Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ եւս երկու բանկեր ցանկանում են միանալ արդեն միավորման փուլում գտնվող «Արդշինբանկին» եւ «Ադանային»։ Սակայն նա հրաժարվեց հայտնել այդ բանկերի անունները, ասելով, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչով կավարտվի բանակցային գործընթացը։ Այդուհանդերձ, Կենտրոնական բանկը շարունակում է հավաստել իր աջակցությունը (բարոյական եւ նյութական) միավորվող բանկերին։ Դա, Տիգրան Սարգսյանի խոսքերով, լուրջ խթան է բանկերի միավորման համար, որը կիրառվում է նաեւ այլ երկրներում։