«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2002-03-12 | #46, 2002-03-13 | #47, 2002-03-14


ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՕՐՎԱ «ՀԱՐՑԱՍԵՐ ԽՈՍՆԱԿ»

Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով նիստը սկսվեց տուժող Վազգեն Խաչիկյանի Դերենիկ Բեջանյանին ուղղված հարցերով։ Այն հարցին, թե հոկտեմբերի 27-ին դահլիճում Դ. Բեջանյանն ո՞ւմ էր զանգահարել եւ ինչո՞ւ էր զենք ուզում, ամբաստանյալը պատասխանեց, որ իր նախաքննական ցուցմունքն աղավաղում են։ Ինքն ասել է, թե եկեք, օգնեք։ Դ. Բեջանյանը ոչ մեկի վրա չի կրակել եւ կարծում է (տեղյակ չլինելով ծրագրից եւ չիմանալով ԱԺ շենքը), որ «զինվորը պետք է տեղում կողմնորոշվի»։ Հաջորդ հարցին ի պատասխան Դ. Բեջանյանն ասաց, որ այդ օրն իր աչքերն ուռած էին, որովհետեւ նախորդ օրը ընկերուհու մոտ էր եղել։ Իսկ «... դեպքերից հետո ի՞նչ գործողություններ պիտի լինեն» հարցին նա պատասխանեց, որ իրեն նման հարց դահլիճում չի տրվել, որովհետեւ այդ ժամանակ ոչ ոք իրեն հարց տալու «դուխ» չուներ։

Դատական նիստը շարունակվեց Հունանյան եղբայրների համար նրանց բացակայությամբ տեղի ունեցածի հրապարակմամբ։ Կարեն Հունանյանը հրապարակվածի համար նշեց, որ կան խեղաթյուրումներ։ Մեղադրողի հարցերից մեկում, ըստ նրա, արծարծվում է, որ Ն. Հունանյանը ցուցում է տվել չխոսելու։ Սակայն, Ն. Հունանյանի կողմից դատավարության ընթացքում արված հայտարարությունը, ըստ Կ. Հունանյանի, ոչ ցուցում է, ոչ էլ ուղղորդում։

Հարցաքննության ընթացքում օգտագործված տեսաժապավենի մասին էլ հայտնելով իր կարծիքըՙ Կ. Հունանյանը նշեց, որ որոշ դրվագներ կեղծված են։

Մնացյալ ամբաստանյալները հակասությունների մասով հարցեր Դ. Բեջանյանին չունեին։ Այդուհետ Կ. Հունանյանը հայտարարեց, որ ինքը հարցեր ունի, բայց քանի որ պատասխաններ չեն լինում, հարցերը կտրվեն ուրիշ փուլում։

Հարցադրումներ սկսեց փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը, ընթերցելով Բեջանյանի նախաքննական ցուցմունքները, փորձում էր պարզել դրանց ճշտությունը։ Սակայն, ըստ պատասխանողի, այդ ցուցմունքների միայն 2 տոկոսն է իր ասածը, մնացյալը գրել են քննիչները։ Ընդ որում, իր ցուցմունքների մեծ մասը նա տվել է 4 շիշ օղի խմելուց հետո, հասկանալով, որ, ըստ իրեն, չխմելը լավ չի լինի իր համար։ Դրանից հետո ամբաստանյալն անցավ կրկին իր լադին. «Էլ ոչ մի հարցի չեմ պատասխանում»։

Այնուհետեւ, դարձյալ ու դարձյալ, հարց էր ուզում տալ Կ. Հունանյանը, ինչի իրավունքը ստացավ դատավորից։ Սակայն, մինչ հարցերը կհնչեին, Բեջանյանն, անգիր արածի պես, արագ-արագ ասաց. «Ես էլ ասեմ, որ այդ հարցերին չեմ պատասխանում»։ Ասաց ու իսկապես սկսեց չպատասխանել։ Իսկ Կ. Հունանյանը հարցնում էր, թե նախաքննական որ փուլում են ճնշումներ եղել, երբ են դրանք դադարեցվել, ովքեր են բռնություն գործադրել, ստի դետեկտոր անցել է, թե՞ ոչ եւ այլն։

Այս հարցերի կապակցությամբ եղած առարկություններին Կ. Հունանյանն արձագանքեց. «Ես պիտի խնդրեմ, որ որեւէ մեկը չմիջամտի»։ Այդուհանդերձ, առարկություն եղավ, որ հարցերը հակասությունների մասով չեն, որին ի պատասխան հարցասեր Հունանյանը սկսեց պաշտպանել իր «իրավունքները»։ Դատավորի այն դիտողությանը, թե նա իր իրավունքները բացարձակ է դարձրել, պատասխանեց, որ այդ խոսքերը զրպարտանք են եւ ոտնահարում են իր իրավունքները։

Այնուհետեւ դատարանն անցավ Վռամ Գալստյանին հակասությունների մասով հարցերին, որն անմիջապես ընդմիջվեց Կ. Հունանյանի միջամտությամբ։ Նա միջնորդում էր իրեն տրամադրել Դ. Բեջանյանին առնչվող հատորի նյութերը։ Դատավորը նշեց, որ դատարանը գրահրատարակչություն չէ, եւ որ Կ. Հունանյանն ակտիվորեն խանգարում է դատավարությանը, մինչդեռ բոլոր անհրաժեշտ նյութերը նրան տրամադրվել են։

Ի պատասխան օրվա «խոսնակ» դարձած Կ. Հունանյանն ասաց, որ դատավորը ստում է, թե իրեն նյութեր են տրամադրում։ Դրանից հետո Հունանյանի խոսափողն անջատեցին, սակայն նա չլռեց։ Դատավորը դիտողություն արեց, որ նա իրեն լկտի է պահում եւ չգիտի իր չափը։ Պատասխանը վայրկյան իսկ չուշացավ. «Ես իմ չափը գիտեմ, դուք իմացեք ձերը»։

Դատավարությունը շարունակվեց Վռամ Գալստյանի եւ մյուս ամբաստանյալների հարաբերությունների ճշտման հարցերով, որից հետո դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը։ Նրան առանց մյուսների ներկայության հարցաքննելու միջնորդությունը բավարարվեց, իսկ նիստը հետաձգվեց։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4