Նախագահը կարեւորեց Զարգացման հայկական գործակալության այս երկու գործառույթները
Երեկ Զարգացման հայկական գործակալություն (ԶՀԳ) այցելեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նպատակը, ինչպես նշեց նա, «ավելի շատ լսելն էր», թե ինչ գործունեություն է ծավալում գործակալությունը։ 2001 թ. աշխատանքների մասին ելույթով հանդես եկավ ԶՀԳ տնօրեն Վահագն Մովսիսյանը։ Նշվեց, որ գործակալության հիմնական նպատակը երկու կարեւոր գործառույթներն են։ Առաջինՙ ներդրումների ներգրավում, երկրորդՙ արտահանման խրախուսում։ 2001 թ. ԶՀԳ-ն մասնակցել է Նյու Յորքիՙ Հայաստանում ներդրումներին նվիրված խորհրդաժողովին, որտեղ ներկայացվել են 35 ծրագիր, երեք ուղեցույց, մեկ ամսագիր։ ԱՊՀ կազմավորման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցել են 36 հայկական կազմակերպություններ, կնքվել են 8 մլն դոլարի արտահանման պայմանագրեր։ ԶՀԳ ծառայություններից անցյալ տարի օգտվել են 300 օտարերկրյա եւ 250 տեղացի գործարարներ։
Անդրադառնալով 2002 թ. նախատեսված միջոցառումներին, Վահագն Մովսիսյանը նշեց մի շարք գործարար համաժողովներիՙ հայ-չեխական, հայ-իտալական, հայ-իսպանական, անցկացումը, հայրենիք-սփյուռք խորհրդաժողովի նախապատրաստմանը գործակալության մասնակցությունը եւ այլն։ ԶՀԳ-ի տնօրենի ելույթից հետո լրագրողները դուրս հրավիրվեցին դահլիճից եւ միայն խորհրդակցության ավարտից հետո հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու ՀՀ նախագահին։
Ռոբերտ Քոչարյանը նախ անդրադարձավ ԶՀԳ գործունեությանը։ Ըստ նախագահի, գործակալությունը կայացել է, թեպետ դրա ստեղծման ժամանակ թերահավատությունը մեծ էր եւ թվում էր, թե պետք է մրցակցի նախարարությունների հետ։ Սակայն ճիշտ բանաձեւը, համեմատելով այլ երկրների կայացած կառույցների հետ, հաջողվեց գտնել։ Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց, որ բացի ներդրումների խրախուսումից, ԶՀԳ-ն ակտիվ դերակատարություն պետք է ունենա արտահանման խրախուսման հարցում։ Մեր երկրի արտաքին առեւտրի հաշվեկշիռն այնպիսին է, որ արտահանմանը հատուկ ուշադրություն պետք է դարձվի։ Բացասական հաշվեկշիռը նշանակում է, որ այդքան ծավալի ապրանք (ավելի քան 530 մլն դոլար- Ա. Մ.) սպառելովՙ մենք ֆինանսավորում ենք այլ երկրներում աշխատատեղերի ստեղծումը։
Նախագահը համոզմունք հայտնեց նաեւ, որ 2002 թ. տնտեսական լուրջ աճ ենք ունենալու, ասելով, որ կանխատեսումները ցույց են տալիս այդ հնարավորությունները։ Նույն վստահությունն այս տարվա համար Ռոբերտ Քոչարյանը հայտնեց նաեւ ներդրումների առումով։ «Ես ամեն ինչ կանեմ, որ նախընտրական տարի լինելու հանգամանքը չխանգարի դրան», նշեց նախագահը։
Այդուհանդերձ, կցանկանայինք նշել, որ Զարգացման հայկական գործակալության հաջող գործունեության մասին խոսելը դեռեւս վաղ է, չնայած վերջինս արդեն 5-րդ տարին է, ինչ ստեղծվել է։ Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնք փաստում են, որ 2001 թ. օտարերկրյա ներդրումները կազմել են 110 մլն դոլար։ Սա մոտ 77 մլն դոլարով պակաս է 2000 թ. ցուցանիշից։ Որքան էլ դա փորձենք արդարացնել անցյալ տարի «Արմենտելի» ներդրումների գերակշռող առկայությամբ, այնուամենայնիվ, դրանք եղել են ավելի քիչ, քան վերոնշյալ 77 մլն դոլարը (մոտ 35 մլրդ դրամՙ 70 մլն դոլար)։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ