«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2002-03-07 | #44, 2002-03-08 | #45, 2002-03-12


ԵՐԿՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՎՋՈՒԹԱԿԸ

Մեդեա Աբրահամյանի անվանը կարելի է կցել տարատեսակ մակդիրներ. արդիականության կարկառուն երաժիշտ, թավջութակային գաղտնիքի վարպետ, երաժշտական տեքստի ոգեստեղծ եւ այլն։ Բայց այս ամենն անբավարար է, քանզի երաժշտի անհատականության ընդգրկումը չի տեղավորվում բառային բնութագրումների մեջ։ Այդ արվեստագետի նշանակությունն ատացոլող միակ արտահայտությունը թերեւս հետեւյալն է. Մեդեա Աբրահամյանը հայ երաժշտական մշակույթի կամերտոնն է։

Նման բնութագիրը տեղին է կեսդարյա լարված աշխատանքի համար։ Աբրահամյանըՙ Մոսկվայի կոնսերվատորիայում Մստիսլավ Ռոստրոպովիչի առաջին շրջանավարտը, դարձավ միջազգային մրցույթի դափնեկրի կոչում ստացած առաջին հայ թավջութակահարուհին (դա 1955 թ. Գ. Վիհանոյի անվան մրցույթն էր Պրահայում)։ Այդ կոնսերվատորիան 1956 թ. ավարտելուց հետո էլ Մեդեայի անվան կողքին մենք մշտապես կարդում ենք «առաջին կատարում»։

Հայկական թավջութակային դպրոցի առաջատար Մեդեա Աբրահամյանն իրավամբ դարձել է հայ երաժշտարվեստի առաջին կատարողը։ Մենք նրան պարտական ենք ազգային թավջութակային գրականության զարգացման համար։ Վերջին տասնամյակների շատ ստեղծագործություններ գրված են ոչ միայն նրա ինքնօրինակ տաղանդը նկատի ունենալով, այլեւ հատկապես նվիրված են Աբրահամյանին (նման թվով գործեր ձոնված չեն Հայաստանի որեւէ երաժշտի)։

Արվեստագետի կատարողական ձիրքըՙ նույնիսկ առաջնակարգ կատարողին իսկական արվեստագետից տարբերող երեւույթը, Մեդեա Աբրահամյանի մոտ արտահայտվում է մասշտաբայնության, խոստովանանքի եւ էքսպրեսիվ-աչառու արտահայտչականության օրգանական միասնությամբ։ Աբրահամյանի արվեստի այդ հիմնարար կողմերը, ինչպես եւ դրանց նախնական ակունքները առկա են արվեստագետի բուն անհատականության մեջ, որն ունի ուժեղ, բարդ, երբեմն էլ անպաշտպան, բայց միշտ վառ եւ համոզիչ խառնվածք։

Աբրահամյանի արվեստի մասշտաբայնությունն ի հայտ է գալիս տարբեր մակարդակներում։ Նախ եւ առաջ դա նվագացանկի արտասովոր բազմազանությունն է, ուր մտել են թավջութակի համար գրված գրեթե բոլոր նշանակալի ստեղծագործությունները։ Վերջին երեք հարյուրամյակների կոմպոզիտորների գործերից կազմված տարբեր ոճային ծրագրերն Աբրահամյանը համերգներում կատարել է ամբողջ աշխարհում, դրանք ձայնագրված են ձայնասկավառակների վրա, մտել են հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդի մեջ։ Բայց ոճային բազմազանությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ Աբրահամյանին բնորոշ լայն բազմաշերտ մտածողության ձգտման դրսեւորում։

Մասշտաբայնության հակումը ի հայտ է գալիս նաեւ թավջութակահարուհու կատարողական բուն ոճի մեջ։ Իր գեղարվեստական ինտելեկտով նա խոշորացնում է կատարվող ստեղծագործության միտքն ու գաղափարը, դրանում առանձնացնում գլխավորը, ընդհանրացնողը։ Ընդսմին հղկվածությունը, մանրամասների նրբակերտ մատուցումը ենթարկված են ստեղծագործության հիմնական խնդրին։ Այդ մանրամասներում, ի թիվս այլ բաների, դրսեւորվում են գործիքի տեմբրային հնարավորությունները, հնչյունային ու տեմբրային երանգավորման նրա զարմանալի ունակությունը, որի շնորհիվ ստեղծագործությունն ստանում է նոր հնչողություն։

Մեդեա Աբրահամյանին բնորոշ է կատարողի թերեւս ամենաարժեքավոր հատկանիշըՙ ստեղծագործությունը դարձնել «իրենը», ունկնդիրներին բացահայտորեն եւ անմիջականորեն ցուցադրել երաժշտության հանդեպ իր անձնական վերաբերմունքը։ Խոսել ոչ միայն հեղինակի, այլեւ իր կողմից եւ իր մասինՙ ահա Աբրահամյանի արվեստի խոստովանանքային եւ անկեղծ բնույթի այն մոտիվները, որոնք ջերմ արձագանք են գտնում ունկդիրների տարբեր լսարաններում։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իր դասավանդման երկար տարիներին նա դաստիարակել է մի շարք երաժիշտների, որոնք աշխատում են Հայաստանում եւ արտերկրում։ Նա մի քանի տարի հանդես է եկել Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակի կազմում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, այդ թվում «Պետերբուրգի պալատներ» եւ «Հակադրություններ» փառատոներին։ Հիշյալներից վերջինումՙ Լվովի արդի երաժշտության փառատոնում նա ավանդաբար նվագեց իր երկրի եւ փառատոնի տերերի երաժշտությունը։

Հայաստանի համար փորձությունների ծանր ժամանակաշրջանում հանրապետության ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանը մնաց հայրենիքում։ Իր գործընկեր երաժիշտների հետ նա արիաբար կրեց ցուրտ ու սովյալ ժամանակների ծանրությունները, որոնց համար պետք է պատասխան տան նրանք, ովքեր անտարբեր են ազգային մշակույթի կորիֆեյների ճակատագրի հանդեպ։ Մշակույթը նրանց համար եղել է լոկ դիվանագիտության հնչուն մանրադրամ, իսկ մշակույթի նվիրյալներըՙ մանեկեններ...

Մինչդեռ մեզ համար Մեդեա Աբրահամյանը երկրի առաջին թավջութակն է, որն արվեստի միջոցով մեզ հաղորդակից է դարձնում մարդկային ոգու բարձունքներին։

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4