Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Սպարտակն» ու «Բանանցն» առաջին հանդիպումներն անցկացրին։ «Բանանցը» 1¬2 հաշվով զիջեց մերձմոսկովյան «Լոբնյա» թիմին։ Հայ ֆուտբոլիստներից գոլը խփեց Արմեն Գրիգորյանը։ Թիմի կազմում հանդիպմանը մասնակցեցին ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Ոսկանյանը։ Երեկ «Բանանցը» պետք է ուժերը չափեր Ղազախստանի առաջնության բրոնզե մրցանակակրի հետ։
«Սպարտակի» կազմում Կիպրոս չեն մեկնել փորձառու դարպասապահ Հարություն Աբրահամյանը, որին ակումբը տրանսֆերի է հանել, ինչպես նաեւ Արկադի Դոխոյանն ու «Դինամոյից» հրավիրված դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը։ «Սպարտակն» ուժերը չափեց Կրասնոդարի «Կուբանի» հետ, որը խաղում էր հիմնական կազմով։ Հաշիվը բացեց Հայկ Հակոբյանը, սակայն սպարտակցիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։ Գրոհներից մեկի ժամանակ «Սպարտակի» պաշտպաններից մեկն անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Մարտի 15-ին նախատեսված է թիմի 2-րդ հանդիպումը Բլագովեշչենսկի «Ամուրի» հետ։