ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանին այս դժվարին, անցումային ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ է ուժեղ նախագահական կառավարումՙ հակակշիռ ուժեղ խորհրդարանի առկայությամբ։ Այս մասին ասված է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության վարչության մարտի 6-ին տարածած հայտարարությունում։
Ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ երկրում ակտիվանում է քաղաքական կյանքը, դաշինքների ձեւավորման միտումները, «պայքարը սրվել է հատկապես սահմանադրական փոփոխությունների հետ կապված»։ Կազմակերպությունը պաշտպանում է Սահմանադրության փոփոխությունների նախագահական տարբերակը, այսինքնՙ կողմնակից է հանրապետության կառավարման նախագահական համակարգին։
«Արցախ-Հայաստան»-ը հայտարարում է նաեւ, որ հաշվի առնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերջին տարիների ակտիվ գործունեությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հարցում եւ միջազգային հարաբերությունների բնագավառներում ձեռք բերված հաջողությունները, կազմակերպությունը կպաշտպանի նրա թեկնածությունը 2003 թ. նախագահական ընտրություններում»։