Անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին իր հայ անդամների հայտարարությամբ աշխատանքները դադարեցրած կամ սառեցրած «Թուրք-հայ հաշտեցման հանձնաժողովը» մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքները, այս անգամ կազմի որոշ փոփոխություններով։ Այս մասին բացահայտող հայտարարությամբ հանդես է եկել օրերս Մ. Նահանգներում հայ եւ թուրք գիտնականների մասնակցությամբ կայացած սիմպոզիումի մասնակից մի թուրք լրագրող, որը թեեւ չի նշել իր տեղեկության աղբյուրը, սակայն հասկացրել է, որ այն վերոհիշյալ հանձնաժողովի անդամներից մեկն է։
Թուրք լրագրողը տեղեկացրել է նաեւ, որ թուրքական կողմից իր աշխատանքները հանձնաժողովում դադարեցրել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը, իսկ հայկական կողմից 4 անդամների վրա ավելացել է նոր անունՙ Սամվել Դեմիրճյան, որ կրտսեր որդին է ՀՀ Ազգային ժողովի հանգուցյալ նախագահ, քաղաքական մեծ գործիչ Կարեն Դեմիրճյանի։ Այդպիսով հավասարվել է հանձնաժողովում հայ եւ թուրք մասնակիցների թիվը։ Նույն լրագրողի ասելով, հանձնաժողովը որոշել է այսուհետեւ աշխատել առավել խորհրդապահական, գաղտնի պայմաններում։
Նույն սիմպոզիումի շրջանակներում, պրն Ս. Դեմիրճյանի հանձնաժողովի անդամ նշանակվելու նպատակահարմարության մասին ասվել է, որ վերջինս գիտի անգլերեն...
Հիշեցնենք, որ 2001 թ.-ի հուլիսի սկզբին իր պաշտոնական անդրանիկ նիստը գումարած հանձնաժողովի մյուս հայ անդամներն են Վան Գրիգորյանը (Մ. Նահանգներ), Անդրանիկ Միհրանյանը (Մոսկվա), Ալեքսանդր Արզումանյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ Երեւան)։ Նրանք հանձնաժողովում իրենց գործունեությունը դադարեցրել կամ սառեցրել էին այն պատճառաբանությամբ , որ թուրք անդամները, առանց իրենց հետ համաձայնեցնելու, դիմել էին «Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին»ՙ 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ 1948 թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության հարցի ուսումնասիրությունը դադարեցնելու հայցով։ Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե հանձնաժողովի թուրք անդամները հետ վերցրե՞լ են իրենց հայցադիմումը։