Ադրբեջանի կենտրոնական լրատվամիջոցները երեկվա հրապարակումներում առանձնակի ուշադրություն են դարձրել հարկային նախարարության եւ պետական մաքսային վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ գործողություններին, որոնց արդյունքում 2002 թ. մարտի 7-ին Բաքվի երեք առեւտրային կետերում կանխվել է հայկական արտադրության «Սիգարոն» տեսակի ծխախոտի վաճառքը։
Գործողությունը պսակվել է մեծ հաջողությամբՙ բռնագրավվել է 31 տուփ «Սիգարոն», մոտ 40 դոլար ընդհանուր արժողությամբ։ Փաստի առիթով տարվում է հետաքննություն։ Ադրբեջանի հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը դեռեւս չի կարողանում պարզել, թե որտեղից է «Սիգարոնը» բերվել Բաքու։
Իրոք, չափազանց դժվար է պարզել։ Միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե՞րն են տարածաշրջան այցելությունների ընթացքում ձեռի հետ Հայաստանից «Սիգարոն» տանում Բաքու։ Տեսականորեն այս վարկածը չի բացառվում եւ արժանի է լուրջ ուսումնասիրության, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հակամարտության կարգավորման ենթատեքստում միջնորդները կարեւորում են հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը։ Լավ, իսկ ո՞վ է Բաքու հասցնում Գավառի «սրսուռ կարտոլը» կամ Սեւանի սիգ ձուկը։ Եվ սա նոր չէ։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին ադրբեջանցիների խոհանոցի անբաժանելի մասն էին հայկական կարտոֆիլն ու ձուկը։ Իսկ ո՞վ է Ադրբեջանից Երեւանի եւ Ստեփանակերտի խանութներ հասցնում ադրբեջանական «Ազերիչայ» թեյը, որն, ի դեպ, համեմատաբար էժան է մյուս թեյերից եւ բուրավետ։ Կամ Կասպիցի թառափը։
Կառավարությանը մոտ կանգնած իրազեկ մի աղբյուր «Ազգին» վստահեցրեց, թե «Սիգարոնը», կարտոֆիլը, ձուկը, թեյը Վրաստանի Սադախլո հասնում են տոնավաճառով են հասնում Հայաստան եւ Ադրբեջան։ Հիշեցի մի դեպք. հենց Սադախլոյում գավառցիները ձուկ էին բարձում Բաքու մեկնող «Իկարուսը»։
Մեզ մնում է հուսալ, որ արդբեջանցիներին չեն նյարդայնացնի հայկական արտադրանքներիՙ Բաքվի խանութների ցուցափեղկերում հայտնվելու փաստերը։ Նմանապես, հայերին թող չնյարդայնացնի, եթե հենց այս պահին «Ֆիրդուսու» շուկայում ականատես լինեն 220 դրամ արժողությամբ ադրբեջանական թեյի վաճառքի դեպքերին։ Լինենք հանդուրժող, զերծ մնանք գավառամտությունից։ Այլապես Ղարաբաղի հարցը չենք կարող լուծել։