Ռեպորտաժ «Բրիտանական ավիաուղիների» աջակցությամբ
Իմ այս փարիզյան կարճատեւ այցելության առիթներից մեկը Փարիզի արվարձաններից մեկումՙ Բուրգ լա Ռեյնում հենց նոր բացված Տիգրան Պետրոսյանի անվան շախմատային ակումբն է։
Ակումբի հիմնադիրն ու նախագահը շախմատին նվիրված 35-ամյա Ֆրանկ-Վազգեն Բայրամյանն է, իսկ նախաձեռնության ոգեշնչողըՙ Բայրամյանների ողջ ընտանիքը։ Բայրամյանները ծագումով Իզմիրից են։ 1915 թ. Ցեղասպանությունից հետո նրանք տեղափոխվել են նախ Հունաստան, ապաՙ Ֆրանսիա։
Բայրամյանների ընտանիքն այժմ ամբողջ կազմով է մասնակցում ակումբի աշխատանքներին։ Ֆրանկ-Վազգենը շախմատ խաղալ սովորել է 3 տարեկան հասակում։ Նրա անհատական վարկանիշը հասել է 2400-ի սահմաններին, ինչը վարպետի ցուցանիշ է։ Գործնական խաղից բացի Վազգենը զբաղվում է նաեւ տեսական վերլուծություններով։ Հայ շախմատիստների պարտիաների վերլուծությունները հրատարակվել են հոլանդական շախմատային հանդեսում։ Նրա հիմնական մասնագիտությունը համակարգչային ծրագրավորումն է, աշխատում է համակարգչային կենտրոնում։ Ուստի պատահական չէ, որ նորաստեղծ ակումբը դասական շախմատին զուգահեռ զբաղվում է այսպես կոչված «Ֆիշերի շախմատի» տարածմամբ։ Առաջիկա շաբաթ օրը Պետրոսյանի անվան ակումբում կսկսվի առաջին խոշոր մրցաշարն ըստ «Ֆիշերի շախմատի»։ Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը նախատեսում է կազմակերպել նաեւ «եռյակ շախմատի» (երբ խաղին մասնակցում են երեքով) մրցումներ։
Վազգենը, ցավոք, հայերեն քիչ գիտի, բայց ամբողջովին տոգորված է հայկական ոգով եւ մշտական կապի մեջ է հայկական կազմակերպությունների, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան հետ։ Նա ցանկանում է շախմատը տարածել ֆրանսահայերի շրջանում, որպեսզի նրանք հաճախեն Պետրոսյանի անվան ակումբ։
¬ Իմ ակումբը Պետրոսյան անունը կրում է ոչ միայն ի պատիվ աշխարհի 9-րդ չեմպիոնի,¬ կես-լուրջ, կես-կատակ ասում է Բայրամյանը։ ¬ Ես մեծարում եմ բոլոր նշանավոր Պետրոսյաններին եւ Պետրոսյան շախմատիստներին...
Ահա թե ինչու, երբ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը եւ նրա փեսանՙ Պետեր (այսինքնՙ Պետրոս) Լեկոն ժամանեցին Կաննՙ խոշոր մրցաշարի, Բայրամյանը շտապեց նրանց հետ մոտիկից ծանոթանալու։ Վազգենը մեծ հաճույքով է հիշում նաեւ հանդիպումները գրոսմայստեր Արտաշես Մինասյանի եւ հայ այլ շախմատիստների հետ։ Իսկ առաջիկա սեպտեմբերին Փարիզի Տիգրան Պետրոսյանի անվան ակումբը կսկսի իր անդրանիկ ելույթը Ֆրանսիայի թիմային առաջնությունում։
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՓԱՐԻԶ