Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւն այս տեղեկությունը համարել է «չստուգված»
Վերջերս ռուսական, ապա ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով «իրազեկ աղբյուրներին», հաղորդեցին, թե Նյու Յորքում կայացած Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ԱՄՆ պաշտոնյաները Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովին են հանձնել ութ կետից բաղկացած մի փաստաթուղթ։ Հոդվածներից երեքը վերաբերում են ռազմական հարցերի։ Այս փաստաթղթով ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է աբխազ-վրացական հակամարտության գոտում տեղաբաշխել թուրքական խաղաղարար ուժեր, Մերձդնեստրում, որտեղ ապրում են ռուսներ, ՆԱՏՕ-ի, իսկ Լեռնային Ղարաբաղումՙ ֆրանսիական խաղաղարարներ։
Ադրբեջանական «Սփեյս» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւն այս տեղեկությունները համարել է «չստուգված», հետեւաբարՙ դժվարացել մեկնաբանություններ տալ։ «Ո՞վ է խաղաղարարների հրավիրում։ Միայն հակամարտության կողմերըՙ Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են հրավիրել, ընդ որում այն բանից հետո, երբ որոշակի համաձայնություն ձեռք բերվի։ Ինչպե՞ս կարող են խաղաղարար ուժեր գալ տարածաշրջան, երբ չկա ղարաբաղյան կարգավորման բանաձեւի որոշակի առաջարկություն», ասել է Գուլիեւը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը եւս տեղեկություններ չունի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իբր տեղաբաշխվելու են ֆրանսիական խաղաղարար ուժեր։ «Իսկ միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր ներկայացվելիք առաջարկությունը հենց սա՞ է», հարց է տալիս «Սփեյսը»։
Մեր կողմից հավելենք. Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում ԵԱՀԿ բազմազգ խաղաղարար ուժեր տեղակայելու համաձայնությունը ամրագրված է ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտի գագաթաժողովիՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հինգ կետանոց փաստաթղթում։ Փաստաթղթի 4-րդ կետում նշվում է, որ բազմազգ խաղաղարար ուժերի տեղակայումը դիտվում է հակամարտության համաձայնագրի իրականացման անհրաժեշտ տարր, միեւնույն ժամանակ, խաղաղարարների տեղակայումը պետք է հետեւի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը եւ ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ։
Մեր ունեցած տեղեկություններով, Քոչարյան-Ալիեւ շուրջ երկու տասնյակ հանդիպումների ընթացքում առանցքային հարցերից է եղել խաղաղարար ուժերի հնարավոր տեղաբաշխումը Լեռնային Ղարաբաղում, հարակից տարածքներում, հիմնական կոմունիկացիոն ճանապարհներին։ Ստեփանակերտի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԼՂ հակամարտությունը յուրահատուկ է նրանով, որ կողմերի միջեւ հրադադարը պահպանվում է խաղաղարար ուժերի բացակայության պայմաններում, ասել է, թե ԼՂՀ-ն հակված չէ ողջունելու խաղաղարար ուժերի տեղակայման անհրաժեշտությունը։
Թ. Հ.