Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի վստահ հաղթանակով ավարտվեց Լինարեսի գերմրցաշարը։ Դա այդ մրցաշարերում Կասպարովի 10-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը մեկ անգամ եւս վկայում է, որ նա աշխարհի ուժեղագույն շախմատիստն է։ Հատկանշական է, որ լավագույնը ճանաչվելու հարցում վճռորոշ դեր խաղաց նախավերջին տուրում աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ Կասպարովի տոնած հաղթանակը։ Իսկ ավարտական տուրում Կասպարովն ընդամենը կես ժամում ստիպեց անձնատուր լինել սպիտակներով խաղացող Ալեքսեյ Շիրովին։ Այդ պարտիայում Կասպարովն իր շախմատային գործունեության ընթացքում առաջին անգամ ընտրեց Սվեշնիկովի տարբերակը։ Թեեւ Շիրովը նորույթ կիրառեց, սակայն չկարողացավ խուսափել պարտությունից։ Կասպարովի հաղթանակն օրինաչափ է։ Նա վստահ անցկացրեց ողջ մրցաշարըՙ չկրելով ոչ մի պարտություն։ Կասպարովը հատկապես ուժեղ խաղաց երկրորդ շրջանումՙ տանելով 3 հաղթանակ։ 12 հնարավորից նա վաստակեց 8 միավորՙ 1,5 միավորով առաջ անցնելով 2-րդ տեղը զբաղեցրած Ռուսլան Պոնոմարյովից։ Վերջինիս համար այդ արդյունքն, անկասկած, պետք է հաջողություն համարել։ Ավարտական տուրում Պոնոմարյովը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ։ Ադամս-Իվանչուկ պարտիայում էլ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին։ 3 շախմատիստներՙ Ադամսը, Անանդը, Իվանչուկը, վաստակեցին 6-ական միավոր եւ բաժանեցին 3¬5-րդ տեղերը։ Հաջորդ տեղերում են Վալյեխոն (5 միավոր) եւ Շիրովը (4,5)։