Այս անունով հատորը վերջերս է լույս տեսել Բեյրութումՙ լիբանանահայ ճանաչված մտավորական, հայ կաթոլիկ վարդապետ Հայր Անդրանիկ Կռանյանի հեղինակությամբ։ 376 էջ ծավալով այս ուսումնասիրությունը հրատարակվել է բանաստեղծ, հայ կաթոլիկ պատրիարքարանի «Մասիս» պաշտոնաթերթի երբեմնի խմբագիր Հրաչ Քաջարենցի թողոնով. էջադրումը եւ տպագրությունըՙ Բեյրութի «Սիփան» հրատարակչատան (տնօրենՙ Արամ Սեփեթջյան)։
Հատորի հակիրճ ներածության մեջ (էջ 7¬9) Հ. Կռանյանը գրում է. «1700-ամեակի առիթով, բարի է վերարժեւորել, կրկին իմաստավորել ու կեանքի աղբիւր դարձնել այն պաշտամունքը, որոնք... մեզ եւ մեր ժողովուրդը հոգեպէս սնուցին եւ հոգեւոր արբունքի հասցուցին» (էջ 8)։ Նա ավելացնում է, որ հայ հոգեւոր ծեսին «ամբողջական ծանօթացումն ու ուղիղ գործադրումը մասնագիտութիւն կը պահանջի» (էջ 9)։
Հատորը բաղկացած է հինգ մասերից եւ օգտագործված գրականության «Մատենագիտութիւն» ցուցակից։
Առաջին մասում (էջ 11¬84) հեղինակը ներկայացնում եւ բացատրում է Հայ եկեղեցու պաշտամունքային ծեսերն ու տոներըՙ կատարելով յուրաքանչյուրի պատմականը եւ տալով մանրամասնություններ նրանց պատմական զարգացման մասին։ Տարեցույցին ու տոնացույցին հաջորդում են Քրիստոսին, Աստվածածնին, Ս. Խաչին ու եկեղեցուն նվիրված տոների մանրամասն թվարկումներն ու բացատրությունները։
Երկրորդ մասը (էջ 87¬162) նվիրված է ժամասացությանը։ Այս մասում գրվել է սաղմոսների, շարականների, ութ ձայների, հայկական խազերի եւ ժամասացության յոթ տարատեսակների մասին։ Այս մասի ավարտին հեղինակը ցավով նշում է, որ ժամասացությունն այսօր անշքացած է, որի պատճառը հոգեւոր ճգնաժամն է ամբողջ աշխարհում, ներառյալՙ եկեղեցականների մեջ։ Նա երկու ելք է տեսնումՙ «Հայ ժամասացութիւնը վերարժեւորել նախ հոգեւորականներուն հոգիին մէջ» (էջ 160) եւ ժամասացությունը ժողովրդականացնելՙ ժողովրդի համար «առձեռն» ժամասացություն մշակելով (էջ 161)։
Երրորդ մասը էջ (165¬195) նվիրված է Հայ եկեղեցու պատարագին։ Ներկայացվում եւ բացատրվում են պատարագի խորհուրդը, Հայ եկեղեցու պատարագի զարգացման պատմությունը, բուն պատարագի ծիսակատարության ընթացքըՙ սկզբից մինչեւ վերջ։
Հատորի չորրորդ մասում (էջ 199¬231) առանձին ենթամասերում բացատրվում են Հայ եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող մատյանները, զգեստները եւ նույնինքն եկեղեցու շենքի զանազան բաժինները։
Հատորի ամենածավալուն մասը վերջինՙ հինգերորդ մասն է (էջ 235¬370), որը «Ծիսական բառարանն» է։ Այստեղ հայ ծեսին առնչված յուրաքանչյուր եզր հակիրճ կամ ընդարձակ բացատրվում է կամ հղում է կատարվում նախորդ չորս մասերի համապատասխան էջերին։
«Հայ ծիսական պաշտամունքը» ուսումնասիրությունը հեղինակելիս, Հ. Անդրանիկ ծ. վրդ. Կռանյանն օգտագործել է թեմային առնչված հայերեն եւ ֆրանսերեն առկա գրականությունը, ինչպես նաեւ իտալերեն մեկ աշխատություն։
Ներկայացվող գիրքը նախատեսված է ինչպես հոգեւորականների, հոգեւոր դպրոցների աշակերտների, աստվածաբանության ուսանողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար եւ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ։
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ