«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը տեղեկացնում է, որ Երուսաղեմի «Հոլոքոսթի եւ Ցեղասպանության» ինստիտուտի տնօրեն, «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Իսրայել Չարնին նամակ է հղել Իսրայելի արտգործնախարարությանըՙ արտգործնախարար Շիմոն Պերեսին, փոխնախարար Միխայել Մելխիորին եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենին, արտահայտելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրանց դիրքորոշման վերաբերյալ իր կարծիքն ու մտահոգությունը. «Իբրեւ հրեա եւ իսրայելցի ես խորապես ամաչում եմ Հայոց ցեղասպանությունը ժխտելու ձեր դիրքորոշման համար։ Հայոց ցեղասպանության ժխտումը համարժեք է Հոլոքոսթը ժխտելուն»։
Չարնին Իսրայելի արտգործնախարարության ուշադրությանն է ներկայացրել փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչման երկրորդ քվեարկությունը Եվրախորհրդարանի նիստում, որը ցնցեց Թուրքիայի պատվիրակությանը։
Պրոֆեսորը նրանց հիշեցրել է Հոլոքոսթի 126 մասնագետների ստորագրած փաստաթուղթը, որով նրանք 2000 թ. հայտարարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։
Չարնիի համոզմամբ, նույնիսկ Իսրայելի ամենադաժան ու ծանր օրերին, երբ կարեւոր է հարեւան Թուրքիայի աջակցությունը, հրեա ժողովուրդը չի կարող շրջանցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, որը պատմական ու բարոյական խնդիր է բոլոր ազգերի համար։
Ռ. Պ.