«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Երեկ ՀՀ մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունից ստացանք պարզաբանումներ մեր «Հարկահավաքումն իրականում հետընթաց է ապրել» հրապարակման («Ազգ», 12 մարտի 2002 թ.) կապակցությամբ, որտեղ ներկայացված էին կոմիտեի կողմից այս տարվա հունվար-փետրվարին մաքսային մուտքերի հավաքման տվյալները եւ դրան առնչվող փաստարկները։ Ըստ այդմ, նշված է, որ կոմիտեն իր ստեղծումից ի վեր «կատարել եւ գերակատարել է մաքսային մուտքերը»։ Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մաքսային մուտքերը նախատեսված 11 մլրդ դրամի փոխարեն եղել են 11 մլրդ 42 մլն դրամ։ Մաքսային կոմիտեի հաշվարկներով, այս տարի ներմուծման ծավալները կնվազեն 7,5 մլրդ դրամով (պայմանավորված տեղական արտադրության աճով), որը նշանակում է ներկրումների ամսական 625 մլն դրամի նվազում։ Այս պայմաններում մաքսային պետական կոմիտեն տարեկան պետք է ապահովի 7,2 մլրդ դրամի, իսկ ամսականՙ 600 մլն դրամի աճ, ինչը «հաշվի առնելով եռամսյակի մուտքերի կատարման ներկա տեմպերը, միանգամայն իրատեսական է»։

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկը սահմանին գանձելուն, ապա, ըստ մաքսային կոմիտեի տեղեկատվության, 2002 թ.-ից շուրջ 50 ապրանքատեսակների հարկումը կրկին տեղափոխվել է հարկային դաշտ։ Մաքսային կոմիտեի լրատվական ծառայությունը նշում է նաեւ, որ մաքսային մուտքերի գերակատարումը հնարավոր է դարձել նաեւ «մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ կոմիտեի դրսեւորած հետեւողականության շնորհիվ», այսինքնՙ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ։

Հրապարակելով մաքսային պետական կոմիտեի մաքսային մուտքերին վերաբերող ճշգրտումը, այդուհանդերձ, կցանկանայինք նշել, որ մեր հրապարակած տվյալները մինչ այդ հրապարակվել էին այլ լրատվամիջոցներում եւ չէին հերքվել մաքսային կոմիտեի կողմից։ Հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ մեր հրապարակման մեջ քննադատության հիմնական թիրախը եղել է հարկային մուտքերի թերահավաքումը։ Ինչ վերաբերում է մաքսային մուտքերին, ապա նշել էինք, որ չնայած աննշան, բայց աճ այստեղ արձանագրվել է։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4