Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը սկսեց քննել Մուշեղ Սաղաթելյանի գործը։ Մինչ դատական նիստը սկսելըՙ նիստերի քարտուղարը փորձում էր հավաքվածներից տեղեկանալ գործով տուժողների մասինՙ հրապարակելով 12 անուն։ Տուժողները դեռեւս դահլիճում չէին, եւ նրանց փոխարեն ոմանք արձագանքեցին ռեպլիկով. «Այս գործով տուժողներ չկան»։
Վերջապես նշանակված ժամից որոշ ուշացումով նիստը սկսվեց։ Նախագահող Վ. Լալայանը հրապարակեց տուժողների եւ վկաների անունները։ Տուժողներից ներկայացել էին 2-ը, վկաների ստվար խմբիցՙ մի քանիսը, որոնց էլ դուրս հրավիրեցին դատարանի դահլիճիցՙ ելնելով դատաքննական անհրաժեշտությունից։ 12 տուժողներից մեկն էլ իր պատիժն էր կրում համապատասխան վայրում, եւ նա դատարանին դիմում էր ուղարկելՙ խնդրելով հիմք ընդունել իր արդեն տված ցուցմունքները։
Այս ամենից հետո, երբ դատավորի հարցերին պատասխանելու համար ամբաստանյալը կանգնեց, դահլիճում հնչեցին ծափեր ու գոչյուններ։ Հետո կրքերը ժամանակավորապես հանդարտվեցին։ Ներկայացնելով իր կենսագրությունըՙ մեղադրյալը նշեց նաեւ, որ «ֆիզիկապես ոչ լրիվ առողջ է»։ Իր պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի ավելացրած հարցին, թե մասնակցե՞լ է ՀՀ եւ Արցախի պաշտպանության մարտական գործողություններին, դրական պատասխան տվեց։ Պաշտպանը նաեւ միջնորդեց, որ դատարանը ամբաստանյալի վերջին աշխատավայրիցՙ ՆԳՆ-ից պահանջի Մ. Սաղաթելյանի աշխատանքային գործունեության բնութագիր։ Այս միջնորդությունը դատարանը որոշեց բավարարել։
Այնուհետեւ մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը։ Ներկայացնենք որոշ հատվածներ։
1991 թ. մարտի 15-ից ՀՀ ՆԳՆ Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանի պետ Մ. Սաղաթելյանը 1992 թ.-ին ծառայողական առաջխաղացման նպատակով ձեռք է բերել եւ ՀՀ ՆԳՆ կադրերի վարչություն ներկայացրել ՌԴ Բելգորոդի շինանյութերի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելու ակնհայտ կեղծ դիպլոմ։ Դրա հիման վրա նա հասել է գնդապետի կոչման եւ զբաղեցրել պատասխանատու պաշտոններ։ Ազատվել է ծառայությունից անհարգելի բացակայության եւ անձնակազմի նկատմամբ անբավարար հսկողության իրականացման պատճառով։ Չարաշահելով պաշտոնեական դիրքըՙ 1992 թ.-ին գրավոր միջնորդել է միջնակարգ-մասնագիտական կրթություն, բայց բարձրագույնի կեղծ դիպլոմ ունեցող հորաքրոջ որդուն սպայական պաշտոնի նշանակելու համար, որն էլ նմանատիպ պաշտոններում հասել է փոխգնդապետի կոչման։
1994 թ. հանդիսանալով ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետ, Մ. Սաղաթելյանը ավտոմեքենայի մեջ դաժանորեն ծեծի է ենթարկել Վ. Դորոգոնովին եւ Ռ. Զորոյանին։ Վերջինս մի քանի օր անց մահացել է։ 1996 թ.-ին արդեն ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ Մ. Սաղաթելյանը հերթապահ մասում ծեծի է ենթարկել ձերբակալված Գ. Մկրտչյանին, Ա. Արշակյանին, Դ. Վարդանյանին, Հ. Դավթյանին։ Իսկ քրեական հետախուզության վարչությունում հետագա մի քանի օրերին նա ծեծի է ենթարկել ձերբակալվածներ Ֆ. Բերիկյանին, Մ. Մեղավորյանին ու Ա. Վարդանյանին։
1999 թ.-ին կրկին ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության պետ դարձած ամբաստանյալը ծեծի է ենթարկել «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Մ. Մկրտչյանին։ Վերջինիս կալանքից ազատվելուց հետո Մ. Սաղաթելյանը «Նովոյե վրեմյա»-ի թղթակից Լ. Վահրամյանին հարցազրույց տվող Մ. Մկրտչյանին վերաբերվել է անհարգալիցՙ հայհոյելով։
Նշվածից բացի, ՆԳՆ ՔՊԻՎ պետ Մ. Սաղաթելյանին ազատազրկման դատապարտված ոմն Գ. Արզումանյանը հայտնել է, որ գիտի մի տեսաերիզի մասին, որտեղ նկարահանված է 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի կազմակերպիչներիՙ հանցագործության կատարման հարցերի քննարկումը։ Ամբաստանյալն առանց վերադասների գիտության, ձեռնամուխ է եղել այդ տեսաերիզի որոնմանը։
2001 թ.-ին ՀՀ ՆԳ մարմինների հետ համագործակցած եւ կալանքից պայմանական-վաղաժամկետ ազատված Հ. Գրիգորյանին ամբաստանյալը խոստացել է 50 հազար դոլար, գրել է տվել ակնհայտ սուտ հայտարարություն։ Այնտեղ նշվում է, որ ԱԺ-ում 1999 թ.-ի «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորված անձանց հետ ՆԳ մարմինների հանձնարարությամբ գործակալական աշխատանքներ կատարելիս իբր պարզել է, որ դա կազմակերպել են ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը։
Այսպիսով, Մ. Սաղաթելյանն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ, կատարել ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն, պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձին հանդգնությամբ չարամիտ խուլիգանություն, բռնությունների հետ զուգորդված ու տուժողի համար տանջալից բնույթ կրող նրանց արժանապատվությունը վիրավորող իշխանազանցություն։
Նման մեղադրականից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այնուհետեւ պաշտպանը միջնորդեց, որպեսզի փոխվի խափանման միջոց ընտրված կալանքը։ Նա հիմնավորեց, որ Մ. Սաղաթելյանը տարել է մի շարք վիրահատություններ, ունի խրոնիկ հիվանդություններ, քննության կներկայանա պատշաճ կերպով, ինչը երաշխավորում են մի քանի պատգամավորներ։
Մեղադրող կողմն առարկեց, նշելով, որ առողջական վիճակի հետ կապված հարցերում օգնություն ցույց է տրվում նաեւ մեկուսարանում, եւ որ 50 հազար դոլար առաջարկողը կարող է խուսափել քննությունից։ Գործով ներկա ընդամենը 2 տուժողները հարցը թողեցին դատարանի հայեցողությանը։
Դահլիճում առաջացած ակնհայտ դժգոհությունը փաստվեց պատգամավոր Արտակ Զեյնալյանի ելույթով, որով նա ցանկացավ միանալ երաշխավորողներին։ Նա դուրս հրավիրվեց դահլիճիցՙ դատավարության կարգը խախտելու համար։
Դատարանը խորհրդակցելով, որոշեց միջնորդությունը չբավարարել, որի համար դահլիճում հավաքվածները բարձրաձայն արձագանքեցին. «Ամո՜թ»։
Այնուհետեւ դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգը. հարցաքննել ամբաստանյալին, տուժողներին, վկաներին եւ ապա ուսումնասիրել քր. գործի գրավոր նյութերը։
Մեղադրող կողմը միջնորդեց տրամադրել 5 աշխատանքային օրՙ գործի նյութերին ծանոթանալու համար, որը եւ, առանց որեւէ կողմի առարկության, բավարարվեց։
Նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 21-ը, ժ. 11։00։ Եվ վերջում, իհարկե, հոտնկայս, ծափահարությունների ուղեկցությամբ դահլիճը բղավում էր. «Մուշե՛ղ, Մուշե՛ղ»։ Ինչպիսի՜ միաբանություն կտտանքների ասպետի շուրջ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ