«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2002-03-07 | #44, 2002-03-08 | #45, 2002-03-12


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ

Մարտի 9-ին եւ 10-ին Թեքեյան կենտրոնում երկօրյա սեմինարի էին հավաքվել հանրապետության ամբողջ տարածքում գործող Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ակումբների ատենապետները եւ վարչությունների անդամներ։ Սեմինար-խորհրդակցության կազմակերպումը ժամանակի պահանջն էր. վերջին ամիսների ընթացքում հանրապետության տարբեր մարզերում մի քանի տասնյակ ակումբներ են ստեղծվել, ուստի նույն գաղափարախոսությունը կրող, բայց Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող ռամկավարների ծանոթությունն անհրաժեշտություն էր։ Պետք էր քննարկել նաեւ անելիքները, հստակեցնել գործելակերպըՙ ինչպես տեղերում, այնպես էլ ընդհանուր նպատակներն իրականացնելու համար։ Հավաքից մի բան պարզ դարձավ. այս կուսակցության մեջ պատահական մարդիկ չեն հավաքվել։ Եվ այն միտքը, որ ՀՌԱԿ-ը կարեւորում է ավելի շատ անձին, նրա հատկանիշները եւ չի ընկնում հնարավորին չափ շատ մարդ կուսակցական ցուցակներում ընդգրկելու հետեւից, իր ապացույցը ստացավ հենց այս խորհրդակցության ժամանակ։

Մարզերի եւ Երեւան ակումբների ՀՌԱԿ ներկայացուցիչները բազմազան հարցեր էին բարձրացնում, տեսակետներ արտահայտումՙ փաստելով մարզային կառույցների մեծ մտավոր ներուժը եւ այն, ինչի մասին բազմիցս տարբեր առիթներով ասվել է. ՀՌԱԿ գերագույն նպատակը պետության եւ ժողովրդի բարօրությունն է. այս գաղափարին պատրաստ են ծառայել նաեւ նորաստեղծ ակումբների անդամները։

Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ կուսակցության ղեկավարներըՙ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամներ Մհեր Մելիք-Բախշյանը, Գառնիկ Հովակիմյանը, Գագիկ Վարդանյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Զեկույցները տարբեր թեմաների շուրջ էին, իսկ զեկուցողները, ինչպես կուսակցության ղեկավարները, այնպես էլ նորաստեղծ ակումբների ատենապետներն էին։

Առաջին զեկույցը Հակոբ Ավետիքյանինն էր եւ վերաբերում էր ՌԱԿ գաղափարախոսությանը եւ մամուլին։ «Ազգի» խմբագիրը վերլուծեց լիբերալիզմ եւ դեմոկրատիզմ հասկացություններըՙ նշելով, որ դրանք միասնական են ՌԱԿ-ի մեջ։ «Որքան էլ ասենք, որ Հայաստանն ընտրել է լիբերալիզմի եւ դեմոկրատիզմի ճանապարհը, դա այդպես չէ, եւ ավելի շատ բարի ցանկություն է։ Իրականության մեջ ունենք դեմոկրատիայի եւ լիբերալիզմի խեղված գաղափարներ։ Այս անվան տակ մեր երկրի արտադրական կառույցներ են քանդվել», ասաց Հակոբ Ավետիքյանը։ Նրա կարծիքով, այս գաղափարների պարզաբանումը եւ գործնական գետնի վրա դնելն անհրաժեշտություն է։ Դեմոկրատիզմն ու լիբերալիզմն այն ճանապարհներն են, որոնցով զարգացել են բարեկեցիկ երկրները։ Այդպիսի երկրների հաջողության գրավական հանդիսացող գաղափարները նաեւ մեր երկրինը դարձնելու համար մեծ աշխատանք է հարկավոր կատարել։

Հակոբ Ավետիքյանը խոսեց նաեւ նշված գաղափարախոսություններին վերաբերող ՌԱԿ գրականության մասինՙ ասելով, որ այն մեծաքանակ չէ, սակայն ռամկավարները միշտ հզոր մամուլ են ունեցել։ Ազատական եւ ռամկավարական ուղղվածությունը Արեւելյան Հայաստանում Գրիգոր Արծրունու «Մշակն» է ունեցել։ Այս գաղափարներն այնուհետեւ զարգացել են արեւմտահայ բազմաթիվ թերթերումՙ Արփիար Արփիարյանի, Երվանդ Օտյանի, Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի, Հրաչ Երվանդի, Հովհ. Պողոսյանի, Անդրանիկ Անդրեասյանի, Գերսան Ահարոնյանի եւ այլ նշանավոր հայերի գրչով։ «Ազգի» խմբագրին ուղղված հարցերը վերաբերում էին կուսակցության փոխհարաբերություններին ՀՅԴ-ի հետ, Թեքեյան միության հետ ունեցած կապին։ «Դաշնակներն ու ռամկավարները տարբեր ժամանակներում համագործակցության եզրեր գտել են, սակայն դժբախտաբար անհամաձայնությունները միշտ ավելի շատ են եղել։ Թեքեյան միությունը ռամկավարներն են ստեղծելՙ հայերին սփյուռքում միավորելու եւ ազգային կերպը պահպանելու համար», հնչեցին պատասխանները։

ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր Գառնիկ Հովակիմյանն իր զեկույցում անդրադարձավ ակումբների գործունեությանը, այն խնդիրներին, որոնք դրված են յուրաքանչյուր ակումբի առջեւ եւ դրանց լուծման մեխանիզմներին։

«Ինչպե՞ս կբացատրեք Նոյեմբերյան քաղաքի ՀՌԱԿ ակումբի ատենապետի հրաժարականը», այս հարցը, որ հնչեցրեց Ալավերդու ակումբի ատենապետը, ներկաների զարմանքն առաջացրեց։ Պարզվում է, որ տեղական հեռուստաընկերություններով ինչ-որ մեկը ներկայանալով ՀՌԱԿ Ալավերդու ակումբի ատենապետ, հայտարարում է իր հրաժարականի մասին, մինչդեռ կուսակցությունը Նոյեմբերյանում ակումբ չունի։ Ի՞նչ է սա։ Հաստատ քաղաքական շահարկում։ Չնայած թվացյալ հանգստությանը, որոշ քաղաքական ուժեր, իրենց սովորությանը եւ ունեցած փորձին հավատարիմ, արդեն սկսել են ցեխ շպրտել իրենց հակառակորդ կուսակցությունների վրա։ Քաղաքական պայքարի այս էժանագին տարբերակը ՀՌԱԿ-ն անընդունելի է համարում։ Նա անշուշտ հետամուտ կլինի կազմակերպիչներին պարզելուն եւ այս որակի սադրանքները բացառելուն։

Կուսակցության նորագիր անդամներից իրավաբաններ Կարեն Թունյանն ու Վահագն Փիլիպոսյանն անդրադարձան ՀՌԱԿ մոտեցումներին, քաղաքական հնչեղություն ունեցող հարցերինՙ դրանք դիտարկելով իրավական տեսանկյունից։ Կարեն Թունյանը ներկայացրեց ՀՌԱԿ առաջարկները սահմանադրության նոր խմբագրման առնչությամբ։ Այս հարցի շուրջ կուսակցության տեսակետներն «Ազգն» իր նախորդ համարներից մեկում ներկայացրել է։ Հայ դատը ՌԱԿ-ի ռազմավարական խնդրի թեմայով զեկույցում Վահագն Փիլիպոսյանն անդրադարձավ կուսակցության պատմությանը Հայ դատի պաշտպանության տեսանկյունից եւ այն աշխատանքներին, որ կատարել է ՌԱԿ-ը ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այս համատեքստում պատահական չէր ԱԺ «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի առաջարկած օրենքի նախագծին ՀՌԱԿ արձագանքը եւ պաշտպանությունը։

Ռամկավարներն իրենց սեմինարին հյուրընկալեցին նաեւ գրականագետ, հասարակագետ, դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Դալլաքյանին։ Նա ՌԱԿ պատմությանը վերաբերող գրքի հեղինակն է, եւ ներկաներին պատմեց կուսակցության պատմությունից։ Նա նշեց, որ հայրենասիրությունը կարմիր թելի նման անցել է կուսակցության ողջ պատմության ընթացքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին սփյուռքի նշանավոր ռամկավարներն աջակցում էին խորհրդային Հայաստանին, մինչդեռ հայաստանյան թերթերը նրանց ներկայացնում էին իբրեւ սփյուռքի նշանավոր հասարակական գործիչներիՙ չնշելով կուսակցական պատկանելությունը։

ՌԱԿ-ին վերաբերող հարցերից զատ, Կառլեն Դալլաքյանին այլ հարցեր էլ էին ուղղում, մասնավորապես հարց ուղղվեց Հայ առաքելական եկեղեցու պառակտման արմատները պարզաբանելու խնդրանքով։

Եկեղեցու պառակտման պատճառները միայն քաղաքական են, նշեց պատմաբանը եւ հարցի շուրջ հայտնեց իր տեսակետը, Հայոց եկեղեցին միասնական պետք է լինիՙ Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես միակն է, իսկ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատմականորեն եւ իրավականորեն ընդամենը լոկալ աթոռ է։

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն իր կուսակից ընկերների հետ քննարկեց առաջիկա անելիքները, տարբեր հարցերի շուրջ մոտեցումները։ Նա ուրախությամբ նշեց մարզային կառույցների մեծ ներուժը։ Հեռավոր Սյունիքից մինչեւ Լոռի կուսակցությունը համախմբել է տեղի մտավորականներին։

Խոսելով գալիք ընտրությունների մասին, ՀՌԱԿ ատենապետը կարեւորեց դրանցում քաղաքական կամք դրսեւորելու անհրաժեշտությունը։ Առաջիկա տարիներին երկրի ճիշտ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարման մարմիններում ինչպես տեղական, այնպես էլ հանրապետության, հայտնվեն մասնագետներ եւ որ ամենակարեւորն էՙ երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ։

Ավարտին Ռուբեն Միրզախանյանին խնդրեցինք ամփոփել սեմինար-խորհրդակցությունը։

¬ Հավաքի անհրաժեշտությունը թելադրված էր կուսակցության ակումբների եւ անդամների թվի ավելացմամբ, որ արձանագրվել է մի քանի ամսվա ընթացքում։ Այս հավաքը վկայում է, որ մեր 70-ից ավելի ակումբների ղեկավարները լի են վճռականությամբ, կարող մարդիկ ենՙ իրապես իրականացնելու ավանդական կուսակցության գիծը։ Նման ձեռնարկումները կլինեն պարբերաբար, իսկ կուսակցության աշխատանքներնՙ ավելի կազմակերպված։

Մեր այն հարցինՙ կապվա՞ծ է արդյոք հավաքը գալիք ընտրությունների հետ, կուսակցության ատենապետն ասաց, որ սա չի կարելի դիտարկել որպես նախընտրական քայլ։ Սակայն յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ամեն մի ձեռնարկ, անշուշտ, պետք է կապել ընտրությունների հետՙ անկախ նրանից, թե նո՞ր են դրանք ավարտվել, թե՞ սպասվում են։

Առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ՀՌԱԿ ատենապետի խոսքերով, ակումբները պատրաստվում են։ Սակայն նրանց առաջադրած թեկնածուի ռամկավար լինելը պարտադիր նախապայման չէ։ Կարեւոր է, որ կուսակցության պաշտպանած թեկնածուն հարգանք վայելի իր բնակավայրում։ Կոնկրետ որեւէ համայնքի համար Ռուբեն Միրզախանյանը թեկնածու չցանկացավ մատնանշել, սակայն նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Իրենց տպավորությունները խորհրդակցություն-սեմինարից «Ազգին» հայտնեցին նաեւ ակումբների ատենապետները։ Վանաձորի «Մուշ» ակումբի ատենապետ Գրիգոր Գրիգորյանը նշում էր, որ ՀՌԱԿ-ին նպատակների իրագործման հարցում սատարելու պատրաստակամությունն իր մեջ ավելի ամրապնդվեցՙ տեսնելով հանրապետության ողջ տարածքում լուրջ, կիրթ համախոհների մեծ բանակը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4