«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2002-03-07 | #44, 2002-03-08 | #45, 2002-03-12


ՀԱՐԿԱՀԱՎԱՔՈՒՄՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐԵԼ

Մինչդեռ փորձ է արվում հակառակն ապացուցել

Պետական եկամուտների նախարարության եւ Մաքսային պետական կոմիտեի հավաքած եկամուտները հունվար-փետրվար ամիսներին, մեղմ ասած, լավատեսական հույսեր չեն ներշնչում։ Չնայած փորձ է արվում, համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ցույց տալ, թե եկամուտների հավաքման առաջընթաց կա, իրականում պատկերը հակառակն է։ Խոսենք փաստերով։

Այս տարվա հունվար-փետրվարին հարկային եւ մաքսային մարմինները հավաքել են համապատասխանաբար 10 մլրդ (հունվար) եւ 12,4 մլրդ (փետրվար) դրամ։ Անցյալ տարի այդ թվերը կազմել են 9,5 մլրդ եւ 12,3 մլրդ դրամ։ Այսինքնՙ ըստ ՊԵՆ ցուցանիշների, ավելի է հավաքվել շուրջ 600 մլն դրամ։ Այս թիվը հրապարակելով նախարարության կողմից, սակայն, «մոռացվում» են մի շարք կարեւոր հանգամանքներ։

2001 թ. հունվար եւ փետրվար ամիսներին հավաքված եկամուտները համապատասխանում էին բյուջեով նախատեսվածին։ Այս տարվանըՙ զգալիորեն հետ է մնում։ Անցյալ տարվա բյուջեի մուտքերը ծրագրված էին 193 մլրդ դրամ, իսկ 2002 թ.ՙ 21 մլրդ-ով ավելի, այսինքնՙ 214 մլրդ դրամ։ Եթե այս 21 միլիարդը համամասնորեն բաժանենք ըստ ամիսների, ապա հունվար-փետրվարին բյուջեի մուտքերը պետք է ավելանային ոչ թե 600 մլն դրամով, այլ առնվազն 3¬3,5 մլրդ դրամով։ Այնպես որ, ծիծաղելի է խոսել հարկային եւ մաքսային եկամուտների աճի մասին։ Ավելին, ինչպես նշեցինք վերեւում, այս առումով հետընթաց է արձանագրվել։ Բանն այն է, որ հավաքված գումարներից մոտ 2 մլրդ դրամը հաշվանցում է կատարվել պետբյուջե։ Դա նշանակում է, որ այդ չափով կանխիկ գումար մուտք չի գործել եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է հավաքվել մոտ 1,4 մլրդ դրամ կանխիկ գումար։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ընդունվեց հարկային բարեփոխումների փաթեթը, որի նպատակն էր խթանել հարկահավաքման գործընթացը եւ հավելյալ ստանալ 14 մլրդ դրամ։ Հաջորդը 9,6 տոկոս տնտեսական աճն է, որը, համաձայն տարբեր մասնագիտական հաշվարկների, պետք է կտրուկ (առնվազն կրկնակի) ավելացներ բյուջեի մուտքերը։ Սակայն ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ գործոնները ոչնչով չեն նպաստել հարկահավաքման բարելավմանը։ Պետական եկամուտների նախարարությունն ու Մաքսային պետական կոմիտեն կա՛մ անկարող են, կա՛մ չեն ցանկանում պայքարել ստվերային տնտեսության դեմ։ Վերջինիս ծավալներն, անգամ ըստ ՊԵՆ օպերատիվ հետախուզական վարչության, տնտեսության 45¬50 տոկոսն են։ Ի դեպ, պետական եկամուտների նախարարն անկատար թողեց նաեւ իր 2001 թ. դեկտեմբերի 4-ի խոստումըՙ «մոտ օրերս հրապարակել հարկ չվճարողների անունները»։ Ինչ վերաբերում է Մաքսային պետական կոմիտեին, ապա ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանի վրա տեղափոխելուց հետո նա պետք է կտրուկ ավելացներ հարկահավաքման ցուցանիշները։ Մինչդեռ աճն այստեղ աննշան է։

Այս բոլորը նկատի ունենալով, պատահական չէ, որ վերստին սկսել են ուշանալ նպաստները, ձգձգվել աշխատավարձերի եւ թոշակների վճարումը։ Եթե հարկային մուտքերի աճ լիներ, ապա նման կացություն չէր ստեղծվի։ Իսկ կառավարությունը շարունակում է օլիմպիական հանգստություն պահպանել եւ ցույց տալ, թե այս ոլորտում իբր ամեն ինչ բարեհաջող է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4