«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2002-03-08 | #45, 2002-03-12 | #46, 2002-03-13


ԱՏԳԵՆ ԱՐՄԵՆՅԱՆԸՙ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ

Վերջերս «Ազգում» եւս մեկ հետաքրքիր հրապարակում եղավ Թալիբյան շարժման ամերիկացի ռազմիկ Ջոնի Ուոքեր Լինդի մասին (թիվ 36, 26¬բ փետրվարի, 2002 թ.)։ Ամերիկյան ապահովված ընտանիքում ծնված եւ ամեն արտոնություն ունեցող տղային ծնողները ոչինչ չեն մերժել երբեք, «ոչ» չեն ասել։ Ի վերջո, այս ամենաթողությունը հասցրել է այն բանին, որ Ջոնին դարձել է իր երկրի թշնամին։ Ինչո՞ւ։ Ամենապարզ պատճառով. այս երիտասարդին թույլատրվել է խախտել բարոյականության եւ բարեկրթության բոլոր սահմանները։

Բացառի՞կ օրինակ է, հատուկ է միայն ամերիկյան հասարակությա՞նը։ Իհարկե, ոչ։ Արդեն տագնապալի է վիճակը բարոյական դաստիարակության առումով աշխարհում ամենուրեք։ Եվ դա է պատճառը, որ 1969 թ. Օնտարիոյի ինստիտուտում սկիզբ առավ բարոյական կրթության ծրագիրՙ նպատակ ունենալով ձեւավորել հոգեկան զարգացումը խթանելու արդյունավետ ծրագրեր ու դասավանդական մեթոդներՙ հիմնված Լորենս Քոլբերգիՙ անձի զարգացման փուլային տեսության վրա։

Հայ իրականության մեջ այս ծրագրի իրականացման կարեւոր փաստ կարելի է համարել «Բարեկրթության արահետներով» եւ «Բարեկրթության խճանկար» ժողովածուների հրատարակումը։ Գրքերի պարունակության եւ հրատարակության անհրաժեշտության մտահղացումը պատկանում է նախկին կանադահայ, այժմ արդեն Հայաստանում հաստատված Ատգեն Արմենյանին, մարդ, որն ապրած կյանքով ու գործով է ապացուցում իր հայրենասիրությունը։ Առաջին գրքի հեղինակը Աիդա Չիլինգարյանն է, երկրորդ գրքի հեղինակըՙ Էմիլյա Օհանյանը։

Ամենատարբեր նյութեր են տպագրված այս երկու ժողովածուներում, նյութեր, որոնք բարոյականության հիմնաքարեր են մատաղ սերնդի համար։ Անկեղծ ասած, այս նյութերի վերընթերցումն ավելորդ չէ նաեւ մեծահասակների համար, ովքեր աշխուժորեն մանեւրելով բնապահպանական շարժումների, քաղաքականության ծայրահեղությունների, տնտեսության համակենտրոնացումների, թմրանյութերի, մարմնավաճառության բավիղներում, պարզապես մոռանում են բարոյականության տարրական չափանիշները պահպանել։

Կրկին կարդանք Պարույր Սեւակի «Ազգային սնապարծություն եւ ազգային արժանապատվություն» հոդվածը, Տերյանի, Զարիֆյանի, Մեծարենցի, մեր ու օտարների պայծառ մտածողների մտքերը, որոնք հրահանգներ կամ թելադրություններ չեն։

Լորենս Քոլբերգի բարոյական զարգացման հիմնադրույթների վրա հիմնված այս գրքերի հրատարակումը բարոյական մտածողության ուսումնասիրման արդյունավետ միջոց է։ Բնական գիտելիքները երբեք ու երբեք տարանջատ չեն եւ ենթադրում են բարոյական հետեւանքներ։ Ուստի Ատգեն Արմենյանի այս նախաձեռնությունն առաջին քայլը պիտի համարենք մեր երկրի բարոյական առողջացման, բարոյականության չափանիշների վերածնման ճանապարհին։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4