Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը Երեւան-Թեհրան հարաբերությունների մասին
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Փետրվարի սկզբին «Ազգը» գրավոր հարցերով դիմեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյինՙ հայ-իրանական սերտ եւ բարեկամական հարաբերությունների վերաբերյալ ամերիկյան կողմի մեկնաբանություններն ստանալու ակնկալիքով։ «Դեսպանի շատ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով մենք պատասխաններն ուղարկում ենք այսքան ուշացումով։ Նույն պատճառով հնարավոր չէ կազմակերպել բանավոր հարցազրույց եւ պատասխաններն ուղարկում ենք գրավոր։ Հուսով ենք, դրանք կծառայեն նպատակին», դեսպանի պատասխաններին կից մեզ ուղարկված նամակում տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոն Բալյանը։
¬ Պարոն դեսպան, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ամերիկացի ժողովրդին հղած տարեկան զեկույցում Իրանը, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան անվանեց «չարիքի առանցք»։ Ինչքա՞ն է Հայաստանի մերձակա հարեւան Իրանը ԱՄՆ կողմից ռմբահարելու հավանականությունը։
¬ Ժողովրդին ուղղված իր տարեկան զեկույցում նախագահ Բուշը նույնացրեց այսօրվա աշխարհին սպառնացող վտանգի եւ անկայունության երկու հիմնական աղբյուրներՙ զանգվածային բնաջնջման զենքի տարածում եւ ահաբեկչություն։ Այս երկու սպառնալիքներն ուղղակիորեն միմյանց լրացնում են. մի շարք պետություններ, որոնք որոնում են միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքեր, աջակցում են ահաբեկչությանը։ Հյուսիսային Կորեան, Իրանը եւ Իրաքն ագրեսիվ կերպով ձգտում են ունենալ զանգվածային բնաջնջման զենքեր։
Մեր հետապնդած գործողությունները նպատակ են հետապնդում, որ այս երկրներն ահաբեկչության դեմ պայքարում միանան համաշխարհային ընկերակցության մեծամասնությանը եւ զերծ մնան զանգվածային բնաջնջման զենքեր ձեռք բերելու փորձերից։ Նախագահ Բուշը կոչ արեց մեր գործընկերներին եւ դաշնակիցներին այժմ միանալ մեզՙ կանխելու, որ այդ վարչակարգերը զանգվածային բնաջնջման զենքեր ձեռք բերեն կամ օգտագործենՙ ուղղակիորեն կամ ահաբեկիչ միջնորդների միջոցով։
¬ Ընդհանուր առմամբ, Հայաստանը եւ Իրանը բարեկամ, սահմանակից պետություններ են։ Ինչպե՞ս են Երեւան-Թեհրան սերտ կապերն անդրադառնում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա, հաշվի առնելով ԱՄՆ-Իրան լարվածությունը։
¬ Բաց սահմանների եւ հաղորդակցման հանգույցների, տարածաշրջանի բոլոր պետությունների միջեւ խաղաղ հարաբերություններին աջակցելը մեր քաղաքականությունն է։ Հետեւաբար, մենք դեմ չենք Հայաստանի եւ Իրանի սովորական տնտեսական կապերին։ Այդուհանդերձ, մենք խիստ մտահոգված ենք, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը, ձեռք բերում զանգվածային բնաջնջման զենքեր։ Քանի որ Հայաստանն Իրանի մերձավորագույն հարեւաններից է, ես պարզապես ակնկալում եմ, որ սրանք Հայաստանի համար նույնպես մտահոգիչ հարցեր են։
¬ Պրն դեսպան, ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը Իրան-Հայաստան գազամուղի շինարարության վերաբերյալ։
¬ Ինչպես ընդգծված է նախագահ Բուշի հայտարարության մեջ, մենք խիստ մտահոգված ենք, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը եւ հետամուտ է զանգվածային բնաջնջման զենքեր ձեռք բերելուն։ Այս մտահոգությունների լույսի ներքո մենք ընդդիմանում ենք Իրանի նավթի եւ գազի ոլորտում ներդրումներին։ Սա մի դիրքորոշում է, որն ամրագրված է օրենքով, ինչպես նաեւ քաղաքականությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի էներգետիկ դժվար կացությունը եւ ԱՄՆ կառավարության հետ աշխատումենք բարելավել էներգետիկ իրավիճակն այս երկրում։ Այնուամենայնիվ, մեր դիրքորոշումն է չաջակցել Իրանի միջոցով կամ Իրանից եկող գազատարի շինարարությանը ցանկացած ներդրման։