլրդ խմ գազ կմատակարարի Ռուսաստանին։ Սակայն, ինչպես վկայում են վերլուծաբանները, Ն. Նիյազովին ակնհայտորեն ձեռնտու չէ գազի ցածր գինը։ Ռուսաստանը պատրաստ է վճարել 1.000 խմ համար ընդամենը 36 դոլար այն դեպքում, երբ արտահանման միջին համաշխարհային գինն այսօր 95 դոլար է։

Դաշնային էներգետիկ հանձնաժողովի կողմից Ռուսաստանի ներքին սպառման շուկայում բնական գազի սակագնի 20 տոկոսի բարձրացումը ընթացիկ տարվա առաջին կիսամյակից, ըստ վերլուծաբանների, դեռ առաջին քայլն է։ ՌԴ փոխվարչապետ Վ. Խրիստենկոյի գնահատմամբ, բնական գազի սակագնի բարձրացումը «ծայրահեղ կարեւոր քայլ է երկրի տնտեսության համար, քանի որ սակագնի արհեստական պահպանումը երկրի էներգետիկ հաշվեկշռում լուրջ անհամամասնություններ է առաջ բերել»։

Օրերս Ռուսաստանի Դաշնային էներգետիկ հանձնաժողովը, «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ երկրում գազարդյունահանող անկախ ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ նիստում որոշում է կայացրել 2002 թվականի մարտի 1-ից 20 տոկոսով բարձրացնել նաեւ Ռուսաստանի ներսում եւ Բելառուս առաքվող բնական գազի փոխադրումների սակագինը։ Ի դեպ, որոշումը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք «Գազպրոմի» կազմում չեն, սակայն օգտվում են «Գազպրոմին» պատկանող գազատրանսպորտային մայրուղային ցանցից։ Փոխադրումների սակագնի 20 տոկոս բարձրացումը չի տարածվելու Ռուսաստանից արտահանվող բնական գազի փոխադրումների արժեքի վրա։

ԸՍՏ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4