Ոլորտի շատ ձեռնարկություններ պարապուրդի մեջ են
Հայաստանի մեքենաշինական համալիրի (հաստոցաշինություն, էլեկտրատեխնիկա, սարքաշինություն) անցյալ տարվա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մեր խնդրանքին ի պատասխան երեկ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը մեզ տեղեկանք տրամադրեց։
Համաձայն տեղեկանքի, համալիրի 147 ձեռնարկություններից միայն որոշ ընկերություններում առաջընթաց կա։ Նախորդ տարվա համեմատ 42,6 տոկոսով աճել են թողարկվող ապրանքների ծավալները։ Միաժամանակ իրացումն աճել է շուրջ 10 տոկոսով, արտահանումըՙ մոտ 28 տոկոսով։ Ոլորտում փաստացի աշխատողների թիվը եղել է 7629 մարդՙ 22 հազար դրամի միջին աշխատավարձով։
Համաձայն նախարարության տեղեկատվության, 2001 թ. ընթացքում վերագործարկվել են մի քանի ձեռնարկություններՙ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Այդ ձեռնարկություններն են «Ավիահամալիրը» (200 աշխատատեղ), Երեւանի կաբելի գործարանը (170 աշխատատեղ), նախկին «Լույս», այժմ «Գրանդ սան» ընկերությունը (1000 աշխատատեղ) եւ Վանաձորի «Ավտոգենմաշը» (145 աշխատատեղ)։ Արտադրատնտեսական ցուցանիշների աճ արձանագրած ձեռնարկություններն են «Մարսը», Չարենցավանի «Արմավտոն», «Էլեկտրաչափիչ սարքը», «Ինտերստանոկը» (նախկին «Հայհաստոցը»), «Հայէլեկտրաապարատը», Գորիսի «Գամման»։ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մտադրություններ ունեն «Կուրգան մաշզավոդ» եւ Սանկտ Պետերբուրգի «Սվերդլով» հաստոցաշինական գործարան» ընկերությունները, իսկ «Արմենմոտորի» հետ համագործակցության բանակցություններ են վարում սլովակյան «Պրեմեքս» եւ «Արմեքս» ընկերությունները։
Այդուհանդերձ, անգամ նախարարության ուղարկած տեղեկանքում նշվում է, որ «ոլորտի զարգացումը համընդհանուր բնույթ չի կրում եւ արդյունք է առանձին ընկերությունների գործարար ծրագրերի իրականացման»։ Իրական վիճակը բնութագրող ավելի խիստ դիրքորոշում նախարարությունը, իհարկե, չէր կարող տալ։ Մինչդեռ այս ճյուղն ամենաքայքայված եւ ամենամեծ անկում ապրածն է։ Վերը թվարկված շուրջ 1 տասնյակ գործող ձեռնարկությունները թույլ սփոփանք են, որովհետեւ աշխատում են իրենց հզորությունների փոքր մասով, իսկ մնացած 137 ձեռնարկություններն ընդհանրապես պարապուրդի են մատնված։
Ցավոք, ճյուղի վերակենդանացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին խոսելուց արդյունաբերության եւ առեւտրի նախարարն ու մյուս պատասխանատուները խուսափում են։ Հետաքրքիր էՙ նման քայլեր ձեռնարկելու մտադրություն կա՞ առհասարակ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ