«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ՊԵՐ ԳԱՐԹՈՆ. 1,5 ՄԼՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱՐԱ, 12 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Եթե մեկ ու կես միլիոն հայ սպանվել էՙ դրա անունը ցեղասպանություն է»,-հայտարարել է Հայոց ցեղասպանության առնչությամբ Եվրախորհրդարանում ընդունված զեկուցագրի հեղինակ Պեր Գարթոնը։

«Ջումհուրիեթ» օրաթերթի թղթակից Լեյլա Թավշանօղլուին տված հարցազրույցում նա նշել է, որ «միջազգային հանրային կարծիքը դրական չի վերաբերվում այն պետություններին, որոնք չեն ընդունում ճշմարտությունը»։ Դիվանագետը շեշտել է, որ ինքը կողմնակից է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, բայց հավատում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը մեծ արգելք է այդ գործընթացի համար։

Գարթոնը հայտարարել է, որ չի ընդունում այսօրվա թուրք ղեկավարների դիրքորոշումը, որոնք ընտրել են ցեղասպանությունը ուրանալու ուղին։ Նրա խոսքերով, եթե Թուրքիայում փոխվել է վարչակազմը, ապա անհասկանալի է Թուրքիայի իշխանությունների ժխտողական կեցվածքը։

Խորհրդարանականը նաեւ նշել է, որ իր նպատակը հայանպաստ զեկուցագիր պատրաստելը չի եղել, քանի որ զեկուցագրում կան նաեւ Հայաստանին դատապարտող դրույթներ ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ։

«Ես գիտեմ, թե ինչպիսի պայմաններ են եղել Անատոլիայում 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Հայերը սխալ ժամանակաշրջանում եւ սխալ տեղ էին գտնվում։ Օսմանյան պետությունը փլուզման եզրին էր, եւ որոշ հայեր մտադիր էին անկախ պետություն հիմնել։ Բայց մեկ ու կես միլիոն մարդկանց ոչնչացումն իմ բառարանում կոչվում է ցեղասպանություն»,-հայտարարել է Եվրախորհրդարանի անդամը։

Գարթոնը մերժել է այն տեսակետը, թե ցեղասպանության ճանաչման գործընթացի հիմքում ընկած է նյութական փոխհատուցման հասնելու նպատակը։

Ղարաբաղյան հարցի առնչությամբ խորհրդարանականը հայտարարել է, որ իր կարծիքով Ղարաբաղը կարող է անկախ լինել եւ արտաքին հարաբերություններով կապվել Ադրբեջանի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4