«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ Է ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ

Աշխատանքային խորհրդակցություն քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվեցին մայրաքաղաքին առնչվող կարեւոր խնդիրներ, սակայն հիմնական թեման քաղաքաշինությանն էր վերաբերում։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հանրապետության նախագահին ներկայացրեց 2001 թվականի աշխատանքներըՙ անցած տարին անվանելով քաղաքաշինական խնդիրների առաջադրման տարի, իսկ 2002 թվականը, նրա խոսքերով, լինելու է այդ խնդիրների, կոնկրետ ծրագրերի իրականացման տարի։ Քաղաքապետի խոսքերովՙ 2002 թվականին Երեւանը կդառնա երբեմնի բարի ավանդույթները հիշեցնող շինհրապարակ, սակայն այս խնդրի իրականացումը մեծապես ներդնողներից է կախված, ուստի առավել նպաստավոր պայմանների ստեղծումը Ռոբերտ Նազարյանը գերխնդիր է համարում։

2001 թվականին նախկինում վարձակալության տրված հողատարածքներից գանձված վարձավճարների ընդհանուր գումարը 153 մլն դրամով գերազանցել է 2000 թ. ցուցանիշը։ Քաղաքապետը կարեւորեց մայրաքաղաքի հողատարածքների աճուրդով եւ մրցույթով կատարվող վաճառքը, ինչը նպաստում է հողի արժեւորմանն ու շուկայի ձեւավորմանը։ Միայն Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար 5600 քառակուսի մետր վաճառքից գանձվել է 2 մլն 300 հազար դոլար։

Հանրապետության նախագահը նկատեց, որ իրոք, 2000 թ. համեմատությամբ անցած տարի հողատարածքների օտարումից եւ վարձակալությունից ստացված գումարները շատ են եղել։ Ռ. Քոչարյանը քաղաքապետարանի պատասխանատուներին մի շարք հարցեր ուղղեց, մատնացույց արեց թերացումները եւ հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, մայրաքաղաքի տարածքում գտնվող սեփականաշնորհված կիսավարտ շենքերի հարցում հանձնարարեց հետամուտ լինելՙ կամ ստիպելով վերջացնել շինարարությունը, կամ էլ վերավաճառել եւ ավելի պատասխանատու անձի հանձնել։ Նախագահն անդրադարձավ նաեւ քաղաքապետարանում առկա բյուրոկրատական քաշքշուկներին։ Շարքային քաղաքացիների եւ չինովնիկների փոխհարաբերությունները կանոնակարգել է անհրաժեշտ։ Ռ. Քոչարյանը քաղաքապետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուին հարց ուղղեց մայրաքաղաքի 14-րդ պոլիկլինիկայի գործադուլի առնչությամբ։ Այդ ինչպե՞ս է, որ տարբեր բուժհիմնարկներում աշխատավարձերի պարտքերը տարբերվում են իրարից։ Նախագահը հանձնարարեց ստուգել այս ոլորտում առկա չարաշահումները։

Հանրապետության նախագահի խոսքերովՙ անհրաժեշտ է ծրագրային աշխատանքներից անցնել գործնականի։ Իրատեսական է առաջիկա տարիներին զարգացող երկրին բնորոշ մայրաքաղաք ունենալու հեռանկարը։ Կապիտալ շինարարությանը զուգահեռ լուծելով մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման եւ ջեռուցման հարցերըՙ Երեւանը 3¬4 տարվա ընթացքում կարելի է անճանաչելի դարձնել։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4