Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը։ Լսվեց վարչության անդամ ընկեր Մհեր Մելիք-Բախշյանի հաշվետվությունը 2000 թ. դեկտեմբերից իր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Ի գիտություն ընդունելով ընկ. Մելիք-Բախշյանի զեկուցումը, վարչությունը նպատակահարմար գտավ որակապես բարելավել երիտասարդության շրջանում իրականացվող գործունեությունը, այն բնագավառի, որի պատասխանատուն է զեկուցողը։
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց Հայաստան-սփյուռք 2-րդ համահայկական խորհրդաժողովի մասին օրակարգային հարցը։ Կուսակցության ղեկավար մարմինը կարեւորելով մայիսի 27¬28-ը նախատեսվող այդ ձեռնարկը, անհրաժեշտ գտավ կազմակերպական բնույթի աշխատանք տանել ՌԱԿ Կենտրոնական վարչության եւ ՌԱԿ արտերկրի շրջանակների հետ համաժողովը իրապես համազգային հնչեղության հավաքի վերածելու ուղղությամբ։ Ժողովում նշվեց, որ ՀՀ արտգործնախարարությունը պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվում են խորհրդաժողովի օրակարգը եւ բաժանմունքների աշխատանքների բովանդակությունը։
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը քննարկեց կազմակերպական մի շարք այլ հարցեր։