Ինտերնետային ցանցով ստացված տեղեկության համաձայն, «Սաբահ» թուրքական թերթի սյունակագիր Զուլֆու Լիվանելին մարտի 1-ի իր գրության մեջ համարձակություն է ունեցել խստորեն քննադատելու թուրքական խորհրդարանի անդամներինՙ ճշմարտությունը հայտնաբերելու փոխարեն վերամբարձ հայտարարություններ անելու համար։
«Եվրախորհրդարանի որոշումից հետո ամենահեշտ բանը մեր խորհրդարանականների համար վեր կենալը եւ քննադատելն է։ Սա արդեն սովորություն է դարձել։ Ամեն մի կուսակցության անդամ մյուս կուսակցության անդամներից ավելի բարձր է հնչեցնում իր ձայնըՙ փորձելով առավել հայրենասեր երեւալ։ Իսկ ո՞րն է ամենադժվար բանը։ Դա վեր կենալ եւ խոստովանելն է, որ այս խնդիրը իրոք գլխացավանք է դարձել։ Այդ խնդիրը ընդարձակում է իր ազդեցության ոլորտներըՙ Ֆրանսիայի Սենատից անցնելով Եվրախորհրդարան։
Պարզապես գոռալ-կանչելով մենք չենք կարող լռեցնել ամբողջ աշխարհը։ Մենք արդեն երերում ենք մեր տեղերում «Արարատ» ֆիլմի մոտակա թողարկման առիթով։ Եկեք լրջորեն ուսումնասիրենք այս խնդիրը եւ աշխարհի առաջ կանգնենք ծանրակշիռ փաստարկներով։ Այլապես խնդիրն առավել մեծ գլխացավ է դառնալու մեզ համար», գրել է նա եւ ավելացրել, որ Մորգենթաուի հուշագրությունները կարդալիս մարդու արյունը երակներում սառում է։ «Դուք կամաչեք ձեր մարդկությունից», նետում է նա եւ դիմում խորհրդարանականներին, թե կարդացե՞լ են արդյոք այդ գիրքը։ «Էնվերն ու իր գործընկերները մի՞շտ են անսխալական եղել։ Էնվերը չէ՞ր, որ պատճառ դարձավ Սարիղամիշի լեռներում 90 հազար թուրք զինվորների կոտորածին։ Իր երկրի զինվորների հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերող կառավարությունը չէ՞ր կարող այլ սխալներ էլ թույլ տալ տեղահանությունների ընթացքում։ Քանի՞ դար եւս մենք շարունակելու ենք, ինքներս անմեղ լինելով, մեր ուսերին կրել իթթիհատների մեղքերը։ Բայց, իհարկե, այս հարցերի պատասխանները տալը դժվար է։ Ավելի հեշտ է վեր կենալ եւ ճառախոսել», եզրակացնում է իր հոդվածը Զուլֆու Լիվանելին։