Հայ ֆուտբոլիստներն այս անգամ էլ չարդարացրին սպասելիքները
Երեկ Արարատի «Արաքս» մարզադաշտում տրվեց ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարի մեկնարկը։ Մրցաշարը բացելու պատիվը տրվել էր Հայաստանի եւ Մալթայի պատանեկան հավաքականներին։ Մեր ֆուտբոլիստների առջեւ խնդիր էր դրված նվաճելու եզրափակիչի ուղեգիրը, ուստի մեկնարկային խաղում նրանք պետք է գործեին միայն հաղթանակ տոնելու վճռականությամբ։ Սակայն, ցավոք, այս անգամ էլ սպասելիքները չարդարացան։
Հայաստան-Մալթաՙ 0¬1 (0¬1) Արարատ, «Արաքս» մարզադաշտ, 5 մարտի։
Հայաստան¬ Ստեփան Ղազարյան, Արման Անդրեասյան, Կարեն Ստեփանյան, Արտակ Շահինյան, Սերգեյ Բաղդասարյան (Արեգ Ավագյան, 56), Արմեն Պետրոսյան, Արմեն Տիգրանյան, Արամ Հովհաննիսյան (Անդրանիկ Թադեւոսյան, 67), Արա Հովհաննիսյան, Էդուարդ Հարությունյան, Կարեն Նազարյան։
Մալթա¬ Էնդրյու Հոգգ, Քենեթ Սպիտերի, Կլաուդիո Էլուլ (Էլիոտ Նավարո, 78), Ժան Պոլ Սկերի (Կուրտ Ֆորմոսա, 54), Յոզեֆ Լիա, Կառլ Սամուտ, Կառլ Աջիուս, Անդրե Շեմբրի, Ստեֆան Մաջրի (Ջուլիան Վելա, 69), Կլավեն Ֆրենդո, Դայսոն Ֆալզոն։
Գոլը խփեց Դայսոն Ֆալզոնը (21)։
Զգուշացվեցին Ֆրենդոն, Արամ Հովհաննիսյանը եւ Հոգգը։
Խաղը ցույց տվեց, որ հանձին Մալթայի հավաքականիՙ մեր ֆուտբոլիստներին բաժին է ընկել բավական կազմակերպված եւ գրագետ գործող, խաղային զգալի փորձ ունեցող ֆուտբոլային մի կոլեկտիվ։ Հյուրերն ակտիվ սկսեցին հանդիպումը եւ բավական ժամանակ տարածքային ու խաղային առավելություն ունեին, որն էլ 21-րդ րոպեին վերածեցին գոլի։ Անկյունայինի խաղարկումից հետո ստանալով թիմի ավագ Կլավեն Ֆրենդոյի ճշգրիտ փոխանցումը, հսկողությունից դուրս մնացած Դայսոն Ֆալզոնը մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Բաց թողած գոլը հայ ֆուտբոլիստներին ստիպեց զգալիորեն ակտիվացնել հարձակողական գործողություններըՙ մեծ ուժերով նետվելով գրոհների։ Բայց այս անգամ էլ զգացնել տվեց մեր ֆուտբոլիստների խրոնիկական հիվանդությունըՙ գոլային ռեալ պահերի չիրացումը։ Միայն առաջին խաղակեսում դաշտի տերերը կարող էին 4 անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Արմեն Պետրոսյանը, Արամ եւ Արա Հովհաննիսյանները, իսկ մի դրվագում էլ Էդուարդ Հարությունյանի հարվածից հետո դրությունը փրկեց դարպասապահ Հոգգը։
Ընդմիջումից հետո հյուրերը գրեթե ողջ թիմով անցան պաշտպանությանՙ նախաձեռնությունն ինքնակամ զիջելով մրցակցին։ Չնայած դրան, Մալթայի հավաքականը երկու անգամ մոտ էր հաջողությանը։ Նախ Ֆրենդոյի հարվածը դիպավ դարպասի ձողին, ապա խաղավերջում փոխարինման դուրս եկած Նավարոյի հարվածից հետո գնդակը մի փոքր բարձրությամբ սուրաց անցավ հորիզոնական ձողի վրայով։
Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստներին, ապա թեեւ ողջ երկրորդ խաղակեսը նրանք անցկացրին հյուրերի կիսադաշտում, սակայն հախուռն գրոհներին գոլային վերջակետ դնող այդպես էլ չգտնվեց։ Հիշարժան էր երկրորդ խաղակեսի սկզբում ստեղծված գոլային հիանալի պահը, բայց Արա Հովհաննիսյանը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմացՙ չկարողացավ հավասարեցնել հաշիվը։
Այսպիսով, ՀՀ հավաքականը մեկնարկում պարտվեց եւ խիստ կասկածի տակ դրեց առաջադրանքը կատարելու հնարավորությունը։ Հանդիպումը ցույց տվեց, որ խաղը կազմակերպելու, գոլային պահերն իրացնելու առումով մեր պատանիների հետ դեռ շատ աշխատանք պիտի տարվի։ Պարտությունն էլ, կարծում ենք, ուսանելի պիտի լինի հայ ֆուտբոլիստների համար, նաեւ ստիպի ֆուտբոլային ղեկավարությանը ավելի լրջմիտ վերաբերմունք հանդես բերել հավաքականի կազմավորման եւ նախապատրաստության հարցերում։