«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՇՎԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ

Ինչո՞ւ է հենց հիմա շրջանառության դրվում չարաբաստիկ նախագիծը

«Այս օրենքի ընդունումը մտնում է ԵԽ-ից ստանձնած պարտավորությունների մեջ եւ, բնականաբար, պետք է ընդունենք։ Որքանով է այս վիճակով ընդունումը նպատակահարմարՙ այլ խնդիր է։ Իհարկե, նպատակահարմար չէ միանշանակ։ Չինովնիկների պաշտպանվածությունը չպետք է մեծանա մամուլի հաշվին։ Հնարավորությունները սպառված չեն, արդեն իսկ կարծես հիմնական մի քանի հարցեր լուծվում են, եւ այդ ժամանակ նախագիծը հնարավոր կլինի քննարկել»։ Այս կարծիքին է ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը կառավարության ներկայացրած եւ չարչրկված «ԶԼ մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որն, ի դեպ, լիովին տեղավորվում է կառավարության որդեգրած «նրբանկատ» քաղաքականության շրջանակներում։ Այդ նույն քաղաքականության դրսեւորումներից է նաեւ անընդհատ վանկարկվող լրատվամիջոցների հետ հանդիպման եւ նախագծի քննարկման անհրաժեշտության հիմնավորումը, որի նպատակը շատ հստակ է. պահպանելով օրենքի նախագծի տրամաբանությունըՙ այն ներկայացնել որպես լրատվամիջոցների համաձայնության արդյունքՙ այդպիսով խուսափելով վերջիններիս հետագա հարձակումներից ու քննադատությունից։ Նամանավանդ որ խայծ կուլ տվող լրատվամիջոցներ միշտ էլ կգտնվեն։ Դա թերեւս հարցի լուծման ամենապարզունակ եւ հեշտ տարբերակն է, եթե նկատի առնենք նաեւ, որ գործադրին հաջողվեց կորզել Եվրախորհրդի փորձագետների համաձայնությունը նախագիծը բարեփոխելու համար, ինչից, ի դեպ, դժգոհ լրատվամիջոցները որեւէ բան հասկանալ չկարողացան։ Կառավարությունը, պետք է խոստովանել, ե՛ւ փորձագետներին, ե՛ւ լրատվամիջոցներին կարողացավ ծուղակը գցել։

Ընդհանրապես հենց նույն կառավարության համար էլ ընդունելի ավանդույթ էՙ նոր օրենք ընդունել այս կամ այն իրավահարաբերությունը կարգավորելու համար, եթե գործող օրենքը հիմնականում արդեն հնացած է կամ չի կարող բավարարել առաջացող նոր պահանջները։ Այս տեսակետից առավել քան անհասկանալի էր գործադրի հաստատակամությունըՙ ոչ թե շրջանառությունից հանել 70¬80 տոկոսով անընդունելի օրինագիծը, այլ բարեփոխել։ Այդ ինչքա՞ն պիտի բարեփոխվի նախագիծը, որպեսզի մինչեւ վերջ հանվեն այնտեղ ամրագրված բոլոր անհեթեթությունները։

Ե՛վ վարչապետը, ե՛ւ իշխանության ներկայացուցիչները նման չորկողությունը բացատրում են նրանով, թե օրենքի ընդունումը Եվրախորհրդից ստանձնած պարտավորությունների մեջ է մտնում։ Բայց չէ՞ որ նույն պարտավորություններից է նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների» կոնվենցիայի վավերացումը, որը պիտի կայանար դեռ հունվարին, կամ կուսակցությունների մասին օրենքի ընդունումը, որը դեռ մեկ ընթերցում է անցել, եւ մյուսները։ Ինչո՞ւ նույն հետեւողականությունն այս փաստաթղթերի նկատմամբ կառավարությունը չի դրսեւորում։ Թերեւսՙ որովհետեւ առաջիկա ընտրությունների ժամանակ դրանք օգտագործել հնարավոր չէ։

Ընդհանրապես «շան գլուխը» հենց այստեղ պետք է փնտրել։ Ովՙ եթե ոչ նույն կառավարությունը հստակ հասկանում է, թե ինչ դեր ունի մամուլն այդ շրջանում։ Բացի այս նպատակին ծառայեցնելու հավանականությունից, որեւէ այլ տրամաբանության չի ենթարկվում այն փաստը, թե ինչու հենց այս պահին եւ այսպիսի հապճեպությամբ կառավարությունը հրապարակ իջեցրեց նախագիծը։ Առավել եւս, որ ընտրությունների ընթացքը նորմալ ապահովելու նպատակով այժմ խորհրդարանի քննարկման են ներկայացված ընտրական օրենսգրքում փոփոխությունների, կուսակցությունների մասին օրենքի, սահմանադրական փոփոխությունների եւ նոր սահմանադրության նախագծերը, որոնց ընդունումն ավելի հրատապ եւ կարեւոր է, քան «ԶԼ մասին» նախագիծը։

«Իհարկե, նախագծի շրջանառության դնելն այս պահին նպատակահարմար չէ։ Մեր ընդդիմադիրները խորհրդարանական համակարգ նախատեսող նոր սահմանադրության նախագիծը քննարկելիս տոտալիտարիզմի վտանգի մասին էին խոսում։ Մինչդեռ տոտալիտարիզմի նման վտանգը մեր դռանը չոքած է հենց «ԶԼ մասին» օրենքը շրջանառության մեջ մտցնելով։ Եվ ընդհանրապես, այսօրվա կառավարությունն այնպիսի օրենքների նախագծեր է բերում, որոնք ժամանակավրեպ են։ Չգիտես ինչու, հենց հիմա են օրենքի նախագիծը բերում եւ ասումՙ պարտավոր ենք ընդունել։ Իսկ չե՞ք պարտավորվել, ասենք, լրատվության համար նպաստավոր ֆինանսատնտեսական պայմաններ ստեղծել», բողոքում է կոմունիստ եւ ԱԺ սոցիալական, առողջարարական ու բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը։ Այս խոսքերին նույն խորհրդարանում, սակայն, քաղաքական մեծամասնության կողմից երբեւէ լուրջ մոտեցում չի դրսեւորվել։

Ընդհանրապես խորհրդարանական մեծամասնությունը «մայր» կառավարության դիրքորոշման հանդեպ «խորին ակնածանք» ունի եւ պնդում է, թե օրինագիծն ընդունել կարելի է բարեփոխելուց հետո միայն։ Ուշադրություն դարձնենք. խոսքը նոր օրենքի ընդունման մասին չէ, այլ սոսկ բարեփոխումների։ Իսկ ավելին պետք էլ չէ նախագիծն օրենք դարձնելու համար, ինչին այդքան երազում է իշխանությունը։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4