Մնում է պարզել, թե ով է ճանաչում այդ արդարությունը
«Եհովայի վկաներ» Մեծամորի խմբի երեց Լյովա Մարգարյանի գործով ոչ մի նիստ անգամ կիսադատարկ դահլիճում չի կայացել։ Իսկ երեկ ազատ էր մնացել միայն դատավորների եւ ելույթների ամբիոնի միջեւ ընկած հատվածը։
Մարգարյանիՙ վերջերս ներգրավված կանադացի փաստաբանը բացակայում էր։ Ամբաստանյալը բացատրեց, որ նրան շտապ հրավիրել են Մոսկվա (էլ ինչո՞ւ խառնվեց այս գործին¬Ա. Հ.)։ Նիստը շարունակվեց պաշտպան Խաչատրյանի հայտարարությամբ։ Ըստ նրա, նախորդ դատական նիստից հետո տեղի է ունեցել ահաբեկչություն։ Ահաբեկման է ենթարկվել ոչ միայն Լ. Մարգարյանը, այլեւ եհովայական մի կին։ Նրան, ըստ պաշտպանի հայտարարության, հետեւից հարվածել են ինչ-որ բութ գործիքով (ի՞նչ պարտադիր է, որ խփեն հատկապես Եհովայի վկային, շատ-շատերի հետ էլ են նման դեպքեր պատահում¬Ա. Հ.)։ Հայտարարությունը նաեւ դիմում էր, քանի որ պաշտպանը խնդրեց դատարանին բացառել նման դեպքերը։
Նախագահող դատավոր Սուրեն Ղազարյանը պարզաբանեց. «Դատարանն, իր լիազորությունների սահմաններում, կարգուկանոնը պահպանում է դահլիճում, ուստի դիմում-հայտարարությունն, այս առումով, անտեղի է»։
Այնուհետեւ վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալը.
«Ինձ համար անակնկալ էր, որ ես հայտնվեցի ամբաստանյալի կարգավիճակում։ Ինչո՞ւ, որովհետեւ ես հավատում եմ Աստծուն, ուսումնասիրում եմ Աստվածաշունչը եւ այդ մասին կիսվում մարդկանց հետ։ Արդեն տարիուկես ես եւ իմ ընտանիքը նյութական եւ բարոյական վնասներ ենք կրում։ Ես անթույլատրելի եմ համարում հավատքի համար դատելը։ Ես Եհովայի վկա եմ, հպարտ եմ դրանով ու երջանիկ։ Իմ պաշտպանությունն էլ կառուցում եմ այդ տեսակետից։
Ես համոզված եմ, որ արդարությունը միշտ էլ կհաղթի, որովհետեւ կա կյանքի ճշմարիտ մի օրենք, որի մասին ասում էր իմ դասախոսներից մեկը. արդարության կծիկը որքան էլ այրվի, չի վերջանա։ Սրա փաստացի ապացույցն առաջին ատյանի դատարանի վճիռն էր։
Ես խնդրում եմ, որ դատարանն արդարադատ կերպով մոտենա այս գործին»։
Չանդրադառնալով ողջ ասվածինՙ ուզում եմ միայն նշել, որ արդարությունը, արդարադատությունն ու արդարացիությունը տարբեր բաներ են։ Դրանք մեծագույն արժեքներ են, որ, սակայն, բավականին արժեզրկվել են։ Եվ արժեզրկվել են հենց նրանով, որ յուրաքանչյուրն ապրում է իր կանոններով։ Եվ որպեսզի հեշտ լինի այդ կերպ ապրելը, կարող է կեղծել, այո՛, կեղծել ամենայն սրբություն։
Եվ ոչ մի դատարան չի կարողանա օրենսդրորեն դատել այն, ինչ վեր է դրանից։
Մնում է հուսալ, որ իսկական դատաստանի ժամանակ թերուս, անգամ տգետ արարածները փրկություն չեն ունենա։ Նրանց չեն փրկի ոչ «հեզաբարո» հայացքը, ոչ «գիտական մակարդակը» եւ ոչ էլ ամենաբարձր «ատյաններում ու գրքերում» ամրագրված դրույթները։
Ինչեւէ, ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցության։ Ինչպիսին կլինի վճիռը այսօր, չգիտեմ, բայց համոզված եմ, որ կայացնելը բավականին դժվար կլինի։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ