Երեկ աշխատանքային այցով Մոսկվա ժամանած ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր ռուս պաշտոնակից Իգոր Իվանովին։ «Անցել է տասը տարի այն օրից, երբ Ռուսաստանն ու Հայաստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, եւ սա լավ առիթ է գնահատելու մեր երկու երկրների անցած ճանապարհը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակելու, թե ինչպես պետք է զարգանա մեր համագործակցությունը», բացելով արտգործնախարար Օսկանյանի հետ հանդիպումըՙ հայտարարել է Իվանովը։ Պատասխան խոսքում ՀՀ արտգործնախարարը ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է ապագայում եւս զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով։ «Մեր կարծիքով, Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացում, եւ ես կարծում եմ, որ ներկա բանակցությունները կօժանդակեն այդ խնդրի խաղաղ կարգավորումը գտնելու առումով», ասել է Օսկանյանը։
Օսկանյան-Իվանով հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մոսկվայում սպասվում են ՀՀ արտգործնախարարի հանդիպումները Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։