«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՈԹ Է ՈՒ ԵՐԿԴԻՄԻ

Թուրքական ուժերի խցկումը Վրաստան կվտանգի հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը

1997 թ. ամռանը պաշտոնական Վաշինգտոնը պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթի շուրթերով Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը հայտարարեց ամերիկյան կենսական շահերի գոտի։

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում ԱՄՆ-ն առաջնորդվում է միեւնույն սկզբունքներով. ա) տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատում, առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բ) երեք հանրապետություններում տնտեսական բարեփոխումների խթանում, նրանց ինտեգրում համաշխարհային տնտեսական համակարգ, գ) ժողովրդավարության հաստատում, ուշադրություն մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, դ) միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքար, ե) երեք հանրապետություններում ԱՄՆ քաղաքացիների անվտանգության ապահովում։ Այս սկզբունքները, որոնք մշակվել են ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, կրում են զուտ դեկլարատիվ բնույթ։ Վաշինգտոնը Հարավային Կովկասի հետ հարաբերություններում եւ տարածաշրջանն իր կենսական շահերի գոտին դարձնելու նպատակով առաջնորդվում է Բժեզինսկի-Թալբոթ-Սեստանովիչ ռուսատյաց եռյակի հայեցակարգով, ըստ որի նախատեսվում է 1. խրախուսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, 2. խորացնել եւ ընդլայնել Վրաստան-Թուրքիա քաղաքական, տնտեսական եւ ռազմական համագործակցությունը, 3. անընդհատ լարվածություններ առաջացնել Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում։

Հարավային Կովկասն իր կենսական շահերի գոտի դարձնելու ակնկալիքով ԱՄՆ-ը նախ պետք է նվազագույնի հասցնի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, ապա նրա առաջ կողպի Կովկասի դարպասները։ Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը փոխվեց, հետեւաբար փոխվեցին նաեւ Հարավային Կովկասում հաստատվելու ամերիկյան պլանները։ Նախագահ Բուշը երդվել է ահաբեկիչներին կանգնեցնել դատարանի առջեւ, որտեղ էլ նրանք ապաստան գտնեն։ Ըստ ամերիկյան տրամաբանության, ահաբեկիչները կարող են թաքնվել նաեւ Վրաստանի Պանկիսի եւ Կոդորի կիրճերում, Ղրիմում, Ադրբեջանում, ղարաբաղա-իրանական սահմանին, մի խոսքով այնտեղ, որտեղ նրանց կցանկանա փնտրել Բուշը։ Սեպտեմբերի 11-ի սարսափելի ողբերգությունը ԱՄՆ-ը օգտագործում է արտաքին քաղաքական նպատակներով։ Ամերիկյան ցինիզմը չէ, որ մեզ զարմացնում է, այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների իրարամերժ, կեղծ, անհեթեթ հայտարարությունները։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո Պուտինը ցավակցություն եւ զորակցություն հայտնեց Բուշին։ Փոխարենը Վաշինգտոնը որոշ ժամանակ դադարեցրեց չեչեն ահաբեկիչների հետ շփումները, մարդասպաններին պետքարտուղարությունում բարձր մակարդակով ընդունելու սովորությունը։ Եվրոպայում ԱՄՆ-ի սերտագույն դաշնակից Մեծ Բրիտանիան վարչապետ Բլերի շուրթերով չեչենների պայքարը նույնացրեց ահաբեկչության հետ։ Աֆղանստանում ամերիկյան հակաահաբեկչական պայքարում Ռուսաստանը կրկին ԱՄՆ-ի կողքին էր։ Կարճ ժամանակ անց Աֆղանստանի բոլոր օդանավակայաններն անցան ԱՄՆ վերահսկողության տակ։ Սակայն պարզվեց, որ դա էլ բավարար չէր բեն Լադենին որսալու համար։ Ամերիկացիները մեկը մյուսի հետեւից հաստատվեցին կենտրոնասիական հանրապետություններում, նախագահ Պուտինին «երդվելով», թե այս ամենը ժամանակավոր է, բավական է բեն Լադենին եւ «Ալ Ղաիդայի» անդամներին ոչնչացնենք եւ առնվազն Տաջիկստանը, Կիրգիզիան ձերն են։ Այս ընթացքում ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում կրկին հյուրընկալեցին չեչեն ահաբեկիչներից Ահմադ Զաքաեւին, Պուտինին քննադատեցին Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Ամերիկացիները ահաբեկչությունը գործնականում բաժանում են «լավի» եւ «վատի». եթե ահաբեկչությունը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից պետությունների դեմ է, ապա դա ահաբեկչություն է, եթե Ռուսաստանի կամ «չարիքի առանցք» կազմող պետությունների ու վերջիններիս դաշնակիցների դեմ է, ապա դա ահաբեկչությանն այնքան էլ նման չէ եւ մոտ է ազգային ազատագրական պայքարի դասական չափանիշներին։

Երբ Վրաստանն, իբր առանց Ռուսաստանին տեղյակ պահելու, ամերիկացիներին հրավիրեց Պանկիս, եւ արտգործնախարար Ի. Իվանովը ռուսական մամուլից տեղեկացավ ամերիկյան ծրագրերին, անմիջապես Վաշինգտոնին նախազգուշացրեց չխառնվել Վրաստանի ներքին գործերին, քանզի Վրաստանի առանց այն էլ ներքին անկայուն վիճակն ավելի կբարդանար։ Մի քանի օր անց Պուտինը սրբագրեց Իվանովի մեկնաբանությունը. եթե ամերիկացիներին կարելի է հաստատվել Կենտրոնական Ասիայում, ապա ինչո՞ւ չի կարելի Վրաստանում։ Պարզապես պրն Պուտինը չեչեն ահաբեկիչ Ռուսլան Գելաեւի գործընկեր Էդուարդ Շեւարդնաձեից սրտնեղել էր, քանի որ վերջինս այդ մասին իրեն տեղյակ չէր պահել։ Շեւարդնաձեն իրեն հատուկ պարզությամբ հայտարարեց, հենց Պուտինի կողքին կանգնած, որ ինքը Կրեմլին տեղյակ է պահել։

Երեկ հերթական անհեթեթ հայտարարությունն արեց մյուս Իվանովըՙ ՌԴ պաշտպանության նախարարը։ «Ռուսաստանին անհանգստացնում է Վրաստանում ամերիկյան զորակազմի ընդլայնումը։ Այժմ մեզ հայտնի է միայն, որ Վրաստան են գալու 200 ամերիկացի զինվորներ», Վաշինգտոն մեկնելու ճանապարհին ասաց Ս. Իվանովը։ Լուրը հաստատեց Վրաստանի պաշտպանության նախարար Դ. Թեւզաձենՙ մարտի 15-20-ը կժամանեն շուրջ 150 ամերիկացի հրահանգիչներ։

Հայաստանի համար մտահոգիչը ոչ թե 150 ամերիկացի հրահանգիչների ժամանումն է Վրաստան, այլ Պուտինի կովկասյան քաղաքականությունը, ինչը կարող է վտանգել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը։ Ակնհայտ է, որ Մոսկվան իր դիրքերը Վրաստանում զիջում է ԱՄՆ-ին։ Եթե հաշվի առնենք, որ Հարավային Կովկասում հաստատվելու համար Վաշինգտոնը խրախուսում է Վրաստան-Թուրքիա քաղաքական, տնտեսական եւ ռազմական համագործակցությունը, ապա «վրացական վակուումը» պետք է լրացնի հենց Թուրքիան։ Պաշտոնական Թբիլիսիի հավաստիացումները, թե վրաց-թուրքական համագործակցությունը ուղղված չէ Հայաստանի դեմ, եղբայրական վրաց ժողովուրդը հայերի անվտանգությանը սպառնացող որեւէ քայլ չի անի, դառնում են անհիմն։ Հայաստանը կանգնում է բավականին բարդ իրողությունների դեմ դիմաց։ Այս առումով, Մոսկվայի ջղաձգումները որեւէ կերպ արդարացված չեն լինի, եթե պաշտոնական Երեւանը կրկնի եւ շեշտի արտաքին քաղաքականության «կոպլեմենտար» սկզբունքը։ Երեւի թե արդարացված չի լինի Մոսկվայի ատամներ կրճտացնելու սովորությունը, երբ Թուրքիայի ամերիկացի բարեկամները ակնարկներ անեն հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների ավելորդության մասին։

Վերջում մեկ լուր Մոսկվայի «Կասպիան» գործակալության ժապավենից։ Թուրքիայի հատուկ ծառայությունները նախապատրաստում են լայնածավալ սադրանքներ Վրաստանի հայաբնակ շրջաններում։ Մոսկովյան իրազեկ շրջանակները տեղեկացրել են, որ Թուրքիան, օգտվելով վրացական պետության ներքին թուլությունից, փորձում է ամրապնդել իր ռազմաքաղաքական ներկայությունը Անդրկովկասում, մասնավորապեսՙ Վրաստանում։ Թուրքական հատուկ ծառայությունները ակնկալում են, որ Սամցխե-Ջավախքում սադրանքները պետք է կտրուկ լարեն հայ-վրացական եւ վրաց-ռուսական հարաբերությունները, որին կհետեւեն Ռուսաստանի վրա ԱՄՆ ճնշումները, ռուսական ռազմական ուժերը դուրս կբերվեն Վրաստանից։ Ապա Թուրքիան կփորձի հայ-վրացական զինված սադրանքներ հրահրել, որից հետո, «զգուշանալով հայկական կողմի դեմ լայնածավալ ռազմական առճակատումից» եւ ԱՄՆ միջնորդությամբ, Սամցխե-Ջավախքը կհայտարարվի «միջազգային պատասխանատվության գոտի, որի անվտանգությունը պետք է ապահովեն Թուրքիայի զինված ուժերը»։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4