«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՂ ՈՒՆԻ ՄԵԿ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ (ԻՍԿ ՈՄԱՆՔ ԵՐԿՈ՞Ւ)

Այս տարի լրանում է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնավարման եռամյա ժամկետը։ Հայաստանի համայնքների մոտ 40 տոկոսում ընտրությունները կլինեն մայիսի վերջին, մնացյալըՙ հոկտեմբերի 20-ին, որպեսզի ամեն դեպքում պահպանվի ընտրական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը։ Այն վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման ժամկետներին։ Ըստ դրա, մինչեւ լիազորությունների դադարեցումը ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պիտի անցկացվեն ընտրությունները։

Ինչպես տեղեկացանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Զուրաբյանից, մինչեւ 2002 թ.-ի սեպտեմբեր հերթական ընտրություններ կլինեն Երեւանի 3 համայնքներումՙ Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա եւ Նորք-Մարաշ (քանի որ վերջինս կարող է միավորվել Կենտրոն համայնքի հետ, ապա, այս առումով, ընտրությունների հարցը դեռեւս պարզ չէ, թեեւ միավորումը կարող է նաեւ տեղի չունենալ)։

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կլինեն նաեւ Արմավիրի (13 համայնք), Արագածոտնի (գ. Սարալանջ), Գեղարքունիքի (5 համայնք), Լոռու (3 համայնք, այդ թվումՙ ք. Սպիտակ), Վայոց ձորի (1 համայնք), Արարատի (3 համայնք), Կոտայքի (4 համայնք, այդ թվումՙ ք. Հրազդան), Շիրակի (3 համայնք), Տավուշի (ք. Իջեւան, ընտրությունները մայիսի 5-ին) մարզերում։

Արտահերթ ընտրությունները տեղի են ունենում ՀՀ կառավարության որոշմամբ, որի հիման վրա 30-օրյա ժամկետում մարզային ընտրական հանձնաժողովները անցկացնում են ընտրություններ։ Այդպիսիք կկայանան մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Շիրակի մարզի Շիրակ համայնքում, որտեղ վաղաժամկետ դադարեցվել են համայնքապետի լիազորությունները։

Ինչ վերաբերում է Արմավիր քաղաքի քաղաքապետի մարտի 10-ին կայացած ընտրություններին, ապա արդեն հրապարակվել են նախնական տվյալները։ 24861 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11011-ը։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. անկուսակցական, «Արարատ» համալսարանի ռեկտոր Արարատ Զաքարյանը ստացել է 4247 ձայն, Արայիկ Աղաբաբյանըՙ 3647, ներկայիս քաղաքապետ Հարություն Մխոյանըՙ 2309։ 754 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, բոլորին դեմ քվեարկել է 50 ընտրող։

Այս ընտրությունների կապակցությամբ Արայիկ Աղաբաբյանը բողոք է ներկայացրել։ 1180 քաղաքացիներ ընտրությունների ժամանակ դիմել են դատարանՙ ընտրացուցակներում ընդգրկվելու եւ, հետեւաբար, ընտրություններին մասնակցելու համար։

Այս ընտրությունների ընթացքում ընտրողների ցուցակներում տարօրինակ յուրահատկություններ են արձանագրվել ե՛ւ մարզային, ե՛ւ կենտրոնական ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կողմից։ Մասնավորապես, քաղաքի 11 տեղամասերից յուրաքանչյուրում ընտրացուցակներում կրկնվել են 50-70 անուններ։ Եղել են նաեւ դեպքեր, երբ արդեն ընտրելուց հետո քաղաքացուն ուղարկել են դատարան, որի որոշման հիման վրա նա քվեարկել է երկրորդ անգամ։ Ստացվում է, որ որոշ ընտրողներ ոչ թե մեկ, այլ 2 ձայնի իրավունք են ստացել։

Սա հետաքրքրական է թեկուզ այնքանով, որ ոչ հեռու ապագայում կկայանան նաեւ ԱԺ եւ ՀՀ նախագահի ընտրությունները։ Թերեւս տխուր միջադեպ է ընտրական գործընթացի համարՙ կեղծարարության քիչ թե շատ «նոր» մոտեցմամբ։

Ընտրացուցակների նման «անորոշության», «անկազմակերպվածության» համար պատասխանատու է ներկայիս քաղաքապետը։ Իսկ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունն է կա՛մ ազատազրկում 1 տարով, կա՛մ զրկում որոշակի պաշտոններ վարելու, որոշակի գործունեություն ծավալելու իրավունքից, կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4